ՄՈՍԿՎԱ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դաշնության խորհուրդը ակտիվորեն ներգրավվել է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների նորմալացման գործում, երկուշաբթի լրագրողներին հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը։ «Ես կանոնավորապես շփվում եմ վրաց խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ։ Կարծում եմ, Վրաստանը պետք է համարժեք քայլեր ձեռնարկի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ եւ ռուսական կողմին հանձնի ձերբակալված 12 գրոհայիններին», ընդգծել է Միրոնովը։ Այդ առնչությամբ նա «Ինտերֆաքսին» հայտնել է, որ հերթական հանդիպումը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների մասնակցությամբ կկայանա Թբիլիսիում, հոկտեմբերի 11-12-ը։