«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2002-09-26 | #174, 2002-09-27 | #175, 2002-09-28


ՆՅՈՒ ՅՈՐՔ, ՆՅՈՒ ՅՈՐՔ...

Այսպես կրկնակի են սիրում անվանել նյույորքցիներն իրենց քաղաքըՙ փաղաքուշ երանգ հաղորդելով նահանգն ու քաղաքը միավորող այս իմաստին։ Գերժամանակակից քաղաքի առաջին երկնաքերները վեր են խոյացել դեռ անցյալ դարասկզբին, երբ աշխարհում հյուղակների, խրճիթների կողքին ճարտարապետական նվաճում էր համարվում քառահարկ շենքը։ Նյու Յորքում արդի քաղաքակրթության հիմքը, սակայն, հարկից հարկ բարձրացել է Ամերիկա գաղթած անլեգալ աշխատուժի, աֆրոամերիկացիների էժան շահագործմամբ։

Նյու Յորք, Նյու Յորք... Իր հասակով երկնակամարը կրճատած, շողք ու ապակիով հրաշապատված, քար ու մետաղի այս ահեղ խոյացումը զուր չեն համարում աշխարհի մայրաքաղաք։ Քաղաք մեգապոլիսՙ տիեզերական թռիչք հիշեցնող իր ճարտարապետությամբ եւ բազմերանգ բնակչությամբ։ Աշխարհի կապիտալի կենտրոնն իրեն է ձգել հողագնդի բոլոր ազգերի ու ազգությունների մարդկանցՙ տարալեզու, տարամորթ, տարահավատ...

Այսպիսի մի հումոր կա. ասում են, եթե «աշխարհը կործանվի» ու մնա միայն Նյու Յորքը, որպես մի Նոյյան տապան, ապա կրկին կվերականգնվի ազգերի երբեմնի տեսականին։

Սեպտեմբերի 11-ը մոռացնել տվեց այդ հումորը։ Ավելինՙ միջազգային ահաբեկիչների կողմից Նյու Յորքը թիվ մեկ թիրախ ընտրվեց։ Հրեշավոր մի մտահղացում, ինչը կարող էր ծագել միայն ատելությունից մթագնած ուղեղում։ «Երկվորյակների» կործանումը սոսկ պարտադրված փոփոխություն չէր քաղաքի հատակագծում։ Դեպի «ալլահի գիրկ» շտապող ահաբեկիչները լավ գիտեին այդ «ուղեւորության» գինը։ Փլատակների տակ մնաց մոտ երեք հազար մարդ։ ԱՄՆ տնտեսությանը պատճառվեց 102 մլրդ դոլարի վնաս։ Ցայսօր մարդկանց չի լքում ամեն մի պահի հնարավոր ահաբեկչության վախը... կայարա՞ն, փողո՞ց, մետրո՞, բնակելի շե՞նք...

Մի՞թե հնարավոր է կանխատեսել։ Սեպտեմբերի 11-ի տարելիցի օրը Վաշինգտոնում, Նյու Յորքում եւ բոլոր նահանգներում հայտարարված էր «Դելտա» բարձրագույն աստիճանի անվտանգություն։ Նախօրյակին դաշնային բյուրոն ահազանգ էր ստացել հնարավոր ահաբեկչության մասին։ Մասնավորապես նախատեսվում էր, աշխարհին ի տես, պայթեցնել Բրուկլինի կամուրջն ու ՄԱԿ-ի շենքը։

Սեպտեմբերի 11-ը որպես հետեւանք դեռ երկար է անդրադառնալու Ամերիկայի պատմական ընթացքի վրա։ «Ամերիկան երբեք այլեւս նախկինը չի լինի, նախկինը չի լինի այլեւս աշխարհը»։ Այս միտքը բազմիցս է հնչել երկրի նախագահի եւ շատ հեղինակավորների խոսքերում։ Անհանգստացնող մտայնություն է, այնպես չէ՞... Սա ակնհայտորեն պայմանավորելու է նորանոր առճակատում, ահաբեկչություն, կործանում, ինչը թերեւս ոչ մի երկրի «բերկրանք» չի պարգեւել։ Ղարաբաղյան պատերազմից սկսած մինչեւ Հարավսլավիա եւ Չեչնիա ազգամիջյան եւ միջկրոնական անհանդուրժողականության մասին միտքը խորհուրդ չէր տրվում բարձրաձայնել։ Սեպտեմբերի 11-ից հետո ի դերեւ եղավ այս կարգի դիվանագիտությունը։ Որոշակի ուրվագծվեց արաբական աշխարհ եւ ԱՄՆ հակադրությունը, որի հիմքում Պաղեստին-Իսրայել անվերջանալի հակամարտությունն է, նաեւՙ Քուվեյթի խնդիրը։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ քաղաքականությունը Միջին Արեւելքում մեկընդմիշտ հրեամետ է։ Ամերիկան այս բախումը կարող է կարգավորել ցանկացած պահի։ Սակայն դա առաջին հերթին ձեռնտու չէ հրեաներին։ Այն նշանակելու է զիջումներՙ գրավյալ տարածքների վերադարձ եւ հրաժարում 60-ական թվականներին պաղեստինցիների դեմ մղած պատերազմի նվաճումներից։ Պաղեստինի ինքնավարությունը չի բխում Իսրայելի շահերից։ Ուստի դրան չի «կարող» եւ չի ուզում հակազդել մեծավ հրեական երկիր դարձած Ամերիկան։

Ի՞նչ ունի այսօր ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ մղած մեկամյա պատերազմից հետո։ Դեռ կենդանի ու մարտունակ են «Ալ Ղաիդա» խմբավորումը եւ նրա առաջնորդ Ուսամա բեն Լադենը։ Ամերիկյան զորքերի անպտուղ ներկայությունը Աֆղանստանում գնահատվում է որպես ապագա բարդություններով հղի շրջագայություն, որն այժմ փորձ է արվում ծածկել իրաքյան հարձակման սպառնալիքով։ Այնինչ անհրաժեշտ է ի վերջո վերանայել սեփական քաղաքականությունը Միջին Արեւելքում... Այլապես բացառված չէ, ցավոք, Նյու Յորքում, ողջ Ամերիկայում եւ աշխարհում նորանոր «զրոյական հիմքերի» հավանականությունը...

Աստված մի արասցե...

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4