Վստահեցնում է ՀՀ արտգործնախարարը
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Մտավորականության շրջանում հաճախ կամենում ես հանել դիվանագետի գլխարկդ եւ խոսել արտաքին քաղաքականության չերեւացող շերտերի մասին։ Բայց լրատվամիջոցների ներկայությունը խանգարում է։ Սա նման է այն իրավիճակին, երբ թռչունին վանդակից դուրս ես բերում, բայց կտրում եմ նրա թեւերն, այնպես որ նա չի կարողանում թռչել»։ Նման ալեգորիկ համեմատություն արեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը սեպտեմբերի 28-ին Թեքեյան մշակութային կենտրոնում ՀՌԱԿ կազմակերպած կլոր սեղանինՙ «ՀՀ արտաքին քաղաքականության հրատապ խնդիրները» թեմայով։ Ռամկավար Ազատական կուսակցության անդամների, մեր մտավորական շրջանակների, օտարերկրյա դեսպանների ու դիվանագիտական այլ ներկայացուցիչների առջեւ եւ, այնուամենայնիվ, լրատվամիջոցների ներկայությամբ, օրվա հիմնական զեկուցող Վ. Օսկանյանը հանդես եկավ մեր երկրի արտաքին քաղաքականության վերջին մեկ տարվա ընթացքի որոշ շեշտադրումներ ամփոփող ելույթով։
Ի՞նչ փոխեց սեպտեմբերի 11-ը մեր տարածաշրջանում
Ի թիվս շատ այլ գործոնների, ինչպես ռազմական գործողություններն Աֆղանստանում, մեր հարեւան Իրանի հայտնվելն ԱՄՆ-իՙ չարիքի երկրներ մատնանշող ցուցակում, իսրայելա-պաղեստինյան հակամարտության թեժացումը, ԱՄՆ-ի սպառնալիքներն Իրաքին, եւ այլն, որոնք անուղղակի ազդեցություն են ունեցել մեր տարածաշրջանի զարգացումների վրա, պրն Օսկանյանը որպես կարեւոր փոփոխություն մատնանշեց ԱՄՆ ռազմական ներկայության հաստատումը Կենտրոնական Ասիայում, եւ, որ մեզ համար առավել էական է, Վրաստանում։ «Սա նոր որակ հաղորդեց մեր հարաբերություններին Վրաստանի, նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ», հավաստեց Վ. Օսկանյանը։ Նա կարեւորեց նաեւ 907 բանաձեւի ժամանակավոր կասեցումը, որն ինչ-որ տեղ հավասարակշռեց տարածաշրջանում ԱՄՆ ռազմական համագործակցությունը։ Սակայն ԱՄՆ ռազմական ներկայությունը Վրաստանում, նաեւ Պանկիսի կիրճի շուրջ ծավալվող խնդիրները հավասարակշռությունից դուրս են բերում մեր տարածաշրջանում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները, որոնք սեպտեմբերի 11-ից հետո դրական զարգացում էին գրանցել։ «Վրաստանի առումով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրումը լուրջ խզում եմ համարում, որը բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա»։
Վրաստանի միջոցով Թուրքիայի դերն ավելանում է մեր տարածաշրջանում
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների սրումից զատ ՀՀ արտգործնախարարը մատնանշեց նաեւ Թուրքիայի ներթափանցումը Վրաստան։ «Թուրքական դերի ավելացումը մեր անմիջական տարածաշրջանում մտահոգում է մեզՙ ելնելով այն հանգամանքից, որ ԼՂ հարցը դեռ չի լուծվել, ու հայ-թուրքական հարաբերություններում որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվել»։ Վ. Օսկանյանը մտահոգություն հայտնեց նաեւ Վրաստանի քաղաքական կայունության առումովՙ ներառյալ Ջավախքի խնդիրը։ «Մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես է շահարկվում Ջավախքի խնդիրն, ու արտաքին ուժերն ինչպես կարող են օգտագործել դաՙ Վրաստանն ապակայունացնելու եւ հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելու համար։ Հայ-վրացական հարաբերությունների ամրությունն էական նշանակություն ունի ոչ միայն մեր երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար, քանզի, եթե այս օղակը քանդվի, մեր տարածաշրջանում բաժանարար գծեր են ստեղծվելու։ Դժվար է պատկերացնել, թե Վրաստանի վրա ինչպիսի ճնշումներ են գործադրվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից»։
