«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


«27»-Ըՙ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ցուցմունք տվեց Խոսրով Հարությունյանը

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստը սկսեց տարածքային կառավարման նախկին նախարար Խոսրով Հարությունյանը։

Տուժողը նշեց, որ ահաբեկչության օրը նստած է եղել վարչապետ Վազգեն Սարգսյանի կողքին։ Ըստ պարոն Հարությունյանի, ԱԺ նիստերի դահլիճ է խուժել բարձրահասակ, սպիտակ անձրեւանոցով մեկը եւ, հանելով զենքը, կրակել է վարչապետի վրա։ Տուժողը միանշանակ բացառեց, թե Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Հունանյանի միջեւ որեւէ երկխոսություն է եղել։

Առաջին րոպեներից հետո Կարեն Հունանյանը, զենքը պահելով Խոսրով Հարությունյանի ճակատին, սպառնացել է, թե երկիրը թալանելուց հետո չի՞ մտածել արդյոք պրն Հարությունյանը, որ այդ օրն իր մահվան օրն է լինելու։

Այնուհետեւ կրակոցներ են լսվել նախագահության հետեւի կողմից, պրն Հարությունյանը մոտեցել է եւ (հավանաբար դրսում եղած մարդկանց-Ա. Հ) ասել, որ ինքը Խոսրով Հարությունյանն է։ Դրանից հետո նա դուրս է եկել։ Դուրս գալիս տուժողին խուզարկել են քաղաքացիական հագուստով զինված երիտասարդներ։

Պատասխանելով հարցերինՙ Խոսրով Հարությունյանն ավելացրեց, որ մինչեւ ԱԺ նիստերի դահլիճ մտնելը կարմիր նախասրահում, իր համար տեսանելի չափով, որեւէ ոստիկանի չի նկատել։ Դա զարմացրել է ԱԺ նախկին նախագահին։

Ըստ տուժողի, «ոճրագործությունը պետականաշինության դեմ էր», եւ նպատակ ուներ նսեմացնել Հայաստանի դերն աշխարհում։

Երեկ դատարան պիտի ներկայանար նաեւ Աժ պատգամավոր Էդուարդ Մադաթյանը։ Սակայն նրա եղբայրը դատարանին տեղեկացրել էր, որ Էդուարդ Մադաթյանը Մոսկվայում էՙ որդու առողջության հարցերով։

Դատավարությունը կշարունակվի ուրբաթ օրը, եւ եթե աշխատանքային նման պարապուրդները շարունակվեն (այս էլ քանի նիստ դատարանն աշխատում է միայն օրվա կեսը), ապա դատավարության ավարտն արդեն ունեցած ընթացքի չափ գոնե հաստատ կտեւի։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4