«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


ԿԵՂԾ ԵՎ ԻՐԱՎ ՀԻՎԱՆԴՆԵՐ

Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ ՀՀՇ-ն եւ անտուրաժը Անկախության տարեդարձը նշեցին մեկուսի, իրենց կենտրոնավայրում։ Բնականաբար։ ՀՀՇ-ն միշտ էլ իրեն համարել է Անկախության հայր, միայնա՛կ հայր, եւ նախանձախնդիր կերպով հսկել, որ ոչ ոք այդ գործում չհավակնի իրեն եղբայր, անգամ քույր լինելու։ Իսկ ինչ վերաբերում է Անկախության մորը, ՀՀՇ-ն դեռեւս 1990 թվականից արհամարհել է ժողովրդին։

Ի տարբերություն նախորդի, այս տարի Անկախության ՀՀՇ-ական հավաքին ներկա չէր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանը։ Թերթերը գրեցին, թե նրա բացակայության պատճառը վատառողջությունն էր, թե այս օրերի գրիպը չի շրջանցել նաեւ նրան։ Ուրիշներ, բնականաբար, ենթադրեցին, որ Լ. Տեր¬Պետրոսյանը չէր ներկայացել, խուսափելու համար լրագրողների նույնքան բնական հարցումիցՙ առաջադրվելո՞ւ է առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու։

Անշուշտ, ոչ ոք չի կարող բացառել Լ. Տեր¬Պետրոսյանի հիվանդանալու կարողականությունը։ Սակայն նրա իմեյջ-մեյքըրները պետք է լավ գիտակցեն այլեւս, որ առաջին նախագահն արդեն քանի առիթներով իր բացակայությունները պատճառաբանում է վատառողջությամբ։ Իսկ այս հանգամանքը հղի է հետադարձ հարվածի հնարավորությամբ. հասարակությունը կարող է ավելորդ հարցասիրություն հանդես բերելՙ ինչո՞ւ եք ուզում առաջադրել մի մարդու, որն անընդհատ հիվանդ է։

Անկախության այս տարեդարձն առիթ հանդիսացավ ի հայտ բերելու մեկ այլՙ արդեն իսկական հիվանդի։ Եթե մինչ այդ կային կասկածներ, ապա այս անգամ բոլոր կասկածները փարատվեցին եւ վաղուց զգացվող պարանոյան այս մարդու մոտ հաստատվեց։ Մերժելով ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված հրավերըՙ մասնակցելու սեպտեմբերի 21-ին «Կ. Դեմիրճյան» կենտրոնում Անկախության օրվա ընդունելությանը, այս մարդը թերթերից մեկում ասաց. «Դա նման է ժանտախտի ժամանակ կազմակերպված խրախճանքի։ Նման բան ես ինձ թույլ տալ չեմ կարող»։ Ու հերոսաբար կամ, ընդհակառակը, զգուշաբար, նա չգնաց։ Հիմա նա քաղաքական այն քիչ դեմքերից է, որ կարծում է, թե ժանտախտից չի տառապում։ Բայց որքան գիտենք, միջնադարյան այդ հիվանդությունից ձերբազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Նա նման խրախճանքի մասնակցել էր նախորդ տարվա Անկախության տոնին։ Ո՞նց է հասցրել բուժվել։ Թերեւս գիտեն բժիշկները, մեկ էլ ինքըՙ Արտաշես Գեղամյանը։

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4