Նախարարի հավաստմամբ, բոլոր այս գործոններն ու մտահոգությունները հաշվի առնելովՙ Հայաստանը որոշ շեշտադրումներ է ուժեղացրել իր քաղաքական կուրսում, որոնք առնչվում են հատկապես մեր երկրի անվտանգությանը։ Առաջին շեշտադրումն, ըստ Վ. Օսկանյանի, նկատի է առնում հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացում։ Երկրորդը վերաբերում է ԱՊՀ շրջանակներում գործող Հավաքական անվտանգության պայմանագրին։ «Սա իր կովկասյան ուղղությամբ, որը հենվում է հայ-ռուսական համագործակցության վրա, առավել ամրացնում է մեր երկու երկրների ռազմական փոխգործակցությունը»։ Այնուհետեւ, Սովորական զենքերի եվրոպական պայմանագրին մեր մասնակցությունից զատ, պրն Օսկանյանը նշեց նաեւ ԱՄՆ-ի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը։ «Վերջինս դեռ սաղմնային վիճակում է, բայց նոր ուղղություն է բերում մեր կոմպլեմենտար քաղաքականության մեջ»։ Այստեղ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզաբանեց, որ դա չի նշանակում, թե ժամանակի ընթացքում մեր երկրում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կարող է փոխարինվել ամերիկյանով։ «Խոսքն անգամ այս երկուսի հետ համագործակցության չափը հավասարեցնելու մասին չէ, այլՙ փոխլրացնելու։ Մենք կարող ենք մեր անվտանգության քաղաքականությունն 90 տոկոսով Ռուսաստանով լրացնել, 10 տոկոսովՙ ԱՄՆ-ով։ Եվ այս սկզբունքը կիրառվում է ոչ միայն անվտանգության քաղաքականության մեջ, այլեւ տնտեսության ու մյուս բոլոր ոլորտներում»։
Մեր երկրի անվտանգության տեսակետից նախարարը կարեւորեց նաեւ Իրանի դրական ներգրավվածությունը տարածաշրջանում։ Կլոր սեղանին ներկա ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին, շեշտելով, թե ներկայացնում է իր անձնական եւ ոչ թե Իրանի պաշտոնական տեսակետն, առարկեցՙ ասելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարելի է անվանել ոչ թե կոմպլեմենտար, այլՙ պարզապես բազմակողմանի հարաբերությունների։ Դեսպանը նշեց նաեւ, թե Հայաստանը փոքր երկիր է, այնպես որ, նրա կշիռն առավել software-ային է, քան hardware-ային։
«Ի հեճուկս Ադրբեջանի, ԼՂ բանակցությունները կշարունակվեն փարիզյան սկզբունքների շրջանակում»
Հայաստանի արտգործնախարարը դրական համարեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներիՙ տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի հայտարարությունը, որ բանակցությունները կշարունակվեն փարիզյան սկզբունքների շրջանակում։ Սա, ըստ Վ. Օսկանյանի, հույսեր է ներշնչում խնդրի կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ապահովելու եւ վերջնական լուծման հասնելու առումով։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցությանը բանակցություններին, որի բացակայությամբ հետաքրքրվում էր արտգործնախարարի լսարանը, նա նախ նշեց, թե համանախագահները տարածաշրջանային այցերի ժամանակ լինում են նաեւ Ղարաբաղում։ Սրանից զատ, Վ. Օսկանյանը հիշեցրեց, որ Մինսկի խմբի ժողովվելու դեպքում Լեռնային Ղարաբաղն ընդգրկվում էր նրա կազմում, բայց հիմա գործընթացը զուտ համանախագահների հոգածության ներքո է։
Սա Ռամկավար Ազատական կուսակցության կազմակերպած երրորդ կլոր սեղանն էրՙ ազգային հիմնախնդիրներ խորագրով։ Առաջինը վերաբերում էր մեր երկրի բանկային համակարգին, երկրորդը քննարկում էր ՀՀ բանակի հիմնախնդիրները։