«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Երեկ Երեւանում բացվեց այս ամսվա ընթացքում երկրորդ խոշորՙ «Արմպրոդէքսպո-2002» ցուցահանդեսը։ Սա նախորդից տարբերվում էր ավելի նեղ ուղղվածությամբ։ Այստեղ ներկայացված էին սննդարդյունաբերության եւ դրան առնչվող ապրանքները. ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ, հանքային ջրեր, բնական հյութեր, պահածոներ, հրուշակեղեն, մսամթերք, կաթնամթերք, վերամշակում անցած գյուղմթերքներ, ինչպես նաեւ փաթեթավորող նյութեր, պիտակներ, խցաններ, պոլիգրաֆիական արտադրանք։ Այս տեսականին ցուցահանդեսում ներկայացնում էին շուրջ 6 տասնյակ ձեռնարկություններ, որոնց մեծ մասի արտադրանքին մեր սպառողն արդեն ծանոթ է։ Դա թույլ է տալիս արձանագրել, որ սա մեր տնտեսության ամենակայացած եւ մյուսներից մեկ քայլ առաջ գտնվող ճյուղն է։

«Արմպրոդէքսպո-2002»-ը, որը նմանատիպ արդեն երկրորդ ցուցահանդեսն է, կազմակերպել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ԾԻԳ-ը եւ «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ն։ Ցուցահանդեսը բացեց գյուղնախարար Դավիթ Զադոյանը։ Բացման խոսքում նախարարը վստահություն հայտնեց, որ կնքվելու են հայկական ապրանքների արտահանման մի քանի խոշոր պայմանագրեր։ Նա բարձր գնահատեց հայկական սննդամթերքի որակական եւ համային հատկանիշները, ավելացնելով, որ դրանք նաեւ էկոլոգիապես մաքուր են։

Ինչպես արդեն նշեցինք, ցուցահանդեսում գերակշռում էին հայտնի ընկերությունները, սակայն դրանց կողքին իրենց ապրանքատեսակներն էին ներկայացրել փոքր եւ միջին ձեռնարկությունները։ Այսՙ կայացման փուլում գտնվող ընկերություններից մի քանիսի ներկայացուցիչներին հրավիրեցինք զրույցի։ Առաջինը Տաշիրի «Դուստր Մելանյա» ընկերության ներկայացուցիչն էր.

¬ Մի քանի տարի առաջ է ստեղծվել ընկերությունըՙ Տաշիրի պանրագործարանի հիմքի վրա։ Մեր պանիրը ավանդաբար համարվել է լավագույնը Հայաստանում։ Այժմ էլ այդ ավանդույթը մենք շարունակում ենք։ «Չանախ», «Լոռի», «Հոլանդական» եւ մի շարք այլ տեսակներ ենք արտադրում, որոնք հիմնականում սպառվում են Հայաստանում։ Սակայն մեր պանիրը նաեւ արտահանվում է։ Անցյալ տարի որոշակի խմբաքանակ ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի (USDA) օգնությամբ արտահանել ենք Մոսկվա։

Ընկերության արտադրանքը պահանջարկ ունի Եվրոպայումՙ Ֆրանսիայում, Հոլանդիայում։ Շուտով կկնքվեն այս երկրներ արտահանման պայմանագրերը։

«Չիր» ՓԲԸ, տնօրեն Տիգրան Ծատուրյան։ Ձեռնարկությունն աշխատում է 1998 թ.-ից։ Առաջին տարում ունեցել ենք ընդամենը 300 կգ չոր պտուղ, իսկ այս տարի արդեն ունենք 20 տոննա։ Հիմնականում սպառում ենք արտաքին շուկայում։ Ֆրանսիայում մեր ներկայացուցիչը, ստանալով մեր ապրանքը, իրացնում է տարբեր երկրներում։ Հիմնական խնդիրն այն է, որ մեր արտադրական ծավալները դեռեւս բավարար չեն մեծ քանակներ արտադրելու եւ արտահանելու համար։

Մեղրու պահածոների գործարան, տնօրեն Գրիշա Գրիգորյան։ Դրական փոփոխություններ կարծես թե արդեն երեւում են։ Ճիշտ է, Մեղրու նման հեռավոր վայրում աշխատելը շատ դժվար է, որովհետեւ բոլոր հարցերը լուծվում են մայրաքաղաքում։ Լինեն գնումներ կատարելը, պիտակավորումը, փաթեթավորումը, թե այլ փաստաթղթային ձեւակերպումները։ Չկան նորմալ ինտերնետ, հեռախոսային կապ եւ այլն։ Էլ չենք խոսում տրանսպորտային ծախսերի մասին։ Այդուհանդերձ, առայժմ քանակներն ու տեսականին պահպանում ենք։ Հիմնականում արտահանում ենք։ Մեր արտադրանքը փոքր քանակներով արտահանվում է եվրոպական երկրներ։ Աշխատանքը սեզոնային էՙ 8-9 ամիս։ Աշխատակիցների թիվը 30-40 հոգի է։

«Այսֆուդ» ընկերությունը ստեղծվել է 1998 թ.-ին։ Նրա արտադրանքը սառեցված կիսաֆաբրիկատներ են (խինկալի, կոտլետներ, մսով բլիթներ եւ այլն), որոնք, ընկերության ներկայացուցչի հավաստմամբ, հաջողությամբ են վաճառվում։ Ընկերությունն առայժմ իր ապրանքներն իրացնում է ներքին շուկայում։

Ցուցահանդեսն անց է կացվում «Դինամո» ընկերության մարզական դահլիճում եւ այցելուների համար բաց կլինի եւս երկու օրՙ այսօր եւ վաղը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4