Հոկտեմբերի 20-ին հանրապետության 666 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի, իսկ 645-ումՙ ավագանու ընտրություններ։ Երեկ լրացավ համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերիՙ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը։
Սեպտեմբերի 25¬29-ը սահմանված է որպես ժամկետ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից թեկնածուների գրանցման համար։ Սեպտեմբերի 30-ից արդեն գրանցված թեկնածուները կարող են սկսել նախընտրական քարոզչությունը։
Թերեւս նույն ժամանակահատվածում էլ կիմանանք, թե 666 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնին քանի թեկնածու է հավակնում։ Կիմանանք նաեւ, թե 645 համայնքների ավագանու անդամի քանի թեկնածու է պայքարելու ընտրվելու համար։
Սա վիճակագրությունն է։ Ավելի կարեւոր է այն հանգամանքը, թե թեկնածուների որ մասը կունենա կուսակցական պատկանելություն եւ որ մասն էլ, լինելով ազատ, կունենա այս կամ այն կուսակցության աջակցությունը։
Ապացուցման կարիք չունի այն պարագան, որ այս տարվա հոկտեմբերի 20-ին կայանալիք տեղական ընտրությունների նկատմամբ ընդգծված կուսակցական հետաքրքրություն կա։ Սա, թերեւս, վկայում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն արդեն որոշակի դերակատարում ունեն, այլապես դրանք չէին կարեւորվի։ Բայց, մյուս կողմից, տեղական ընտրությունների քաղաքականացումը ցույց է տալիս, որ համայնքները կայացման երկար ճանապարհ ունեն անցնելու։
Ինչեւէ, ընտրությունների ժամանակացույցը մոտենում է քվեարկության օրվան։ Այդ ընթացքում դեռ կիրականացվեն մի շարք նախապատրաստական աշխատանքներ։ Նախ, սեպտեմբերի 25¬28-ը կառաջադրվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները։
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12։00-ին ընտրական հանձնաժողովները կհրավիրեն իրենց առաջին նիստը։ Մինչեւ հոկտեմբերի 17-ը համայնքների ղեկավարները ընտրողների ցուցակների վերջնական տարբերակները կհանձնեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին։
Ապա կմնա միայն քվեարկության օրըՙ հոկտեմբերի 20-ը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