«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2002-09-26 | #174, 2002-09-27 | #175, 2002-09-28


«ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ, ԹԵ ԻՆՉՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԼԱՎԸ, ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ»

Նշում է ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի տնօրենը

«Արմպրոդէքսպո-2002» ցուցահանդեսում ներկայացված ձեռնարկությունների գերակշիռ մասն իր կայացման ճանապարհին ստացել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) մարկետինգի աջակցության ծրագրի ֆինանսական եւ այլ աջակցությունը։ Ցուցահանդեսը համընկավ ծրագրի վերջին երկու տարիների տնօրեն Քրեյգ Ինֆանգերի պաշտոնավարման ժամկետի ավարտին, ինչն էլ նրա հետ հանդիպելու առիթ եղավ։

¬ Ի՞նչը հաջողվեց ծրագրի տնօրեն եղած 2 տարիների ընթացքում կատարել Հայաստանում եւ ի՞նչըՙ ոչ։

¬ Այս ընթացքում երեք դրական փոփոխություններ են եղել։ Առաջինըՙ այժմ Հայաստանում ունենք գյուղմթերքների վերամշակման ավելի ուժեղ եւ կայացած ձեռնարկություններ, քան երկու տարի առաջ էր։ Դրանք արտադրում են ապրանքների ավելի մեծ տեսականի։ Երկրորդն ապրանքների արտահանման գծով արձանագրված շրջադարձն է։ Այն ժամանակ ոլորտի ձեռնարկություններն ունեին մեծ քանակությամբ արտադրանք, որն իրացված չէր։ Այս ժամանակահատվածում այդ ապրանքն ամբողջովին արտահանվել եւ վաճառվել է։ Ներկայումս ակնհայտ է դարձել, որ հայկական ապրանքների սպառման հիմնական շուկաները Ռուսաստանն ու մերձբալթյան երկրներն են։ Շնորհիվ մեր մարկետինգի խմբի աշխատանքի, այդ ապրանքները կարող եք տեսնել այդ երկրների խանութներում։ Երրորդ դրական փոփոխությունն այն է, որ բարձրացել է մեր այստեղի աշխատակիցների որակավորումը։ Նրանք կարող են ցանկացած ձեռնարկությանն աջակցել արտադրության, փաթեթավորման, աշխատանքի կազմակերպման, մարկետինգի եւ այլ բնագավառներում։

Միակ հիասթափությունս այն էր, որ մենք բավականաչափ հաջողություններ չունեցանք արտադրության սանիտարա-հիգիենիկ պայմանների բարելավման առումով, ինչը շատ կարեւոր է որակի ապահովման, հետեւաբար նաեւ միջազգային շուկայում տեղ գտնելու համար։ Այստեղ մեծ աշխատանք կա դեռեւս անելու։

¬ Դարձյալ այս երկու տարվա ընթացքում որքա՞ն է կազմել ֆինանսավորումը, եւ քանի՞ ձեռնարկություն է օգտվել դրանից։

¬ Երկու տարվա ընթացքում 52¬53 ձեռնարկություններին մեր տրամադրած միայն վարկերն ու դրամաշնորհները կազմել են 6 մլն դոլար։ Իսկ եթե դրան ավելացնենք արտահանմանն աջակցելու համար մարկետինգի խմբի ջանքերըՙ ցուցահանդեսներ կազմակերպելը, ապրանքներ տեղափոխելը, գովազդ կազմակերպելը, վարձակալած տարածքի համար վճարելը եւ այլն, ապա այդ գումարին կարելի է ավելացնել եւս 1 մլն դոլար։ Այս տարվա ընթացքում տարբեր երկրներում 8 այդպիսի ցուցահանդես-վաճառքներ են կազմակերպվել։

¬ Որքա՞ն կշարունակվի մարկետինգի աջակցության ծրագիրը եւ որքա՞ն գումարներ կտրվեն առաջիկայում։

¬ Որեւէ մեկը չի կարող ասել, թե որքան կշարունակվի ծրագիրը։ Համենայն դեպս, կարող եմ ասել, որ նոր տնօրենի հետ կնքած պայմանագիրը 2 տարով է։ Բյուջեն նույնպես չենք կարող ասել, թե որքան կլինի, քանի որ որոշվում է ԱՄՆ Կոնգրեսում։

¬ Ի՞նչ եք կարծում, արդեն կայացած ձեռնարկությունները կարո՞ղ են առանց ձեր օգնության գործել։ Կարծիք կա, որ երբ նման ծրագրերն ավարտվում են, ձեռնարկություններն անկում են ապրում։

¬ Իմ աշխատանքային գործունեության հաշվետվության մեջ, որը ներկայացրել եմ դեսպանին, գրել եմ, որ նկատվում է կախվածության մեծացում մեր ծրագրից։ Այսինքնՙ զարգանում է այն տեսակետը, որ դոնորը պետք է օգնի ձեռնարկությանն ամեն ինչով։ Պետք է զգուշանալ այս մտայնությունից։ Ծրագիրն արդեն փոփոխություններ է նախատեսում այդ երեւույթը կանխելու համար։ Կան սահմանափակումներ։ Նախՙ չի տրվում այն ամբողջ գումարը, որն անհրաժեշտ է ձեռնարկությանը, երկրորդՙ տարեցտարի մեր օգնությունը նրանց նվազում է։ Սրանք նպաստում են գործարարների ինքնուրույն գործունեությանը։ Համոզված եմ, որ մեզ հետ աշխատած ձեռնարկություններից շատերը կարող են առանց մեր օգնության հանգիստ գործել եւ զարգանալ։

