«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ, ԹԵ՞...

Առաջնորդվելով տարածաշրջանում իր շահերի գերակայությամբ եւ Միացյալ Նահանգների դրդումով Հայաստանի հետ երկխոսություն ծավալելու անհրաժեշտությամբ (որի փոխարեն Թուրքիան Մ. Նահանգներից պահանջել է Հայոց ցեղասպանության հարցը չշոշափել), Թուրքիան փորձում է ղարաբաղյան հակամարտությունում միջնորդի դեր կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Միջազգային հանրության եւ հատկապես Մ. Նահանգների կառավարության վրա լավ տպավորություն թողնելու մտահոգությամբ երեք երկրների արտգործնախարարները մի շարք հանդիպումներ ունեցան եւ իրենց պարտավորվածությունն արտահայտեցին հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Իրականությունը սակայն այն է, որ հակամարտող կողմերն անելանելի դրության են մատնված։ Այն էլ անհուսալիորեն։ Ղարաբաղի հայերն այլեւս երբեք չեն ենթարկվի ադրբեջանցիների կեղեքիչ օրենքներին։ Նրանց համար Ղարաբաղի կարգավիճակն արդեն վերջնականապես որոշված է։ Նրանք փաստացի (դե ֆակտո) անկախ մի պետություն են հիմնել իր բոլոր հատկանիշներով։ Ադրբեջանն, իր հերթին, Թուրքիայի դիվանագիտական եւ զինվորական աջակցությունը վայելելով, շարունակում է պնդել, որ Ղարաբաղն իր տարածքի մի մասն է։

Մոտակա ընտրությունների շեմին Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ներկայումս ավելի են շահագրգռված իրենց համապատասխան ընտրողներին տպավորելու, քան ամերիկյան կառավարությանը հաճոյանալու։

Անցյալ շաբաթ երեք երկրների արտգործնախարարները մարտական պատրաստվածությամբ փոխադարձ մեղադրանքներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Շուքրու Սինա Գյուրելն իր սեպտեմբերի 13-ի ելույթով սկիզբ դրեց այդ բանակռվին, ասելով, որ ղարաբաղյան չլուծված հակամարտությունը շարունակում է մնալ «տարածաշրջանի քաղաքական կայունության եւ տնտեսական բարգավաճման» գլխավոր խոչընդոտը։ Նա Հայաստանին մեղադրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները (ըստ Գյուրելի «անհապաղ դուրս բերել զորքերը ադրբեջանական տարածքներից») չկատարելու մեջ։

Հաշվի առնելով Թուրքիայի արյունալի անցյալը, նրանից պիտի ակնկալվեր ուրիշներին դաս չսովորեցնել նման հարցերում։ Թուրքիան մոտ 30 տարի, արհամարհելով ՄԱԿ-ի բազմաթիվ որոշումները, գրավյալ է պահում Կիպրոսի հյուսիսային մասը։ Թուրքիան հայերի ցեղասպանություն է գործել, էթնիկական զտման քաղաքականություն է վարում քրդերի հանդեպ եւ շարունակում է խախտել թուրք քաղաքացիների տարրական իրավունքները։

Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը, որ հանդես եկավ սեպտեմբերի 15-ին, իր ելույթի մեծ մասը նվիրեց ղարաբաղյան հակամարտությանը։ Նա ասաց, որ «Հայաստանն ագրեսիվ ազգայնամոլության, ահաբեկչության եւ տարածքային պահանջատիրության գաղափարախոսությունը բարձրացրել է պետական քաղաքականության աստիճանի»։ Նա մեղադրեց Հայաստանին «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանում անջատողական ահաբեկչական զինված խմբավորումներ» կազմելու մեջ։ Նա նաեւ մեղադրեց ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ինՙ Հայաստանին չափազանց մեղմ վերաբերվելու մեջ։ Նշելով, որ «Ադրբեջանը երբեք չի համաձայնի կորցնել իր տարածքի մի թիզն անգամ», նա սպառնաց ՄԱԿ-ի խարտիայի նախատեսումներով «ամեն քայլի դիմել պաշտպանելու իր երկրի տարածքային ամբողջականությունը»։ «Ոչ-խաղաղություն, ոչ-պատերազմ» իրավիճակը նա բնութագրեց որպես «ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ»։

Գուլիեւը նաեւ խայծ գցեց, ասելով, որ Հայաստանը կարող է օգտվել Բաքու-Ջեյհան նավթամուղից, եթե նախ կարգավորի ղարաբաղյան հակամարտությունը։ Ավելին, Ադրբեջանը առաջարկել է վերականգնել տարածաշրջանի երկրներն իրար կապող երկաթուղին, պայմանով, որ Հայաստանը համաձայնի դուրս գալ չորս գրավյալ շրջաններից։

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը սեպտեմբերի 15-ի կեսօրից հետո, նույն ամբիոնից պատասխանեց Գուլիեւի մեղադրանքներին։ Նա նշեց, որ Ղարաբաղի «դե ֆակտո» ինքնակառավարումն արդեն մոտ 10 տարի կայացած է, եւ որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել։ «Պատմական, աշխարհագրական եւ այլ առումներով Ղարաբաղի բնակչությունը վաստակել է իր պապենական հողերի վրա խաղաղորեն ապրելու իրավունքը», ասաց նաՙ իր եզրակացության մեջ մի անգամ եւս հիշեցնելով աշխարհին Հայոց ցեղասպանության մասին։ Նա իր խոր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն կառավարություններին եւ միջազգային մարմիններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ պատրաստակամություն հայտնեց համագործակցելու նրանց հետ, ովքեր ներկայումս զբաղվում են մարդկության դեմ գործված այդ ոճրագործության փաստերի ուսումնասիրմամբ։

Ամբողջ աշխարհի առաջ նման բանակռվից հետո դժվար է պատկերացնել, թե ինչպես Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կկարողանան համոզել որեւէ մեկին, որ «առաջընթաց են արձանագրում» ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բնագավառում եւ որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել մոտ ապագայում։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4