ԹԲԻԼԻՍԻ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վրաստանը հրաժարվում է ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համատեղ գործողություններ վարելուց, հաղորդում է ՌԻԱ-«Նովոստին»։ Ինչպես երկուշաբթի Թբիլիսիում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարիշվիլին, «կարգուկանոն Վրաստանի տարածքում հաստատելու են միայն վրացական հատուկ ծառայությունները»։ «Վրաստանը ի զորու է ինքը լուծելու խնդիրը, բայց մենք բարդություններ ունենք մատակարարման եւ ապահովման հետ, եւ մենք կընդունենք օգնությունն այդ ոլորտում, սակայն անօգուտ է զորակազմ առաջարկելը։ Ես խորհուրդ կտայի նրանց, ում համար դա դարձել է սեւեռուն գաղափար, մոռանալ այդ մասին»,- ընդգծել է Մենաղարիշվիլին։ «Եթե Ռուսաստանը ցանկանա մեզ օգնություն առաջարկել, մենք դրանից չենք հրաժարվի. ռուս, ամերիկացի եւ այլ դիտորդներ կարող են ներկա լինել, նայել եւ տեղեկություններ հավաքել, բայց ոչ ավելին»,- ասել է նախարարը։ Ընդ որում նա եզրակացրել է, որ «եւ ոչ մի համատեղ ուժային գործողությունների մասին խոսք անգամ չի կարող լինել»։