Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 11-րդ տարեդարձի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների մի խումբ ծառայողների ՀՀ շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու մասին։
Ազգային մշակույթի եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար, Հանրապետության նախագահի նույն օրվա հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են.
Վլադիլեն Բալյանըՙ կոմպոզիտոր, Ատոմ Էգոյանըՙ սփյուռքահայ կինոռեժիսոր, Հասմիկ Կիրակոսյանըՙ Շիրակի մարզպետարանի մշակույթի վարչության պետ, Անուշ Մաթեւոսյանըՙ սփյուռքահայ բարերար, Թովմաս Պողոսյանըՙ Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի գեղարվեստական ղեկավար, Արտեմ Սարգսյանըՙ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։