Շարունակվում է (մինչեւ սեպտեմբերի 30-ը) Երեւանի «Առաջին հարկ» ցուցասրահում բացված նկարիչ Վարդան Թովմասյանի հատկապես վերջին տարիների գեղանկարների ցուցադրությունը։
«Մնալով դասական պլատֆորմի վրա, Վարդանն այսօր ստեղծագործում է բավական ընդգծված ու վառ արտահայտված էքսպրեսիոնիզմով, ինչը նրան թույլ է տալիս գտնել կերպարի առավել արտահայտիչ բնութագիրը, նրա հոգեվիճակըՙ հանրահայտ սկզբունքների ու կանոնների սահմաններում», գրում է այս առթիվ հրատարակված պարզ, բայց նրբաճաշակ ալբոմում արվեստագետ Էդմոնդ Միանսարյանը։
Ոճական ինքնատիպությունը պահպանելով, նկարիչը միեւնույն հաջողությամբ անդրադառնում է տարբեր թեմաներիՙ կրկես, նվագախումբ, Դոն Քիշոտ, մոդել, խաչելություն, եւ կարողանում է խորաթափանց հայեցությամբ դուրս բերել կերպարի կամ միջավայրի հոգեբանական հագեցվածությունը։ Ըստ նկարչի, չկա «պլան» հասկացություն, քանզի իրականում ամեն ինչ ավելի քան պատրանքային է։ Եվ կտավներից ստացած առաջին տպավորությունը հենց այդ պատրանքայինն է, երազայինը, որը մանրազնին դիտումից հետո է դառնում կոնկրետ, իրական, ստանում շունչ ու հոգի։
Վարդան Թովմասյանը ծնվել է 1948 թ. Երեւանում։ Գեղարվեստի ինստիտուտն ավարտել է 1976-ին։ Հայաստանի նկարիչների միության անդամ է 1985 թ.-ից։ Անհատական ցուցահանդեսներ է բացել 1976-ից ինչպես Երեւանում, այնպես էլ Բեյրութում եւ Ֆրանսիայում (Նիս, Մարսել, Փարիզ)։
Հ. Ծ.