«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2002-09-27 | #175, 2002-09-28 | #176, 2002-10-01


ՆՇՎԵՑ «ԱՆՈՒՇԻ» ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ

Գյումրու պետական դրամատիկական թատրոնի նախկին, հին շենքը, թեկուզ այսօր հիմնականում վթարային ու լքված, մնում է քաղաքի երբեմնի թատերական փառքի լուռ վկան։ Այստեղ Լեւոն Զոհրաբյանն ու Ցոլակ Ամերիկյանն են խաղացել, Աճեմյանն է արարել, այս պատերը պահպանել են Հրաչյա Ներսիսյանի ու Վահրամ Փափազյանի կենդանի շունչը... Այդ ամենից ավելի վաղ, 1912 թվականի օգոստոսի 4-ին, առաջին անգամ այստեղ, քաղաքային զբոսայգու մի մեկուսի անկյունում գտնվող այս շենքում է բեմադրվել անմահ «Անուշ» օպերան։ Ինչպես գրված է եւ պահպանված հուշատախտակին, հեղինակիՙ Արմեն Տիգրանյանի ղեկավարությամբ։ Սարոյի դերերգով հանդես է եկել անզուգական Շարա Տալյանը։ Անցած շաբաթ օրը Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի նախաձեռնությամբ Գյումրիում նշվեց «Անուշի» առաջին բեմադրության 90-ամյակը։ Թատրոնի հին շենքի դիմաց, սաղարթների հովանու ներքո, ժայռաշեն հուշաղբյուր բացվեց։ Հեղինակըՙ քանդակագործ Կամո Սառիկյանը, վերեւում պատկերել է Սարոյի հովվական սրինգը, իսկ Անուշի թեքված կժից ջուրն է հոսում։ Ջրի հատակը զարդարվեց ջահել զույգի նետած ծաղիկներով, ներկաները պաղ ջուր խմեցին Անուշի կժից, որ սիրովնան... Քիչ հետո Արմեն Տիգրանյանի անվան պուրակում ծաղիկներ դրվեցին կոմպոզիտորի կիսանդրուն։

Նույն օրը Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դահլիճը ծայրեծայր լցրած գյումրեցի հանդիսատեսը, նաեւ ժամանած բազմաթիվ հյուրերը եզակի հնարավորություն ունեցան դիտելու մի նոր «Անուշ»ՙ տեղի ուժերի մատուցմամբ։ Արվեստով ներկայացված գրական-երաժշտական կոմպոզիցիայում, որը հնարավորինս մոտեցված էր օպերայի, թումանյանական հերոսներին մարմնավորում էին պետական երաժշտանոցի մասնաճյուղի ավագ կուրսերի ուսանողները։ Ընդգրկված էին մասնաճյուղի երգչախումբը, քաղաքային մշակույթի կենտրոնի պարախումբը, այլ ուժեր։ Նվագակցում էր Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբըՙ Սամվել Ադամյանի ղեկավարությամբ։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4