«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


ԴԵՏՐՈՅԹԻ ՀԱՅԵՐԸ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԵՑԻՆ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ

Սեպտեմբերի 20¬21-ը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այցելեց Դետրոյթ, որը Բոստոնից հետո հանդիսանում էր Նյու Յորքում ՄԱԿ-ի 57-րդ ժողովին մասնակցելուց հետո Մ. Նահանգների հայաշատ քաղաքներում նրա հանգանակության արշավի հանգրվաններից մեկը։ Արտգործնախարարին ընկերակցում էր նրա տիկինըՙ Նանիկ Օսկանյանը, ինչպես նաեւ Մ. Նահանգներում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, արտգործնախարարի գործադիր օգնական Սալբի Ղազարյանը եւ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը։

Դետրոյթում Վ. Օսկանյանի այցելավայրերից առաջինը, ինչպես «Ազգին» գրում է Լուսի Արտաշը, հայտնի արդյունաբերող եւ բարերար Ռիչարդ Մանուկյանի «Մասկո» կորպորացիան էր։ Այստեղ պրն Օսկանյանը շնորհակալություն է հայտնել պրն Մանուկյանին արտգործնախարարության գրասենյակներն ու Վաշինգտոնում մեր երկրի դեսպանատունը կահավորելու համար, նաեւ Հայաստանի կառավարության անունից երախտագիտությունՙ Մանուկյան ընտանիքի հայրենաշեն բոլոր նվիրատվությունների համար։

Այնուհետեւ արտգործնախարարն այցելել է ՀԲԸՄ Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարան, այնուհետեւՙ Միչիգանի համալսարանի Էն Արբըր մասնաբաժին, որտեղ դասախոսել է ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի համար։

Հանգանակության ընդունելությունը տեղի է ունեցել արտգործնախարարի զարմիկ դոկտ. Զավեն Օսկանյանի շքեղ բնակարանում, որտեղ նախարարը հանդիպել է 100-ից ավելի հրավիրյալների հետ, որոնց թվումՙ կոնգրեսական Ջո Նոլենբերգը, Սիրիայի ու Լիբանանի ավագ հյուպատոսները եւ բազմաթիվ ազգայիններ։ Ընդունելության հանդիսավարն էր հայտնի հասարակական գործիչ Երվանդ Ազատյանը։ Հայաստանին նյութապես ու քաղաքականապես զորավիգ լինելու գործում ցույց տված ակտիվության համար շնորհակալություն հայտնելով դետրոյթահայությանը, պրն Օսկանյանը ներկաներին բացատրել է հանգանակության նպատակըՙ մեծացնել նախարարության հնարավորությունները միջազգային հարաբերությունների ասպարեզում մասնագետներ պատրաստելու եւ լոբբիինգի կարողականությամբ օժտելու ուղղությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4