Վիլյամ Սարոյանի քաղաքում հայտնի անուն «Չուգասզյան նվագախումբն» իրավ հայ երգի դեսպանն է, որի յուրաքանչյուր համերգ տոն է դառնում ոչ միայն հայրենակիցների, այլեւ օտար ունկնդիրների համար։ Նման մի իրադարձություն կարելի է համարել այն համերգը, որը խումբը տվել է Ֆրեզնոյի իսպանախոս համայնքի համար քաղաքի Դաունթաուն թաղամասի գեղեցիկ Արթ Ամերիկաս Աութդոր Փլազա սրահում։ Սա մեկն է այն ծրագրերից, որը մեր հայրենակից Ջոն Չուգասզյանի ղեկավարած խումբը պատրաստել է Կալիֆոռնիայի երկու քաղաքներիՙ Ֆրեզնոյի եւ Սան Ֆրանցիսկոյի ոչ հայախոս հանդիսականների համար. այն էՙ նրանց ներկայացնել հայկական ժողովրդական երգն ու նվագը։
Մամուլի վկայությամբ, համերգը «լավ տպավորություն է թողել իսպանախոս համայնքի վրա, որը մինչ այդ ծանոթ չէր հայկական երաժշտությանը։ Հանդիսականները շատ զարմացել եւ խանդավառվել էինՙ լսելով այդ տեսակի երաժշտական կատարումը»։
«Մոլորակ» շաբաթաթերթը մասնավորապես գրում է, որ «ունկնդիրները հմայվել էին երաժշտական գործիքների հնչյուններով եւ երաժիշտների փայլուն կատարումներով։ Մարդիկ արտահայտում էին իրենց հուզմունքըՙ ինքնակամ ռիթմիկ ծափահարություններով, թխկթխկացնելով եւ մարմնի զանազան պարային շարժումներով։ Սրահում անընդմեջ տարածվում էին «բրավո», «չտեսնված, հոյակապ, գերազանց երաժշտություն է» արտահայտությունները»։
Համերգն սկսվելուց առաջ անսամբլը ներկայացրել է եւ «Ֆրեզնո քաղաքի բանալի» պատվո պարգեւը հանձնել քաղաքի խորհրդի նախագահ Հենրի Փերեան, որը, դիմելով հանդիսականներին, ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ այսպիսի արժեքավոր նվագախումբն աշխատում է եւ համերգներով ներկայանում այս համայնքում»։
Նվագախմբի հիմնադիրներն ամուսիններ Ջոն եւ Բարբարա Չուգասզյաններն են, որոնցից առաջինը նվագում է մի քանի գործիքներ, իսկ երկրորդը խմբի միակ երգչուհին է։ Համերգային ծրագիրը բաղկացած է հայկական ժողովրդական երգերից, հայ աշուղների եւ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Դրանց թվումՙ Ջոնը, որ արմատներով Սեբաստիայից է (ծնվել է Նյու Յորքում), հատուկ տեղ է հատկացնում պատմական Հայաստանի այդ հատվածի կորած երգերին, որոնք ինքն է որոնել ու փրկել մոռացությունից եւ այժմ էլ շարունակում է որոնումները։
Նվագախումբը 8 տարեկան էՙ բաղկացած պրոֆեսիոնալ երաժիշտներից, որոնց թվում քիչ չեն Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտները։ 1999 թ. ամռանը նվագախումբը հրավիրվել է մասնակցելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնինՙ համերգներով հանդես գալով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, որի համար էլ պարգեւատրվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հուշամեդալով։
Ջոն Չուգասզյանն ավելի քան 40 տարի ծանոթ անձնավորություն է ԱՄՆ հայկական երաժշտական շրջանակներում, միաժամանակ նկարահանվել է մի քանի տասնյակ կինոֆիլմերում։
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, Արմենպրեսի թղթակից, «Ազգի» համար