Պանկիսի կիրճում ձերբակալված ահաբեկիչներից մեկն ադրբեջանցի է
ԹԲԻԼԻՍԻ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հաստատել է իր առաջարկությունը Ռուսաստանին Պանկիսի կիրճ ուղարկել ռուս դիտորդների, որոնք «հնարավորություն կունենան հետեւել այնտեղ իրականացվող հակաքրեական եւ հակաահաբեկչական միջոցառումների ընթացքին»։ Այդ մասին Շեւարդնաձեն հայտարարել է երկուշաբթի ազգային ռադիոյի եթերում, հաղորդում է ՌԻԱ-«Նովոստին»։
Հատուկ գործողության արդյունքում, որ իրականացվել է Պանկիսի կիրճի երեք գյուղերում, ձերբակալվել են չորս զինված անձինք, որոնք հետախուզվում են քրեական հանցագործություններ կատարելու կասկածով։ Ձերբակալվածներից մեկը Ադրբեջանի քաղաքացի է, մնացածներըՙ Վրաստանի։ Ձերբակալվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք։