«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2002-09-21 | #171, 2002-09-24 | #172, 2002-09-25


ՉԱՐԸ ԽԱՓԱՆՎԵՑ

Պուտինն ու Ալիեւը կրկին բաժանեցին Կասպիցը

«Զերկալո» թերթի մոսկովյան թղթակիցը հաղորդում է, որ ռուս-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, երբ Հեյդար Ալիեւը շամպայնի բաժակով մոտեցել է ռուս պաշտոնյաներին, վերջիններիս հետեւում կանգնած սպասավորի ձեռքից սկուտեղն ընկել է։ Ալիեւը նայել է Պուտինին ու ժպտացելՙ չարը խափանվեց։

2002 թ. ընթացքում Ադրբեջանի նախագահը հասցրել է երեք անգամ լինել Պուտինի հյուրը, ինչն ինքնին վկայություն է ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող բարելավման։ Նախ Ալիեւը պաշտոնական այց կատարեց Մոսկվա, ապա Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ մասնակցեց միջնադարի մեծանուն պարսիկ մտածող Նիզամու արձանի բացմանը։ Սեպտեմբերի 24-ին Կրեմլում երկու պետությունների նախագահների մասնակցությամբ ստորագրվեցին չորս համաձայնագրեր. այսպիսով Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ստորագրված պայմանագրերի թիվն անցավ 100-ից, որից 70-ըՙ միջպետական։

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մոսկովյան հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրել են վառելիքա-էներգետիկական ոլորտում համագործակցության խորացման վրա։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ին Բաքվի մերձակա Սանգաչալ տերմինալում հանդիսավորությամբ նշվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շինարարության սկիզբը, ինչը ենթադրում է ռուսական քաղաքական, տնտեսական ազդեցության նվազում հարավկովկասյան տարածաշրջանում։ Այդ եւ հաջորդ օրերին Պուտինը գոնե ձեւականորեն հարկ չհամարեց շնորհավորել Ադրբեջանին, իսկ ՌԴ պաշտոնյաները, այդ թվումՙ արտգործնախարար Իվանովը, սպառնալից տոնով հայտարարեցին, թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառուցումը տնտեսապես արդարացված չէ, նպատակ է հետապնդում սահմանափակել ռուսական ազդեցությունը Կովկասում։ Եթե Սանգաչալում Ալիեւի, ինչպես նաեւ նրա թուրք եւ վրացի գործընկերներ Սեզերի ու Շեւարդնաձեի ելույթները հակառուսական տարրեր էին պարունակում, ապա մի քանի օր անց, արդեն Մոսկվայում, Ադրբեջանի նախագահը բառացիորեն հայտարարեց. «Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն է»։

Ռուս-վրացական հարաբերություններում կնճռոտ խնդիրների պակաս չի զգացվում։ Դրանցից մեկը, որը նաեւ շոշափում է տարածաշրջանի մի քանի պետությունների կենսական շահերը, Կասպիցի իրավական կարգավիճակն է։ Մերձկասպյան պետություններըՙ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը եւ Ադրբեջանը, ոչ մի կերպ չեն կարողանում գտնել լճի իրավական օպտիմալ տարբերակը, ավելի պարզ ասածՙ չեն կարողանում բաժանել Կասպիցը։ Այդ հինգ պետությունները երկկողմ ֆորմատով հանդիպումների ընթացքում ինչ-ինչ համաձայնագրեր են ստորագրում, որոնք, պարզվում է, հակասում են մյուս մեկի, երկուսի կամ երեքի կենսական շահերին։ Մի քանի տարի առաջ Ռուսաստանը եւ Ղազախստանը, ապա Ղազախստանն ու Ադրբեջանը ստորագրել են համաձայնագրեր, ըստ որոնց Կասպիցի հատակը բաժանվում է հատվածների, ջուրը թողնվում է ընդհանուր։ Այս ձեւով Կասպիցը բաժանելուն դեմ են Աշգաբադն ու Թեհրանը։ Ռուսաստանն ու Ադրբեջանը երկուշաբթի օրը ստորագրեցին նմանօրինակ համաձայնագիրՙ «Կասպիցի հատակի սահմանակից տարածքների սահմանազատման» մասին։ Իրանի եւ Թուրքմենստանի բացասական արձագանքը չի ուշանա։

Մոսկվայում Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարով ավելացնել ադրբեջանական նավթի արտահանումները. անցյալ տարի այս խողովակաշարով հոսել է 2,3 մլն տոննա նավթ, այս տարի նախատեսվում է 2,5 մլն։ Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցվում է որպես Բաքու-Նովոռոսիյսկի այլընտրանք։

Ըստ «Էխո» թերթի, Պուտինը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Բաքուն օժանդակում է Մոսկվային, ահաբեկչության հետ կապված անձինք, որոնք թաքնվում էին Ադրբեջանի տարածքում, հանձնվել են ռուս իրավապահներին։ Այստեղ ավելորդ չէ նշել, որ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Բաքվում մինչ օրս գործում են Իչկերիայի չեչենական հանրապետության դեսպանատներ (կամ ներկայացուցչություններ), իսկ Պանկիսի կիրճում խմբված ահաբեկիչների մի մասը, ովքեր չեն ցանկանում կռվել, շարժվում են դեպի Ադրբեջան։

Պուտին-Ալիեւ հանդիպման ընթացքում, բնականաբար, քննարկվել է նաեւ ԼՂ հարցը, որի մասին ո՛չ ռուսական եւ ո՛չ էլ ադրբեջանական ԶԼՄ-ները մանրամասներ չեն հաղորդում։ Մյուս կողմից, համանախագահների տարածաշրջան այցի նախօրեին Ալիեւը սովորության համաձայն ռազմաշունչ հայտարարություններ է արել «Բինա» օդանավակայանումՙ Մոսկվա ճանապարհվելուց առաջ։ Ըստ «525 գազետ» պարբերականի, Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի իրականացումը խոչընդոտ չէ։ Ադրբեջանի առաջնորդը կրկին հիշել է, որ Մոսկվան 1996 թ. 1 մլրդ դոլար արժողությամբ զենք է հանձնել Հայաստանին։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4