¬ Դա նշանակո՞ւմ է, որ այսուհետեւ ավելի շատ օգնելու եք նոր ձեռնարկություններին։

¬ Այնքան էլ մեծ չէ այն նոր ձեռնարկությունների թիվը, որոնք ի վիճակի են արտադրելու շուկայում պահանջարկ ունեցող ապրանքներ։ Շատ են մեզ մոտ եկող ձեռներեցները, որոնք կարծում են, թե իրենց ապրանքն ամենալավն է միայն նրա համար, որ հայկական է։ Եթե ես կարողանայի, ապա հայկական մտածելակերպի մեջ կփոխեի հենց սա։ Պետք չէ մտածել, թե Հայաստանում ամեն ինչ ամենալավն է, այլ ընդհակառակըՙ մտածել, փնտրել ու գտնել Հայաստանում այն ամենալավը, որը կարելի է ներկայացնել միջազգային շուկայում։ Բազմիցս եմ լսել, որ հայկական ծիրանը եւ ընդհանրապես մրգերն ամենալավն են աշխարհում։ Բերեմ մի օրինակ. Կալիֆոռնիայից մի ամերիկահայ գործարար եկել էր այստեղից ապրանքներ ԱՄՆ տանելու եւ վաճառելու։ Երբ նա տեսավ եւ համտեսեց հայկական ծիրանի չիրը, ասաց, որ որակով զիջում, իսկ գնով գերազանցում է թուրքական ծիրանի չրին։

USDA-ի աշխատակիցները 550 հազար կմ ճամփորդել են Հայաստանում, երբ նրա մի ծայրից մյուսն ընդամենը 650 կմ է։ Այսինքն, եթե լինում են լավ ապրանք արտադրողներ, ապա մենք նրանց գտնում ենք։ Իսկ այդպիսիք կան։ Ես կցանկանայի ընդգծել երեքը։ Առաջինը հայկական թեյերն ենՙ արտադրված Լոռու մարզի «Համ» ՍՊԸ-ի (տնօրենՙ Արմեն Մեհրաբյան) կողմից, երկրորդըՙ «Եվրոթերմ» ընկերության «Նոյյան» հյութերը, երրորդըՙ Արտաշատի պահածոների գործարանի տոմատի մածուկը։

¬ Դուք ինչպիսի՞ մասնակցություն եք ունեցել այս օրերին գործող «Արմպրոդէքսպո-2002» ցուցահանդեսին։

¬ Մեր ծրագրի հաջողության բանալիներից մեկն էլ ցուցահանդեսներն են։ Տվյալ դեպքում մեզ հետ աշխատող ձեռնարկություններին տրամադրել ենք նրանց մասնակցության վճարի կեսը։ Սակայն ես առավելապես կարեւորում եմ անմիջական սպառման հիմնական շուկաներում (Մոսկվա, Ռիգա, Մինսկ, Գլենդեյլ, Բեյրութ եւ այլն) նման ցուցահանդեսների կազմակերպումը։

¬ ԱՄՆ գյուղդեպարտամենտի հիմնական նպատակն ամերիկյան գյուղմթերքների արտահանումն ապահովելն է։ Սակայն երեւանյան գրասենյակը կարծես թե հակառակն է անումՙ աջակցում է տեղի արտադրանքի արտահանմանը։

¬ Իսկապես USDA-ի հիմնական խնդիրն ամերիկյան գյուղմթերքներն օվկիանոսի մյուս կողմում վաճառելն է։ USDA-ի ընդհանուր բյուջեն 70 մլրդ դոլար է։ Մենք ընդամենը մի փոքր կաթիլ ենք օվկիանոսում եւ ԱՄՆ-ի համար հիմնական մրցակից չենք կարող դառնալ։

Ինչո՞ւ ենք աջակցում Հայաստանի գյուղմթերքների արտահանմանը, որովհետեւ Հայաստանը հատուկ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ։ Հայաստանն առաջին ինքնուրույն հանրապետությունն է եղել, Կովկասում միակ կայուն, ժողովրդավարական համակարգն ունի, այստեղ երկրաշարժ է եղել, երկիրը դեռեւս սովետական համակարգից շուկային անցման ժամանակաշրջանում է։ Այս ամենն էլ ստեղծել են այդ հատուկ հարաբերությունները։

¬ Ի՞նչ կցանկանայիք ասել Հայաստանից մեկնելուց առաջ։

¬ Եթե երկու տարի հետո լինեմ այստեղ, ապա կցանկանայի ոչ թե ավելի մեծ աջակցության ծրագիր եւ ավելի մեծ թվով աշխատակազմ տեսնել, այլ, որ մեզ հետ աշխատած ձեռնարկություններն արդեն լավ կողմնորոշվում են եւ կարողանում են հաջողությամբ մրցակցել միջազգային շուկայում։ Դա կլինի պարգեւն այն երկու տարվա աշխատանքի, որ ես այստեղ կատարել եմ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4