«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2002-09-26 | #174, 2002-09-27 | #175, 2002-09-28


«ԱՐԱՐԱՏԻ» ԵՐԹԸ

Կաննի, Մոսկվայի, Կարլովի Վարիի, Թորոնթոյի միջազգային կինոփառատոներում ցուցադրվելուց հետո Ատոմ Եղոյանի «Արարատը» հոկտեմբերին կներկայացվի նաեւ Մոնրեալի նոր կինոյի փառատոնում։

«Մենք պետք է ուշի-ուշով հետեւենք, որ ֆիլմը լայն տարածում գտնի», հայտարարել է Եղոյանը։

Այժմ «Արարատը» ցուցադրվում է Ֆրանսիայի 81 կինոթատրոններում։ «ARP» ֆրանսիական ընկերությունը գնել է կինոնկարը դեռեւս նախնական սցենարի վիճակում։ Իսկ ամերիկյան մայրցամաքում «Արարատի» ցուցադրության իրավունքը ձեռք է բերել «Միրամաքս» ընկերությունը։ Ֆիլմի երթը ամերիկյան եւ կանադական էկրաններով սկիզբ կառնի նոյեմբերի 15-ին։

«Ես վախենում էի, որ հոլիվուդյան այս խոշոր կինոընկերությունը զիջի Թուրքիայի բազմաթիվ ճնշումներին», հայտնել է Ատոմ Եղոյանըՙ Փարիզում լույս տեսնող «Նուվել դ՚Արմենի» հանդեսին տված իր հարցազրույցում։ Նրա մտավախությունը լուրջ հիմքեր ուներ, քանի որ Հայոց ցեղասպանությանը կինոյում անդրադառնալու փորձերը նախկինում կասեցվել են հենց Թուրքիայի միջամտությամբ (դեռեւս 30-ականների կեսին Վաշինգտոնի միջոցով Հոլիվուդի վրա գործադրված դիվանագիտական ճնշման պատճառով Ռուբեն Մամուլյանն ստիպված էր հրաժարվել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» էկրանավորելու իր նախաձեռնությունից)։

«Սուրբ ծննդյան տոնին «Միրամաքսը» էլեկտրոնային փոստով երկու հազարից ավելի նամակներ էր ստացելՙ մեզ հետ կնքած պայմանագիրը խզելու պահանջով», պատմում է Եղոյանը։ Բայց դրա փոխարեն կինոընկերությունը նախընտրել է դիմել գործիմաց խորհրդատուի։ Վերջինս, Եղոյանի վկայությամբ, մի մեծ թղթապանակ է ներկայացրել այն ամենի մասին, ինչ առնչվում է Ցեղասպանությանը, դրա ճանաչմանը եւ Միացյալ Նահանգներին։ Խորհրդատուն տեղեկացրել է նաեւ, որ Ռոնալդ Ռեյգանը մի զրույցի ժամանակ օգտագործել է «ցեղասպանություն» բառը։ «Բացի այդ, երբ Վայնշտայնըՙ «Միրամաքսի» ղեկավարը, եկել էր Կաննՙ «Արարատի» պրեմիերային մասնակցելու, հայտարարեց, թե իրեն հոգնեցրել է Վաշինգտոնում հիմնավորված թուրքական լոբբին, որը ժխտում է Ցեղասպանությունը, ինչպես ոմանքՙ Ողջակիզումը։ Մեզ համար սա նշանակում է մեծ հաղթանակ», շեշտել է Ատոմ Եղոյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4