(ժամանակային առումով)
«Նաիրի Հունանյանին ճանաչել եմ որպես մաքսիմալիստի, որն ամեն ինչ սեւ ու սպիտակ գույներով էր տեսնում», «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստում հայտնեց տուժողՙ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը։
Սկսելով իր ցուցմունքըՙ տուժողը նշեց, որ ավագ Հունանյանին ճանաչել է 90-ականներից, որպես լրագրողի, երբ վերջինս մասնակցում էր Գերագույն խորհրդի նիստերին։
Ահաբեկչության սկզբում պրն Հովհաննիսյանը պատահածը լուրջ չի ընկալել, հիշելով, թե ինչպես 90-ականներին սարիթաղցի ոմն Վրեժ ներխուժել է ԳԽ նիստերի դահլիճ եւ կրակել առաստաղին։
Կարեն Հունանյանի ներխուժումից հետո, երբ տուժողը պառկած է եղել, նկատել է Նաիրի Հունանյանին։ Պրն Հովհաննիսյանի այն հարցին, թե ինչ է անում Հունանյանն այդտեղ եւ ինչ է կատարվում, Նաիրին պատասխանել է, թե պրն Հովհաննիսյանը վախենալու բան չունի, քանի որ երկիր չի թալանել։ Նույնն ավագ Հունանյանն ասել է կոմունիստներին, ավելացնելով, որ նրանք կարող են վեր կենալ, քանի որ որոշումներ պիտի ընդունվեն։
Այս ողջ ընթացքում տուժող Հովհաննիսյանը մտածել է, թե զոհեր չկան։ Միայն պառկած տեղից վեր կենալուց հետո է պրն Հովհաննիսյանը հասկացել, որ քաղաքական սպանություն է եղել։
Այդ օրը Հմայակ Հովհաննիսյանը զանգահարել է մորը։ Մայրն ասել է, որ Մոսկվայից զանգահարել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Բաբուրինը եւ թողել է հեռախոսահամարՙ իր հետ կապվելու համար։
Հմայակ Հովհաննիսյանը Կարեն Հունանյանին առաջարկել է զանգահարել Բաբուրինին։ Կրտսեր Հունանյանը մերժել է։
Այնուհետեւ Նաիրի Հունանյանը տուժողին, Ռուբեն Հակոբյանին եւ Արմեն Հակոբյանին առաջարկել է դուրս գալ ԱԺ նիստերի դահլիճից եւ պատմել իրավիճակը։ Պրն Հովհաննիսյանը, դուրս գալով, Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում հանդիպել է նախագահ Քոչարյանին եւ պատմել տեղի ունեցածը։
Հետաքրքրական 2 փաստ նշեց Հմայակ Հովհաննիսյանը։
Նախ, 1998 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբ է գնացել Նաիրի Հունանյանըՙ առաջարկելով իր ծառայությունները։
Երկրորդՙ ահաբեկչության զոհերի հուղարկավորության ժամանակ Լեոնարդ Պետրոսյանի աներձագը Հմայակ Հովհաննիսյանին ասել է, որ Լեոնարդ Պետրոսյանը շատ մտահոգված է եղել սեփական անվտանգությամբ այն պատճառով, որ Միացյալ Նահանգներից վերադարձած Վազգեն Սարգսյանը պայքար էր սկսել կոռուպցիայի դեմ։
Եթե նախորդ տուժողներն արագորեն հեռանում էին դատարանից, ավարտելով ասելիքը, ապա Հմայակ Հովհաննիսյանը «լրացրեց» նախորդների դատարկ թողած ժամանակը. նա խոսեց նիստի սկզբից մինչեւ ավարտը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