«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


ՌԱԴԻՈԴԱՇՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Երեւանում տասնյակից ավելի ռադիոկայաններ են գործումՙ «Արձագանք», «Ռադիո Վան», «Ռադիո հայ», «Հիթ FM», «Ռուսկոյե ռադիո». այս շարքը կարելի է երկար թվարկել, բայց ասել, թե դաշտը կայացել է, նույնիսկ վերապահումով հնարավոր չէ։ Քաոս է տիրում ռադիոյի դաշտում, մանավանդ երբ խոսքը FM տիրույթին է վերաբերում։ Ռադիոկայանների մի մասը վերահեռարձակվում է։ Տեղականն էլՙ որոշ բացառություններով, բայց ընդհանուր առմամբ մեկը մյուսին նման, իրար կրկնող ու շատ օտարամոլ։ Փորձիր արագ-արագ մի ռադիոկայանից մյուսն անցնել, գրեթե ամենուր նույնն է։

Այս հրապարակումը պատրաստելիս զրուցեցինք մի շարք ռադիոկայանների ղեկավարների հետ։ Նրանց բոլորի պնդմամբՙ լայն սպառման ապրանք է այսպես կոչված թեթեւ երաժշտությունը, որը նախընտրում է ունկնդիրների գերակշիռ մասը։ Պահանջա՞րկն է թելադրում այսչափ օտար եւ անորակ երաժշտության առկայությունը մեր ռադիոկայաններում։ Ունկնդիրը դա է նախընտրում, սակայն ռադիոկայանները թերեւս ավելին են, քան ընդամենը լսարանի պահանջարկը բավարարող։ Խնդիր կա նաեւ լավը, բարձրարժեքը մատուցելու եւ, եթե հարկ է, ունկնդրի ճաշակը բարձրացնելու։ Այլ պարագայում սանդղակն իջնում է եւ կշարունակի իջնել։ «Ռադիո Վանն», օրինակ, քաղաքականություն է որդեգրելՙ հնարավորինս ձերբազատվել անորակ երաժշտությունից եւ ունկնդրի ցածրաճաշակ պատվերներն ընդհանրապես չկատարել։

«Որքա՞ն է հնարավոր գովազդել օտարը։ Անընդհատ տալով ռուսական, օտար երաժշտություն, մենք շուկա ենք ստեղծում առանց այդ էլ շուկա ունեցող այդ կատարողների համար։ Հետո էլ նրանց հրավիրում ենք Հայաստան, լեփ-լեցուն դահլիճ հավաքում եւ փող աշխատում։ Փող աշխատելն, իհարկե, լավ է, բայց մի քիչ էլ ազգային արժեքների մասին է պետք մտածել», մեզ հետ ունեցած զրույցում նշեց Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը։

Այս պնդումն ամենեւին էլ չի նշանակում, թե հարկավոր է միայն հայկական երաժշտություն հաղորդել, օտարն էլ է անհրաժեշտ, բայց ոչ տեղականի հաշվին։ Թե չէ, այնքան ենք օտարը տալիս, որ տեղի կատարողն էլ կամա թե ակամա սկսում է նույն ոճը կրկնօրինակել։ Պարզ էՙ նրան էլ է շուկա անհրաժեշտ։ Կարծես թե կամաց-կամաց մեր ռադիոկայանները բռնում են հայկական երգն ու երաժշտությունը քարոզելու ուղին ու այստեղ էլ պատնեշի հանդիպում։ Որքան բարձրորակ երաժշտություն են այսօր պղծում այդ բնագավառի ներկայացուցիչները։ Բարձրարժեք, լավ երգեր, իհարկե, կան, բայց սակավ քանակությամբ։

Ռադիոկայանները նպաստում են երգչի թե՛ առաջընթացին, թե՛ հետընթացին։ Հաղորդի՛ր միայն լավ երաժշտություն, տեղ մի տուր ցածրորակին, շուկա ստեղծիր քո տաղանդավոր կատարողների համար, ու, հավանաբար, դաշտի կայացմանը նպաստող քայլ կանես։

Դարձյալ ֆինանսների բացակայությանն է ամեն ինչ հանգում։ Ռադիոկայանները գրեթե ամբողջովին գովազդի հաշվին են ապրում։ Խոշոր գովազդատուն, ինչպես «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանն է ասում, նախընտրում է հեռուստատեսությունը։ Ռադիո եւ հեռուստատեսային գովազդի գները գրեթե նույնն են։ Բնականաբար, նախապատվությունը տրվում է հեռուստագովազդին։ Ռադիոկայանները «սնվում» են մանր գովազդատուի հաշվին ու բնականաբարՙ ոչ լիարժեք ու մշտական։

Գովազդային դաշտի անհավասար պայմաններից մեկն էլ այն է, որ այն ի վնաս տեղական ռադիոկայանների է, որ տեղական եւ վերահեռարձակվող ալիքները նույն գովազդային դաշտում են գործում։ Բնականաբար, ռուսական ալիքներն ավելի նախընտրելի են գովազդատուի համար։ Վերահեռարձակվող ընկերությունները փաստորեն գովազդից ունեն «մաքուր» գումար, իսկ տեղական ռադիոկայաններն, օրինակ, «Արձագանքը» սեփական հաղորդումներ են տալիս, աշխատակազմ պահում։

