ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Եթե ռուս-վրացական լարվածությունը հանկարծ առավել սրվի եւ ինչ-որ ռազմական իրավիճակ ստեղծվի, իրոք Հայաստանը, կարծում եմ, տուժող կողմ կլինի այդ բոլորից»,- ԱԺ սեպտեմբերի 25-ի նիստում հայտարարեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Ի պատասխան խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի հարցադրման, նախարարը մեկ անգամ եւս հաստատեց միջնորդի դերում հանդես գալու Հայաստանի պատրաստակամությունըՙ կողմերի իրեն դիմելու դեպքում, քանի որ Հայաստանը երկու երկրների հետ ունի բավականին լավ հարաբերություններ։
Վարդան Օսկանյանի կարծիքով, հոկտեմբերի 6-7-ը Քիշնեւում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովը «բավականին բարենպաստ, պատեհ առիթ է» ռուս-վրացական հարաբերությունների հարցը քննարկելու համար։
«Հակառակ, որ դեռեւս իրավիճակը լարված է մնում, ես կարող եմ ասել, որ համենայն դեպս գնում է դեպի մեղմացում», նշեց նախարարը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է Հայաստանի մոտեցումները ռուս-վրացական հարաբերությունների զարգացման հնարավոր բոլոր տարբերակների դեպքում։