Ասում է պոլսահայ մտավորական Մահճուփյանը
Ամերիկայի հայկական համագումարի երեւանյան գրասենյակը հաճախ էլեկտրոնային փոստով «Ազգին» նյութեր է մատակարարում։ Դրանցից է Թուրքական պատմական ընկերության 14-րդ համագումարի մասին Իլբեր Օրթայլիի հրապարակումը։ Այդ գրասենյակը մեզ է ուղարկել նաեւ Էթիեն Մահճուփյանի «Արձագանքներ Քերքուքից» վերնագրով հոդվածը, որը հրապարակվել է «Զաման» թերթի սեպտեմբերի 16-ի համարում։
Օգտվելով առիթից նշենք, որ պրն Մահճուփյանն այն հազվագյուտ պոլսահայ մտավորականներից է, որոնք ակտիվորեն մասնակցում են Թուրքիայի ներքաղաքական կյանքին եւ տարբեր բնույթի հոդվածներով թղթակցում են թուրքական կենտրոնական թերթերին։ Մահճուփյանի հոդվածների մեջ թերեւս կարելի է առանձնացնել Հայոց ցեղասպանության առնչությամբ գրվածները, որոնք մշտապես բախվում էին երկրի ազգայնամոլ շրջանակների բուռն հակազդեցությանը։
Մահճուփյանի խնդրո առարկա հոդվածը վերաբերում է Հյուսիսային Իրաքում քրդական պետության ստեղծման հավանականությունից բխող թուրքական մտավախություններին, որոնք, ըստ նրա, բացատրվում են քաղաքական զարգացումներին համընթաց քայլեր կատարելու փոխարեն կարծրացած մոտեցումներից կառչելու պաշտոնական Անկարայի գործելակերպով։ Մահճուփյանի կարծիքով, Թուրքիան ներքին դինամիզմի թելադրանքով ելնում է շրջակա միջավայրի տարիներ շարունակ անփոփոխ գոյատեւման վարկածից։ Մահճուփյանը գտնում է. «Սա մեր շահերին համապատասխանող իրադրությունն անփոփոխ համարելու, արտաքին քաղաքականության ողջ էներգիան իրավիճակի պահպանման համար գործադրելու մոտեցումն է։ Մինչդեռ փոփոխություններն անխուսափելի են։ Ուրեմն, առավելությունների պահպանման համար պետք է մշակել մշտական փոփոխություններին համապատասխան ռազմավարություն, իսկ մենք դրա պակասը փորձում ենք լրացնել անընդհատ մեր դիրքորոշումը փոխելով։
Նրա կարծիքով, Թուրքիայի կիպրական քաղաքականությունը, որ կառուցվել է անտարբերության հիմքի վրա, հանգեց բռնակցման, ապա դաշնային եւ համադաշնային հիմունքներով պետականության ստեղծման գաղափարին, եւ վերստին կառչում է բռնակցումից։ «Ինչպիսի դիրքորոշում էլ մենք որդեգրենք,¬գրում է նա,¬միեւնույն է, մեր վերջնական նպատակը ստեղծված իրավիճակը նույնությամբ պահպանելն է»։
Մահճուփյանի կարծիքով, Թուրքիան այս հարափոփոխ դիրքորոշումը սկսել է ցուցաբերել նաեւ Հյուսիսային Իրաքի հարցում։ Ըստ նրա, Թուրքիան սկզբնական փուլում հակադրվում էր անկախ քրդական պետության կազմավորմանը, ներկայումս հակաճառում է հարցի դաշնային հիմունքներով լուծման տարբերակին։ Մոսուլի եւ Քերքուքի նկատմամբ որեւէ պահանջ չհետապնդող Թուրքիան, որն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել, հանկարծ, հանձին պաշտպանության նախարարի, ի լուր աշխարհի հայտարարում է, թե վերոհիշյալ քաղաքները «ազգային ուխտում» մաս են կազմում։ Մահճուփյանը գտնում է, որ հակասական այս երկու մոտեցումները սերտորեն կապակցված են, որովհետեւ Մոսուլն ու Քերքուքը «ազգային ուխտում» ներառելու դեպքում է, որ կարելի է Հյուսիսային Իրաքի համար նախատեսվող դաշնային լուծումը մերժելու իրավունք ձեռք բերել։ Թուրքիան դրանով իր սահմանները ազգայնական երեւակայությամբ ընդարձակելու ազդանշան է տալիս, որպեսզի Մահճուփյանի պնդմամբ ի վիճակի լինի այլ երկրի բնակիչների ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնել։
Մահճուփյանի դիտարկմամբ, Սադդամի ճնշման տակ տառապող թուրքմենների համար մատը մատին չխփող Թուրքիան, որը միանգամայն հանդուրժել է Քերքուքի արաբացումը, հանկարծ հանդես է գալիս թուրքմենների իրավունքները քրդերի ոտնձգությունից պաշտպանողի դերում։ Ըստ Մահճուփյանի, այս դիրքորոշումը եւս հեռու է փոփոխական աշխարհի ոգուն համապատասխան ռազմավարությունն արտացոլելու կարողությունից։ Ընդհակառակը, դա դառնում է ազգայնամոլ ռեֆլեքսի դրսեւորում։
Ըստ Մահճուփյանի, որքան էլ Թուրքիան չհասկանա կամ չցանկանա հասկանալ, միեւնույն է, այս ճշմարտությունը հայտնի է աշխարհին։ Նա Բարզանիիՙ թուրքական պետության ղեկավարներին ապշեցնող ինքնավստահությունը հենց դրանով է բացատրում։ Ի դեպ, Իրաքյան Քրդստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Բարզանին վերջին շրջանում անընդմեջ ընդգծում է, որ Քերքուքը Քրդստանի սիրտն է, ավելինՙ ռազմական որեւէ միջամտության դեպքում թուրքերը բախվելու են քրդական լուրջ դիմադրության, եւ ավելացնում. «Թուրքիայի առաջնահերթ խնդիրը երկրում բնակվող 15 մլն քուրդ քաղաքացիների իրադրության բարելավումն է»։
Այս ամենը հիմք է տալիս Մահճուփյանին եզրակացնելու. «Կարծում եմ, ժամանակն է, որ մենք արմատապես վերանայենք արտաքին քաղաքականության մեջ առկա ամուլ մոտեցումները։ Աշխարհը վերափոխվելու է, իսկ խնդիրները հետզհետե լուծելու են նրանք, ովքեր անմիջականորեն դրանց կրողն են։ Եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային գերտերություն դառնալ, ոչ թե զարգացումները կասեցնող, այլ բարեփոխումներին ընդառաջող երկիր պետք է դառնա»։
Հ. Չ.