«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ»

Երեկ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը լրատվամիջոցներին ներկայացրեց հոկտեմբերի 9¬13-ը անցկացվելիք «Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում եւ Արցախում» ծրագիրը։

Այս տարի միության օրերի ընթացքում, ի տարբերություն նախորդ տարվա կրթամշակութային միջոցառումների, կիրականացվեն գործնական ծրագրեր։ Դրանցից ՌՀՄ համար առաջնահերթ են երեքը. Հայաստանի եւ Արցախի դպրոցների կոմպյուտերիզացիա, սոցիալական զարգացման եւ մարդասիրական օգնության, ներդրումային ծրագրեր։

ՌՀՄ-ն արդեն սկսել է նշված ոլորտներին վերաբերող ծրագրերի իրականացումը։ Հաշվի առնելով, որ դպրոցների կոմպյուտերիզացիայի գործընթացը ներկա տեմպերով կտեւի շատ երկար, ՌՀՄ-ն նախատեսել էր Հայաստանի եւ Արցախի բուհերին եւ դպրոցներին բաժանել 130 համակարգիչՙ անհրաժեշտ սարքավորումներով։ Համակարգիչների որոշ մասն արդեն տրվել է դպրոցներինՙ համակարգչային դասարաններ ձեւավորելու համար։

Պրն Աղայանի խոսքերով, ՌՀՄ-ն նաեւ սոցիալական զարգացման եւ հումանիտար օգնության ծրագրեր է իրականացնում։ Մասնավորապես, ՌՀՄ օրերի ընթացքում 123 փախստականների եւ անապահով ընտանիքների կհանձնվեն Բաբաջանյան-38 եւ Բաբաջանյան-39 հասցեով հանրակացարանների բնակարանների սեփականության վկայականներ։ Ներկայումս էլ սոցիալական ուղղվածության 70 ծրագրերի նախագծեր քննարկվում են ՌՀՄ կողմից։

Ավելի հետաքրքրական էր այն հանգամանքը, որը, ըստ Վլադիմիր Աղայանի, ՌՀՄ-ն նախապատրաստվում է ներդրումային ծրագրեր իրականացնել։

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ կրթության եւ գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանը։ Նա նշեց, որ դեռեւս 2001 թ.-ի հուլիսին է ԱԺ-ն ընդունել «ՀՀ կրթության համակարգի զարգացման ծրագրի մասին» օրենքը։ Սակայն մինչ այսօր համակարգիչներ ունեն հանրապետության 1400 դպրոցներից միայն 250-ը, դրանք էլՙ դպրոցների բարելավման ծրագրով։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 9¬13-ն անցկացվելիք ՌՀՄ օրերին, ապա վերջինիս աշխարհագրությունը զգալի ընդլայնվել էՙ ընդգրկելով նաեւ աղետի գոտին։ ՌՀՄ փոխնախագահի կարծիքով, համակարգիչներ կբերեն նաեւ օրերին մասնակցելու համար եկող պատվիրակության անդամները։

Նման նախաձեռնությունը միանշանակ ողջունելի է, առավել եւս, եթե հայ գործարարները հետեւեն կրթության ու սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ ՌՀՄ-ի կողմից ցուցաբերվող ուշադրության օրինակին։ Իսկ եթե սփյուռքի եւ տեղացի գործարարներն իրագործեն ներդրումային ծրագրեր, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը կարող է հաստատապես բարելավվել։

Հուսանք, որ ՌՀՄ-ն իր սկսածը կհասցնի ավարտին եւ, ինչպես կազմակերպության փոխնախագահն ասաց, 40 տարվա փոխարեն 3 տարում ՀՀ-ի եւ Արցախի դպրոցները «կզինվեն» համակարգիչներով։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4