Ասում է Հայաստանի ԱԱՊՎ այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Սիմոնյանցը
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Օրերս հայկական մամուլում հայտնվեց սենսացիոն հաղորդում, որ 1993 թվականի հոկտեմբերին Թուրքիան մտադրվել էր ներխուժել Հայաստանի տարածք։ Վկայաբերելով հետախուզական տվյալներ, որ իրեն հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը եւ հաստատել Երեւանում ԱՄՆ դեսպան Հարրի Գիլմորը, Հայաստանում Հունաստանի այն տարիների դեսպանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են հնարավոր սադրանքի մասին եւ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը զորքերը բարձր մարտական պատրաստության է փոխադրել։ Այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակից Սուսաննա Պետրոսյանը դիմեց գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցին, որը 1993-94 թթ. գլխավորում էր Հայաստանի ազգային անվտանգության պետական վարչությունը։
¬ Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լ. Խրիզանտոպուլոսի հայտարարությունը։
¬ Թուրքիան, իրոք, 1993 թվականի աշնանը պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա։ Ընդ որում, դա միակ դեպքը չէ. մի քանի տարի շարունակ, մի քանի անգամ Հայաստանի տարածք տարբեր ուղղություններով թուրքական զորքերի ներխուժման իրական սպառնալիք է եղել, այդ թվում եւ այն դրվագում, որի մասին ասում է Հայաստանում Հունաստանի նախկին դեսպանը։ Կարող եմ միանշանակ հայտարարել, որ թուրքական զորքերի Հայաստան ներխուժման հնարավորության մասին տեղեկատվությունը մեզ մոտ ստացվում էր ոչ միայն դիվանագիտական աղբյուրներից։ Անվտանգության խորհրդի որոշմամբ, իրոք, ձեռնարկվեցին համապատասխան միջոցներ։ Նախագահիՙ ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի աշխատակազմի որոշմամբ, գործի դրվեցին հնարավոր բոլոր ռեսուրսները, այդ թվում ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական։ Ինչպես հայտնի է, բուն ներխուժումը այդպես էլ տեղի չունեցավ։ Տեղ գտան իրական սպառնալիքներ, ընդհուպ թուրքական բանակը վերատեղաբաշխվեց Հայաստանի հետ սահմանում, հիմնվեցին կառավարման դաշտային շտաբներ, զորքերը ամբողջովին համալրվեցին ե՛ւ անձնակազմով, ե՛ւ տեխնիկայով, ե՛ւ սպառազինություններով։ Ներխուժման սպառնալիքի իրողությունը չափազանց բարձր էր։
Չեմ ուզում խոսել անմիջականորեն ժամկետների մասին, նման բնույթի սպառնալիքները մի անգամ չեն եղել 1993 թվականին, այդ թվում եւ աշնան շրջանում, որի մասին ասում է Հունաստանի դեսպանը։
¬ Իսկ ինչպե՞ս հաջողվեց կանխարգելել այդ սպառնալիքը։
¬ Կրկնում եմ, թուրքական բանակը վերատեղակայվել էր Հայաստանի հետ սահմանում. գործի էին դրվել կառավարման բոլոր կետերը։ Սպառնալիքը ավելի քան իրական էր։ Ինչպիսի մեթոդներով հաջողվեց կանխարգելել, գործնականորեն շրջափակել, կարծում եմ, որ դեռ չի եկել ժամանակը բացեիբաց տեղեկատվություն տալու այդ հարցով, ես դրա իրավունքը չունեմ։
1993 թվականին տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններում թուրքական գործոնը, որպես այդպիսին, չափազանց էական դեր էր խաղում։ Նկատի ունեմ ե՛ւ ղարաբաղյան դիմակայությունը, ե՛ւ հնարավոր բոլոր քաղաքական եւ դիվանագիտական դեմարշները, որ ձեռնարկվում էին տարբեր պետությունների կողմից, եւ բանակցությունները հնարավոր բոլոր շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում եւ հենց Թուրքիայի հետ, իսկ մյուս կողմիցՙ այդ իրադարձությունները հանգեցրին փոխհարաբերությունների սառնության եւ այլն։ Այդ ֆոնի վրա տարածաշրջանի իրադարձություններին, հատկապես ղարաբաղյան դիմակայությանը Թուրքիայի ռազմական միջամտության անմիջական սպառնալիքը մեծ էր։ Թուրքիան բավականին ակտիվ պատրաստվում էր անձամբ միջամտել ղարաբաղյան հարցին, այդ թվում եւ ռազմական ճանապարհով. դա փաստ է։
Էլ չենք խոսում այն մասին, որ Թուրքիան միշտ օգնում էր Ադրբեջանին եւ սպառազինությամբ, եւ զինամթերքով, եւ հրահանգիչներով եւ այլն. դա ինքնին այդպես է եւ ասես ֆոնային երեւույթ։ Սակայն բանն այն է, որ դա, նրանց կարծիքով, քիչ էր, եւ նրանք պատրաստվում էին իրական ներխուժման։
¬ Որքանո՞վ է այժմ իրական թուրքական ներխուժման սպառնալիքը։ Առկա՞ է արդյոք նույն չափով, ինչ 1993 թվականին։
¬ Ոչ։ Վտանգի տեսակետից, թուրքական ներխուժումն այսօր շատ ու շատ պակաս իրական է, քան 1992-94 թթ.ՙ անհամեմատելի է։ Սակայն սկզբունքորեն դա բացառված չէ։ Իրադարձությունները կարող են ծավալվել ամենաանսպասելի ձեւով եւ կարող են պայմաններ ստեղծվել, երբ գայթակղությունը Թուրքիայի համար բավականին մեծ կլինի, իսկ ընդհանուր վիճակը կնպաստի այդ բնույթի որոշման ընդունմանը, այդ պատճառով խոսել այն մասին, որ այդ վտանգը 100%-ով բացառված է, ճիշտ չէր լինի, սակայն հավանականությունը այսօրվա դրությամբ բավականին փոքր է։
¬ Ինչի՞ հետ է դա կապված, մի՞թե նրանք սկսել են ավելի իրատեսորե՞ն գնահատել իրավիճակը։
¬ Ոչ միայն դա։ Բանն այն է, որ Թուրքիային այժմ օբյեկտիվորեն շահավետ չէ մտնել որեւէ ռազմական հակամարտության մեջ, դրանից ավելի, ինչին այսօր նրանց այսպես թե այնպես կողմնորոշում եւ կոչ է անում ԱՄՆ-ը։ Դա եւ մասնակցությունն է հակաահաբեկչական գործողություններին, եւ հնարավոր ներխուժումը Իրաք եւ այլն։ Այս ֆոնի վրա Թուրքիայի համար անթույլատրելի շքեղություն կլիներ որեւէ այլ բարդություն հարուցել թուրքական զորքերի անմիջական մասնակցությամբ։
Կարծում եմ, որ նույնիսկ միայն դա միանգամայն բավական է խոսելու համար այսօրվա դրությամբ Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում Թուրքիայի մասնակցությամբ հակամարտության փոքր հնարավորության մասին։
ՍՈՒՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, «Նոյյան տապան»