Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը։
Ժողովը լսել է փոխատենապետ, տեղական կառավարման մարմինների նախընտրական շտաբի պետ Հարություն Առաքելյանի հաղորդումը հոկտեմբերի 20-ին կայանալիք ընտրություններին կուսակցության մասնակցության մասին։ Արձանագրվեց, որ հանրապետության տասնյակ համայնքներում առաջադրված են ՀՌԱԿ անդամ եւ կուսակցության համակիր թեկնածուներ։ Առաջարկվեց եւ հաստատվեց միջոցառումների ծրագիրՙ ի պաշտպանություն ՀՌԱԿ թեկնածուների։
Վարչությունը հաստատեց սեպտեմբերի 28-ին Թեքեյան կենտրոնում հրավիրվելիք «Կլոր սեղանի» ընթացակարգը։ «Ազգային հիմնախնդիրներ» շարքի այս տարի տեղի ունեցած թվով երրորդ ձեռնարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հրատապ հարցերին։ Կլոր սեղանին մասնակցելու է ՀՀ արտաքին գործերի նախարարը, հրավիրվելու են մասնագետներ, ՀՌԱԿ ակումբների ատենապետներ։
Հաստատվեց նաեւ սեպտեմբերի 28¬29-ը Երեւանում տեղի ունենալիք ՀՌԱԿ ակումբների ատենապետների եւ գործիչների երկօրյա սեմինար-խորհրդակցության ընթացակարգը։
ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Մեխակ Գեւորգյանը հանդես եկավ հաղորդումովՙ կուսակցության նախապատրաստվելիք ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի ընթացքի մասին։
Հանրապետական վարչությունը նշեց ուսանողության շրջանում իրականացվող աշխատանքների անբավարար վիճակը։ Որոշում է ընդունվել վարչության անդամ Գառնիկ Հովակիմյանին պատասխանատու դարձնել այդ բնագավառում տարվող գործունեության համար։
Քննարկվել են մի շարք այլ հարցեր։