Այս հարցը կարգավորվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով, սակայն որպեսզի օրենքը կիրառվի, ժամանակ է հարկավոր, որպեսզի վերահեռարձակվող ռադիոկայաններն էլ օրենքով պարտադրված սեփական արտադրանք ապահովեն։ Իսկ առայժմ հիմնական արտադրանքը անորակ լրատվական թողարկումներն են, երբեմն ոչ ճիշտ, շատ դեպքերում էլՙ ուշացած, միշտ ոչ մի լեզվում, առավել եւս հայերենում գոյություն չունեցող շեշտադրումներով։ Իսկ երիտասարդության զգալի մասն էլ, ում մշտական ուղեկիցն են վերահեռարձակվող ալիքները, ակամա լուրերի այդ թողարկումներն է լսում, ու դրանք որպես հավաստի եւ կարեւոր տեղեկատվություն ընկալում։ Երեւի մոտ ապագայում այլընտրանք չի լինի, քան հայկական երաժշտությունը եթերում ավելացնելու ճանապարհը։ Եվրախորհրդին անդամակցող երկրի ռադիոկայանները կկարողանա՞ն արդյոք արտասահմանյան երգիչներին, ձայնագրման ստուդիաներին մեծ գումարներ վճարել, հարգել հեղինակային իրավունքը։ Հավանաբար այլեւս հնարավոր չի լինի տանն ունկնդրելու համար նախատեսված սկավառակները ռադիոկայաններում պտտել։

Կարեւոր է, որ յուրաքանչյուր ռադիոկայան իր ուրույն ոճը որդեգրի, ընտրի իր ուղղվածությունն ու աշխատի մի լսարանի համար։ Այլապես, ռադիոլսողն անընդհատ կշարունակի անցնել մեկ ռադիոալիքից մյուսը, այդպես էլ չգտնելով իրեն անհրաժեշտը։

Այլ խնդիրներ է հետապնդում Հայաստանի հանրային ռադիոն, որը պարտավոր է զանազանություն ապահովելՙ յուրաքանչյուր տարիքի, սեռի, ճաշակի համար։ Հայկական ոգին էլ այս ալիքն է ապահովում։ Սակայն այստեղ էլ անելիքներ շատ կանՙ ունկնդրին գոհացնելու համար։ Հավանաբար առաջին հերթին ֆինանսավորում է անհրաժեշտ։ Իսկ ֆինանսները տեղական ռադիոկայանների համար իսկապես սուղ են։ Հանրային ռադիոն, օրինակ, իր ծախսերի զգալի մասն ընդամենը մեկ հաղորդման վարձակալությունից է ծածկում։ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խոսքերովՙ «Ազատություն» ռադիոկայանի վարձակալած ժամանակի դիմաց հնարավոր է ծածկել հանրային ռադիոյի ծախսերի 30¬40 տոկոսը։

Ի դեպ, որպես ընդհանուրից տարբերվող չի կարելի չնշել «Ազատություն» ռադիոկայանը, քանի որ այն տեղական դաշտի ծնունդ չէ, բայց գործում է նույն դաշտում։ ԱՄՆ պետբյուջեից ֆինանսավորվող ռադիոժամը, որ կեսդարյա պատմություն ունի, կայացած եւ փորձառու է, ունի լուրջ տեղեկացվածություն եւ չունի ֆինանսական խնդիրներ։ «Ազատություն» ռադիոկայանի առկայությունը կարեւոր նյութական օգնություն է հանրային ռադիոյին։ Սակայն ոչ «Ազատության» հայաստանյան գրասենյակի ղեկավար Վաչե Սարգսյանը, ոչ էլ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը նպատակահարմար չգտան նշել պայմանագրով նախատեսված վարձավճարի չափը։ Արմեն Ամիրյանից տեղեկացանք, որ ոչ «Ազատություն» ռադիոկայանը, ոչ էլ նրա գործընկեր «Ամերիկայի ձայնը» բովանդակային առումով որեւէ սահմանափակման ենթակա չեն. հանրային ռադիոն ընդամենը եթերաժամ է վաճառում։

Հայտնի է, որ տասնյակ երկրներում գործող «Ազատությունն» ի սկզբանե քարոզչական նպատակներով է ստեղծվել, հետեւաբար, Վաշինգտոնի վերաբերմունքից այս կամ այն հարցի հանդեպ կամ հարաբերություններից որեւէ երկրի հետ, օրինակ, Հայաստանի հարեւանների, պայմանավորված է այն, ինչ հնչում է եթերում։ Զարմանալի չէ ուրեմն, որ պետական եւ «Ազատության» դիրքորոշումների միջեւ հաճախ հակասություններ են առաջանում։ Ինչը Հայաստանի համար, իր հարեւանների հետ ունեցած հարաբերություններում, բարդություններ կարող է առաջացնել։

Արմեն Ամիրյանի խոսքով, այլ երկրի ռադիոժամի առկայությունը Հայաստանի հանրային ռադիոյի եթերում ժողովրդավարության դրսեւորում կարելի է համարել։

Ինչեւէ, բազմակարծությունը ռադիոյի եթերում կարծես առկա է, եւ այս քանակությամբ ռադիոկայանների առկայությունից կարելի է ենթադրել, որ կա մրցակցություն։ Ինչը վաղ թե ուշ կբերի դաշտի կայացմանն ու զարգացմանը։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4