Իսկ Հայաստանն ունի անկատար շատ պարտավորություններ
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր աշնանային նստաշրջանի շրջանակներում կքննարկի այդ կառույցի առջեւ մեր երկրի, ինչպես նաեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Ի թիվս Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելու առումով դիրքորոշման մշակման, Բելգիայում սեռական փոքրամասնությունների պաշտպանության, Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների հաստատման հարցերի վերաբերյալ քննարկումների, ԵԽ խորհրդարանականների այսօրվա օրակարգը ներառում է մոնիտորինգի հանձնախմբիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով զեկուցողների ելույթները։
2001 թ. հունվարի 25-ից ի վեր ԵԽ-ում մեր երկրի պարտավորությունների կատարման ընթացքն ամփոփող փաստաթղթում զեկուցողներ Իրինա Բելոհորսկան եւ Երզի Յասկերնան քանիցս ընդգծում են, որ Հայաստանը մի շարք կարեւոր պարտավորությունների թվում առայժմ չի վավերացրել նաեւ մարդու իրավունքների ու ազատությունների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը, որով պիտի վերացվի մահապատիժը։ Ավելինՙ «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ցնցված է այն փաստից, որ ՀՀ Ազգային ժողովը Քրեական օրենսգրքի նոր նախագծով էլ թողնում է մահապատժի իրականացման հնարավորություն որոշակի տիպի հանցագործությունների համար», ասվում է զեկույցում։ Զեկուցողներն ամեն դեպքում հիշեցնում են, որ ԵԽ-ում հայաստանյան պատվիրակությունը հավաստիացրել է, թե Քրեական նոր օրենսգիրքը մեր երկիրը կընդունի մինչեւ այս տարվա վերջը։
Հայաստանի հարցերով մոնիտորինգի խմբի ներկայացուցիչները նշում են, թե առաջընթաց չեն տեսնում դատաիրավական համակարգի բացարձակ անկախ դառնալու, այլընտրանքային քաղաքացիական ծառայության գաղափարն ընդունելու առումներով։ ԵԽ զեկույցը հայաստանյան իշխանությունների ուշադրությունը հրավիրում է նաեւ ոստիկանության ներկայացուցիչների կողմից հաճախ իրականացվող բռնության, չարաշահումների դեպքերի վրա։ Քննարկվող փաստաթուղթը հիշատակում է նաեւ կոռուպցիայի գոյությունը Հայաստանումՙ նշելով, այնուամենայնիվ, թե կաշառակերությունն այստեղ ավելի ծաղկուն չէ, քան հարեւան երկրներում։
Եվրախորհրդի խորհրդարանականները բացասական են գնահատում նաեւ մեր տարածաշրջանում համագործակցություն խթանելուն ուղղված ջանքերի բացակայությունը, «այնինչ հարավկովկասյան երեք երկրների անդամակցությունը եվրոպական այս կառույցին ժողովրդավարական կայունության հաստատման առումով մեծ հույս արթնացրեց եվրոպական ընտանիքում»։ Այստեղ խնդիրը հասնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ «Խորհրդարանական վեհաժողովը հույս ունի, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները կլինեն եվրոպական եւ առհասարակ միջազգային իրավունքի ու օրենսդրության սահմաններում, այն կարգով, ինչ նախատեսված է տարածքային հակամարտությունների լուծման համար»։
Զեկույցն ամփոփվում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի հաստատման գնահատականով։ Չնայած 1998-ի նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրությունները քննադատության արժանացան, բայց, ըստ մոնիտորինգի խմբի, դրանից հետո Հայաստանում գրանցվել է քաղաքական կայունություն։ «Եվ սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե որքան հիմնավոր է այդ կայունությունն ու ժողովրդավարության հաստատումը»։
Եթե ԵԽ ԽՎ-ն խիստ դատի այս զեկույցը, այդ կառույցի կանոնակարգի շրջանակներում Հայաստանին մեկ տարով կարող է զրկել քվեարկության իրավունքից։ Առավել մեղմ մոտեցման դեպքում Եվրախորհուրդը դեռեւս չիրականացված պարտավորությունների կատարման համար Հայաստանի հետ նոր ժամկետներ կհամաձայնեցնի ու կհետեւի զարգացումներին։