Երեկ Հայաստանի գրողների տան կլոր սրահում նախատեսված էր «Թումանյանի ընտանիքի նամականի» գրքի շնորհանդեսը։ Սակայն այնքան շատ գրասեր ու թումանյանասեր էր ներկա, որ շնորհանդեսը փոխադրվեց մեծ դահլիճ։
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն անչափ կարեւորեց Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանիՙ գիրքը կազմողի եւ ծանոթագրությունների հեղինակի աշխատանքը։ «Իսկապես նովելների մի ժողովածու է ստացվել, ասաց Լեւոն Անանյանը, նովելներ, որոնք կարդում ես մեծ հափշտակությամբ»։
Անահիտ Սահինյանը, Սվետլանա Խանումյանը, Արաքսյա Ավագյանը (Երեւանի Թումանյանի անվան դպրոցի մանկավարժ), Կառլեն Դալլաքյանը, Ազատ Եղիազարյանը, Արաքսի Սարյանը, Ֆրանկֆուրտի հայկական համայնքի ներկայացուցիչ Աչիկ Մայլեն կարեւորեցին այս հրատարակությունը։
«Այս գիրքը մեր ընտանիքի պատմությունը չէ սոսկ, ասաց Իրմա Սաֆրազբեկյանը։ Հայաստանն է այստեղ, հայ ժողովուրդնՙ իր կարոտներով, երազանքներով, ցանկություններով, իր ամեն ինչով։ Իհարկե, սա եղած նյութի մի մասն է միայն։ Հնարավորության դեպքում առավել մեծածավալ ու բովանդակալից գիրք կարելի է հրատարակել»։
Ս. Գ.