Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ
Հազիվ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցից ղարաբաղյան խնդրում կանխապես որեւէ էական տեղաշարժ էր ակնկալվում։ Արդեն իսկ երեւանյան բարձրամակարդակ հանդիպումից հետո պարզ էր, որ հակամարտության լուծմամբ շահագրգիռ միջնորդները պարզապես նպատակ ունեն «տաք պահելու» բանակցային գործընթացըՙ պահպանելու համար այն դրական միտումները, որոնք ընկած են փարիզյան եւ քիվեսթյան պայմանավորվածությունների հիմքում։
Իսկ Մինսկի խմբի առաքելության գործնական արդյունավետության վերաբերյալ համանախագահները հստակեցված տեսակետ ունեն։ Ռուդոլֆ Փերինան, օրինակ, այս առնչությամբ Ստեփանակերտի օդանավակայանում հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եռանախագահները որեւէ տարաձայնություն չունեն։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան դիվանագետի կարծիքով, եթե Մինսկի խումբը չկարողանա լուծել ղարաբաղյան հիմնահարցը, ապա խիստ կասկածելի է այլ երկրների ներգրավմամբ դրական արդյունքի հասնելը։
Ի լրումն, Ռուսաստանի Դաշնության առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ իրենց ունեցած ավելի քան մեկժամյա հանդիպումից հետո, լրագրողների մոտ հայտարարեց, որ շատ կարեւոր են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների քաղաքական պարբերական շփումները։
¬ Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են Սադարակում եւ 4 ժամ զրուցել են։ Եթե ասելու բան չունենայինՙ պետության ղեկավարներն այդ 4 ժամը չէին վատնի, ¬ ասաց նա։
Ռուսաստանցի դիվանագետի կարծիքով, բոլոր կարգի հանդիպումներն ու բանակցությունները, ինչպես հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջեւ, այնպես էլ համանախագահների հետ, միշտ օգտակար են, եւ դա հնարավորություն է տալիս հիմնախնդրի կարգավորման գործում նոր մոտեցումներ գտնել։
ԼՂՀ ղեկավարի հետ հանդիպումից հետո, ի բացառյալ Վ. Տրուբնիկովի, համանախագահները խուսափեցին լրագրողների հարցերին պատասխանելուցՙ միաձայն հաստատելով, որ իրենք համամիտ են իրենց ռուս գործընկերոջ վերոհիշյալ ասածներին։ Շուրջ 7 ամիս առաջ, մարտ ամսին, ամերիկացի, ռուս եւ ֆրանսիացի միջնորդներն ավելի անմիջական էին լրագրողների հետ։ Եվ տվյալ դեպքում այն տպավորությունը ստեղծվեց, թե այս անգամ նրանք պարզապես էական ասելիք չունեին։
Ա. Ղուկասյանը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով հանդիպումը, նշեց, որ իրենք հայտնել են կարգավորման այս փուլի վերաբերյալ իրենց կարծիքները եւ հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաշվի կառնեն ԼՂՀ-ի մոտեցումները։ Նախագահի խոսքերով, հանդիպմանը քննարկվել է նաեւ բանակցություններում ԼՂՀ-ի ակտիվ մասնակցության հարցը, որովհետեւ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության կարգավորումը հնարավոր չէ։ Անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք ղարաբաղյան խնդրի քննարկումներին, որի մասին Երեւանում արտահայտվել էին համանախագահները, Ա. Ղուկասյանը դրական գնահատեց նման նախաձեռնությունները։ Սակայն, նախագահի համոզմամբ, բոլոր հարցերը պետք է կոորդինացվեն Մինսկի խմբի միջոցով, քանի որ ա՛յս մարմինն է զբաղվում ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