100 հազար է տրամադրում ականների հայտնաբերման ծրագրին
Վաշինգտոնից Հայկական համագումարի գրասենյակը հայտնում է, որ 100 հազար դոլարի չեկ է նվիրել «Մարշալ Լեգասի ինստիտուտին» (ՄԼԻ)ՙ ձեռք բերելու ականներ հայտնաբերող շներ, որոնք այդ նպատակով պետք է օգտագործվեն Հայաստանում։ Նվիրատվությունը Հայկական համագումարի անդուլ ջանքերի արդյունքն է եւ հետեւել է պետքարտուղարության այն առաջարկին, որ Մ. Նահանգները 300 հազար դոլար կտրամադրի ականազերծման ծրագրին, եթե հայկական համայնքը կարողանա մնացյալ 100 հազարն ապահովել։
«Ամերիկահայ համայնքն, առաջնորդությամբ բարերարներ Ժիրայր Կաֆեսճյանի եւ Գրեգ Բարսեղյանի, մեծ ոգեւորությամբ պաշտպանեց նախաձեռնությունը, որի օգնությամբ շատ կյանքեր են փրկվելու եւ հողը դարձյալ ոռոգելի է դառնալու», ասել է համագումարի գործադիր տնօրեն Ջոն Ջամյանըՙ տնօրենների խորհրդի փոխնախագահ Անի Թոթայի հետ չեկի հանձնման արարողության առթիվ։ Տկն Թոթան իր հերթին կարեւորել է ականազերծման աշխատանքները «Հայաստանին եւ Ղարաբաղին առավել անվտանգ ապագա ապահովելու տեսակետից»։
Հանդիսությանը ներկա է եղել Մ. Նահանգներում ՀՀ դեսպան դոկտ. Արման Կիրակոսյանը, որն իր երախտագիտությունը հայտնելով նշել է, որ ծրագիրը խորհրդանշում է հայ-ամերիկյան սերտ հարաբերությունները եւ ցույց տալիս, թե ինչ կարող են անել պրոֆեսիոնալ մակարդակի կազմակերպությունները։
ՄԼԻ-ի գործադիր տնօրեն Պերրի Բալթիմորը բացատրել է, որ ականորսման աշխատանքները միայն վարժեցված շների օգնությամբ կարելի է լավագույն ձեւով կատարել։ «Դա ամենաճշգրիտ եւ ամենավստահելի մեթոդն է», ասել է նա։
Գնահատելով համագումարի գործունեությունըՙ ականազերծման մարդասիրական ծրագրերի քաղաքական-ռազմական գործերի գրասենյակի տնօրեն Դոնալդ Պատիեռնոն նշել է, որ հայկական կողմի «առատաձեռն նվիրատվությունը կարագացնի ականապատված տարածություններն իրենց նախկինՙ բերրի վիճակին վերադարձնելու աշխատանքները»։
Հանդիսության վերջում տեղի է ունեցել հյուրասիրություն եւ ականազերծման ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմի դիտում։