«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2002-09-27 | #175, 2002-09-28 | #176, 2002-10-01


ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԸ ԼԿՏԻԱՆՈՒՄ ԵՆ

Հավանաբար Եվրախորհրդի մոնիտորինգի խմբի հետ հանդիպման շնորհիվ

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության երեկվա նիստի սկզբում ամբաստանյալ Վռամ Գալստյանը խոսեց պաշտպան ունենալու մասին։ Դատավորի այն հարցին, թե որեւէ մեկին Գալստյանը նկատի ունի՞, ամբաստանյալը պատասխանեց, որ ինքը միջոցներ չունի դրա համար։

Դատավոր Սամվել Ուզունյանն առաջարկեց ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպան Մարիցա Չիլինգարյանի թեկնածությունը, որին, սակայն, Հունանյանների քեռին չհամաձայնեց։ Որոշվեց, որ պաշտպան կնշանակվի փաստաբանների միության կողմիցՙ առանց դատավարությունն ընդմիջելու։

Երեկ դատարան էր ներկայացել տուժող, ԱԺ պատգամավոր Սամվել Ավետիսյանը։ Նրա ցուցմունքից կարեւոր էր այն, որ նախաքննական 2 ցուցմունքների միջեւ ակնհայտ հակասություն կար։ Նախաքննական առաջին ցուցմունքի ժամանակ Սամվել Ավետիսյանն ասել էր, թե ահաբեկիչներն իրենից պահանջել են կապվել Սամվել Բաբայանի հետ։ Չկարողանալով կապվել հենց Բաբայանի հետՙ Սամվել Ավետիսյանը զանգահարել է Ժիրայր Սեֆիլյանին։

Նախաքննական 2-րդ ցուցմունքի ժամանակ տուժողը նշել է, որ Սամվել Բաբայանին զանգահարելն իր նախաձեռնությունն է եղել։

Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանի այն հարցին, թե ինչո՞ւ է փոխել ցուցմունքը, պրն Ավետիսյանը պատասխանեց, որ նախաքննական առաջին ցուցմունքը տվել է ստրեսային վիճակում։ Ի դեպ, ի տաբերություն ուրիշների 20 րոպեանոց ստրեսի, Սամվել Ավետիսյանը ստրեսից բուժվել է մոտ 1 ամիս։ Մի շարք հարցերից հետո Աշոտ Սարգսյանը նշեց, որ իր մեջ տպավորություն է ստեղծվում, թե տուժողն իր գործողություններով փորձել է նպաստել ահաբեկիչների գործողություններին, մտածելով, թե հեղաշրջումն արդեն իրականացված է։

Վերջնականապես զանգահարելու նախաձեռնության հարցը պարզ դարձավ, երբ ավագ Հունանյանը սկսեց «արդյոքներով» հարուստ հարցերը։ Պարզվեց, որ Ժիրայր Սեֆիլյանին, իր նախաձեռնությամբ, զանգահարել է Սամվել Ավետիսյանը։ Զանգի մասին Նաիրի Հունանյանին տեղեկացրել է եղբայրը, որից հետո Նաիրի Հունանյանը վերցրել է հեռախոսը։

Երբ հարցաքննությունն ավարտվեց, տուժողը հանդես եկավ հայտարարությամբՙ կապված Աշոտ Սարգսյանի ասածների հետ։ Սամվել Ավետիսյանը նշեց, որ բողոքում է Աշոտ Սարգսյանի «սադրիչ» հարցերի եւ «Ինձ (Սամվել Ավետիսյանին- Ա. Հ.) որպես օժանդակողի» մեղադրելու դեմ։

Այնուհետեւ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Նաիրի Հունանյանը։ Նա նախ դժգոհեց մեղադրող կողմի ներկայացուցիչներիցՙ ամբաստանյալներին ահաբեկիչներ կոչելու համար։

Հետո, հայտարարությունը քիչ էր, միջնորդություններ էլ փորձեց անել Կարեն Հունանյանը։ Ողջ դատավարության ընթացքում վերջինս թեեւ որոշ բառեր յուրացրել է, բայց այդպես էլ իր խոսքը կառուցել չի սովորել։ Երեկվա նիստում կրտսեր Հունանյանը կրկին ապացուցեց, որ իր խոսքը կարելի է միայն ենթադրելով հասկանալ։

Ըստ իմ ենթադրության, Կարեն Հունանյանը, իր իսկ կարծիքով, փաստարկված է համարում Աշոտ Սարգսյանի քաղաքական շահարկումներ անելը։ Սա կրտսերի հայտարարությունն էր։ Հետո նա բացարկ հայտարարեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանինՙ փորձելով հիմնավորել։ Եվ Կարեն Հունանյանն այնքան տարվեց «հիմնավորումով», որ դատավորը ստիպված միջամտեց. «Ժողովե՛ք ձեր մտքերը, հասկանանք, թե ինչ եք ուզում»։

Կարեն Հունանյանը շարունակեց, հասավ ինչ-ինչ իրավախախտումների, թեեւ, ըստ տպավորության, ինքն արդեն մի մեծ «խախտում» էր։

Ինչեւէ, դատավորը որոշեց, որ բացարկի համար հիմք չկա, եւ այն չդրվեց քննարկման։ Սա ակնհայտորեն դուր չեկավ Հունանյաններին, հետեւեցին նրանց ռեպլիկները։ Դատավորը, կանոնակարգելով Հունանյանների պահվածքը, միջամտեցՙ ամբաստանյալներից պահանջելով նստել եւ չխոսել։

Նաիրի Հունանյանը դժգոհեց, որ դատավորը, կարծես, «դու»-ով է խոսում։ Սամվել Ուզունյանի պատասխանը չուշացավ. «Ես հանրապետության մեջ եզակի մարդն եմ, որ ձեզ հետ «դուք»-ով եմ խոսում»։

Այս ընթացքում ամբաստանյալների պահվածքն ավելի շատ իրադրության տիրոջն էր հատուկ։ Սա առավել քան տարօրինակ է։ Տարօրինակ չէ, թերեւս, միայն այն դեպքում, եթե ենթադրենք, որ Եվրախորհրդի մոնիտորինգի խմբի հետ հանդիպումն անարդյունք չի եղել հենց Նաիրի Հունանյանի համար։

Ինչ վերաբերում է Կարեն Հունանյանին, ապա նա, գոնե մտքեր կազմելու, նաեւ դրանք բարձրաձայն հնչեցնելու համար կողմնակի օգնության կարիք ունի, թեկուզՙ բժշկական։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4