Մոսկվայում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 47-րդ առաջնությունը։ Ցավոք, Հայաստանի ընտրանին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ չկարողացավ խառնվել մեդալների համար մղվող մրցավեճին։ Մրցագորգ դուրս եկած մեր վեց ըմբիշներից եւ ոչ մեկին չհաջողվեց դառնալ մրցանակակիր։ Բայց, այնուամենայնիվ, հայ 2 ըմբիշներ կանգնեցին պատվո պատվանդանի ամենավերին աստիճանինՙ արժանանալով չեմպիոնի ոսկե մեդալի։ Խոսքն իրենց գերազանց դրսեւորած օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող Արմեն Նազարյանի (60 կգ) եւ Շվեդիան ներկայացնող Արա Աբրահամյանի (84 կգ) մասին է։ Իսկ թիմային հաշվարկով հաղթանակ տոնեցին Ռուսաստանի հավաքականի ըմբիշները։
Մասնագետների կարծիքով, 60 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդներ էին համարվում Արմեն Նազարյանը, կուբացի Ռոբերտո Մոնզոնը եւ ուզբեկ ըմբիշ Դիշոդ Արիպովը։ Հայ ըմբիշն արդարացրեց մասնագետների սպասելիքներըՙ գերազանց անցկացնելով իր բոլոր գոտեմարտերը։ Եզրափակիչում Նազարյանը 3¬0 հաշվով հաղթեց լեհ Վլոդզիմիր Զավադսկուն եւ առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։
84 կգ քաշային կարգում, ըստ մասնագետների, չեմպիոնի կոչումը վիճարկողների թվում պետք է լինեին Արա Աբրահամյանը, թուրք Համզա Եռլիկայան եւ Մուհրան Վախթանգաձեն (Վրաստան)։ Արա Աբրահամյանն էլ իրեն գերազանց դրսեւորեց։ Վճռորոշ գոտեմարտը նա շահեց ռուսաստանցի Ալեքսանդր Մենշչիկովից (3¬1)։ Վերջինս կիսաեզրափակիչում բացարձակ առավելությամբ հաղթել էր 2001 թ. աշխարհի գավաթակիր եգիպտացի Մոհամեդ Էլ Ֆատահին։ Հանձին Մենշչիկովի, Արա Աբրահամյանին բավականին լուրջ մրցակից էր բաժին ընկել։ Ռուս ըմբիշը 1998 թ. աշխարհի չեմպիոնն է։ Արան կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը եւ արժանի հաղթանակ տոնեց։
66 կգ քաշային կարգում աշխարհի անցյալ տարվա չեմպիոն Վաղինակ Գալստյանը չկարողացավ պահպանել իր տիտղոսը։ Ոսկե մեդալի արժանացավ շվեդ Ջիմի Սամուելսոնը, որը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Ֆարիդ Մանսուրովին (3¬0)։ 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Աշոտ Խաչատրյանը կիսաեզրափակիչում պարտվեց ապագա չեմպիոնիցՙ ռուսաստանցի Հեյդար Մամեդալիեւից, որը վճռորոշ գոտեմարտը շահեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Նեպես Գուկուլովից (3¬0)։
74 կգ քաշային կարգում մասնագետների կանխատեսումները չիրականացան։ Չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկըՙ վրաց ըմբիշ Բադրի Խասայան պարտվեց ռուսաստանցի Վարդերես Սամուրգաշեւից։ 96 կգ քաշային կարգում հաջողությունն ուղեկցեց թուրք ըմբիշ Մեխմեթ Օզալին, որը հաղթեց եգիպտացի Կարան Մոհամեդ Իբրահիմին (3¬1)։ Եվ վերջապես, գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ամերիկացի Դրեմիլ Բայերսը, որը պարտության մատնեց հունգարացի Միխալի Դիկ-Բարդոսին (3¬0)։ Բրոնզե մեդալին արժանացավ ռուսաստանցի Յուրի Պատրիկեեւը, որը հաղթեց հույն Քսենոֆոն Կոուտսիոուբասին (3¬1)։
Հայաստանցի 6 ըմբիշներից բոլորից հաջողը Աշոտ Խաչատրյանի (55 կգ) եւ Լեւոն Գեղամյանի (84 կգ) մրցելույթներն էին, որոնք գրավեցին 4-րդ տեղը։ Աշոտը 3-րդ տեղի համար պայքարում պարտվեց իրանցի ըմբիշից, իսկ Լեւոնը կիսաեզրափակիչում զիջեց ապագա չեմպիոն Արա Աբրահամյանին։
Աշխարհի առաջնության օրերին Մոսկվայում անցկացվեց սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը, որում նոր նախագահ ընտրվեց Ռաֆայել Մարտինետին։ Նա ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինեց Միլան Էրցեգանին, որը 30 տարի շարունակ գլխավորել է ֆեդերացիան։