«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2002-09-21 | #171, 2002-09-24 | #172, 2002-09-25


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շրջայց կատարեց Էրեբունի բժշկական կենտրոնում։ Նախագահին ուղեկցում էին առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։

Կենտրոնի տնօրեն Հարություն Քուշկյանը նախասրահում հյուրերին ծանոթացրեց կենտրոնի կառուցվածքային առանձնահատկություններին, բուժանձնակազմի գիտական ներուժի ընդհանուր նկարագրին, ներկայացրեց առողջապահական բնույթի այն հրատարակությունները, որ իրականացրել են Էրեբունի բժշկական կենտրոնի մասնագետները (առաջին բուժօգնության սկզբունքների, նորածին երեխայի խնամքի, կանանց հիվանդությունների խնդիրների մասին)։ Առավել ամբողջական տեղեկատվությամբ կարեւորվում է Էրեբունի բժշկական լրատու հանդեսը։

Նախագահը եւ նրան ուղեկցող պաշտոնատար անձինք ծանոթացան կենտրոնում գործող զանազան ծառայություններին, եղան մի շարք լաբորատորիաներում, անհետաձգելի բուժօգնության, ծննդօգնության,, գինեկոլոգիայի բաժանմունքներում, անզգայացման, գաստրոսկոպիայի, օրգանների շերտային ռենտգեն կաբինետներում եւ վերանորոգված, նորագույն բուժսարքավորումներով հագեցած վերակենդանացման բաժանմունքում։

Մայրաքաղաքի Էրեբունի բժշկական կենտրոնը, որ լավագույններից մեկն է հանրապետությունում, տարեցտարի կատարելագործվում եւ համալրվում է նոր ծառայություններով։ Կենտրոնի տնօրենն այցելուներին ներկայացրեց արդեն երեք ամիս գործող անհետաձգելի բուժօգնության ծառայությունը, որ հիմնադրվել է Փարիզի Հենրի Մոնդոր հիվանդանոցի հետ համատեղ։ Բուժանձնակազմը գործում է ֆրանսիական SAMU անհետաձգելի ծառայության ստանդարտներին համապատասխան։ Նման ծառայություն հանրապետությունում գործում է միայն այս կենտրոնում, 8 շտապ օգնության մեքենաներից 5-ը գործող են, ռեանիմացիա կատարելու բոլոր հարմարությունները տեղադրված են 2 մեքենաներում, որոնցից մեկըՙ ընդհանուր ռեանիմացիայի, մյուսըՙ կարդիոռեանիմացիայի։

Հայաստանում գրանցված դեղորայքը եւ բոլոր այն բուժծառայությունները, որ սովորաբար կատարվում են համապատասխան բաժանմունքումՙ առաջին անհրաժեշտ հետազոտությունները, "RU, անալիզների զննում, կատարվում են այս մեքենաների մեջ, որոնք ապահովված են մոնիտորով, կարդիոմոնիտորով, թթվածնով եւ այլ անհրաժեշտ սարքավորումներով։ Հատուկ ռադիոհեռախոսակապի միջոցով իրականացվում է հիվանդ-դիսպետչեր-բուժանձնակազմ կապը եւ արդեն մեքենայում հիվանդին ցուցաբերվում է լիարժեք բուժօգնություն։ Առայժմ 250 կանչերի դեպքերում, Երեւանից մինչեւ Ղափան, հիվանդների զննումը կատարվել է բուժման ողջ ծավալով։ Կարեւոր հանգամանք է վարորդների լավատեղյակ լինելը տեղանքին, քանի որ շտապ կանչերի դեպքում 1¬2 րոպեն նույնպես նշանակություն ունի։ Յուրաքանչյուր հիվանդության դեպքում եղած հատուկ արձանագրությունները թույլ չեն տալիս բժշկական անհրաժեշտ միջոցառումներից որեւէ շեղում։ 10.000 դրամի սահմաններում այս ծառայությունը նաեւ զեղչային համակարգ է ներառում, եւ արվում է ամեննՙ ի նպաստ հիվանդի։

Կենտրոնում գործող անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն իր ամբողջական ծավալով եւս նորություն է։ Հիվանդանոցի առաջին հարկում տարբերՙ դիագնոստիկայի, կոմպյուտերային տոնոգրաֆիայի, սոնոգրաֆիայի, ռենտգենային ծառայությունների կենտրոնացումը բավականին դյուրացնում է հիվանդների վիճակըՙ ազատելով նրանց քաշքշուկներից։

Նախագահի շրջայցն ավարտվեց աշխատանքային խորհրդակցությամբՙ բուժանձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, որին լրագրողների մուտքը չարտոնվեց, ուստի խորհրդակցության մասին տեղեկություններն ըստ նախագահի մամլո գրասենյակից մեզ տրամադրված մամլո հաղորդագրության է։ Նախագահ Ռ. Քոչարյանն իր դրական տպավորություններն է հայտնելՙ նշելով, որ առողջապահության ոլորտում, չնայած զգալի թերություններին, արվում են որոշակի քայլեր եւ առկա է նկատելի տեղաշարժ։ Իրականացվող բարեփոխումների հիմքում ընկած է երկու բազային սկզբունք, որ փորձել է կիրառել պետությունը, նախՙ ֆինանսավորել ոչ թե հիվանդանոցը, այլ հիվանդին եւ ապաՙ ապահովել բժշկին ընտրելու հիվանդի իրավունքը։

Հրատապ համարելով համակարգի օպտիմիզացման հարցըՙ նախագահը մասնավորապես կարեւորել է գյուղական բնակավայրերում ամբուլատորիաների կառուցումը եւ ընտանեկան բժշկի ինստիտուտի կիրառումը։

Առողջապահության համակարգում 6,9 մլրդ դրամ կուտակված պարտքի մարման պարտականությունը, ըստ նախագահի, պետությունը կարող է իրականացնել, որի գործընթացն արդեն սկսվել է։ Նախագահը զրույցի ընթացքում պատասխանել է բուժանձնակազմին հետաքրքրող հարցերին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4