Սեւան քաղաքը եւ Սեւանի մերձափնյա տարածքը բոլոր ժամանակներում էլ եղել է Հայաստանի համար ռազմավարական կարեւոր շրջան։ Ու միշտ եղել է ուշադրության կենտրոնում, անկախ նրանից, թե ինչպիսի մոտեցում են ցուցաբերել ժամանակի իշխանավորները։
1998-ից, տասը տարի շարունակ, նա կերակրեց Հայաստանը, որովհետեւ ամենաէժան սննդամթերքը եղավ եւ մինչ օրս էլ մնում է Սեւանի սիգը։ Գոնե այս իմաստով արժեր, որ հատուկ հոգատարություն ցուցաբերվեր երկրի իսկապես կարեւոր արժեքի նկատմամբ։ Սակայն սոսկ վերջերս է փոքր-ինչ ուշադրություն դարձվում, մշակվում են ծրագրեր, որոնց իրականացման համար հսկայական ջանքեր են պահանջվում։
Այս եւ այլ հարցերի մասին վերջերս խոսեցին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության անդամներ Մեխակ Գեւորգյանը եւ Մեսրոպ Հարությունյանը։ Հանդիպման առիթը սոսկ քաղաքական խոսակցությունները չէին։ Այստեղ ձեւավորվեց ՀՌԱԿ «Սեւան» ակումբըՙ կուսակցության սկզբնական առաջին կազմակերպությունը Սեւան քաղաքում, որին անդամագրվեցին 30 նորագիրներ։ Ակումբի վարչության առաջին նիստում «Սեւան» ակումբի ատենապետ ընտրվեց «Սեւան» ազգային պարկի աշխատակից Նորիկ Խալաֆյանը։
Ս. Մ.