Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը «Փյունիկի» եւ «Սպարտակի» մրցավեճն էր, որն անցավ բացառիկ լարված եւ անզիջում մրցապայքարում։ «Սպարտակն» արժանի դիմադրություն ցույց տվեց չեմպիոնինՙ կանգնեցնելով «Փյունիկի» հաղթարշավը։ Խաղը հարուստ էր գոլային պահերով, լի դրամատիզմով։ Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին «Փյունիկի» ֆուտբոլիստները, որոնք մի քանի անգամ վտանգավոր պահ ստեղծեցին մրցակցի դարպասին։ Երկու անգամ հեռահար հարվածով դարպասը փորձեց գրավել Արտավազդ Քարամյանը։ Հաջողությանը մոտ էր Վարդան Մինասյանը, սակայն մոտ տարածությունից նրա հարվածը մեկ անգամ հետ մղեց Վորոբյովը, իսկ մյուս դրվագում «Փյունիկի» ավագը վրիպեց։ Սպարտակցիներն առաջին խաղակեսում միայն երկու անգամ լրջորեն սպառնացին դարպասին, սակայն երկու դեպքում էլ հաջող խաղաց Ղարագյոզյանը։
Հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո։ Նախ Արման Քարամյանը բացեց հաշիվը, ապա 4 րոպե անց Արամ Հակոբյանը վերականգնեց հավասարակշռությունը։ Այդ դրվագում անվստահ խաղաց Ղարագյոզյանը, որը Քոչարյանի հարվածից հետո գնդակը հետ մղեց ուղիղ Արամ Հակոբյանի մոտ։ Ոգեւորված հաջողությունից, սպարտակցիները նոր գրոհ ձեռնարկեցին։ Ձախ թեւից Արշակ Ամիրյանի ճշգրիտ փոխանցումից հետո Արա Հակոբյանն առաջ մղեց իր թիմին։ Զգալով պարտության ռեալ վտանգը, Օսկար Լոպեսը խաղադաշտ դուրս բերեց հարձակվողներ Լոմբեին, Մամադու Դիավարային եւ Արամ Ոսկանյանին, որոնք զգալիորեն ուժեղացրին առջեւի գծի խաղը։ Հենց Արամ Ոսկանյանն էլ 66-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Գոլից հետո «Փյունիկը» մրցակցի դարպասը գրավելու նոր ուղիներ էր որոնումՙ ամբողջ թիմով դիմելով գրոհների։ Սպարտակցիներն իրենց հերթին մեծ ուժերով պաշտպանվում էին։ 82-րդ րոպեին խաղի լարվածությունը հասավ գագաթնակետին։ Հակագրոհներից մեկի ժամանակ Արամ Հակոբյանը մեն-մենակ հայտնվեց Ղարագյոզյանի դիմաց եւ վերջինիս ոչինչ չէր մնում, քան վայր գցելու հարձակվողին։ «Սպարտակը» ռեալ հնարավորություն ստացավ հաղթանակ կորզելու, սակայն Ղարագյոզյանը քավեց իր մեղքըՙ ակրոբատիկ ցատկով հետ մղելով Արամ Հակոբյանի 11 մետրանոց հարվածը։ Իսկ խաղավերջում արդեն սպարտակցի Վորոբյովը փրկեց իր թիմին Արման Քարամյանի վտանգավոր հարվածից։ Եվ այսպես, գրանցվեց մարտական ոչ-ոքի։ «Սպարտակը», որի խաղն ընթացիկ մրցաշրջանում բազմիցս քննադատվել է, հանդիպումն անցկացրեց բարձր մակարդակով եւ արժանի է գովեստի։ «Փյունիկն» առաջնությունում առաջին միավորները կորցրեց, որի հետեւանքով մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճեց։ Այժմ չեմպիոնին սպասում են երկու ծանր մրցախաղեր գլխավոր հակառակորդիՙ «Շիրակի» հետ։ Հենց այդ խաղերի ելքն էլ կվճռի չեմպիոնի հարցը։
Իր երկրպագուներին հաճելի անակնկալ մատուցեց «Դինամոն», որը «Միկայի» հետ հանդիպումն ավարտեց պատվաբեր ոչ-ոքի արդյունքով (3¬3)։ Ընդ որում, դինամոյականները կարող էին նույնիսկ հաղթել, եթե օգտագործեին գոլային մի քանի ռեալ պահերը եւ կոպտորեն չսխալվեր դարպասապահ Միքայել Նալբանդյանը, որի արդյունքում «Միկան» խաղավերջում հավասարեցրեց հաշիվը։ Այդ խաղում «Միկայի» կազմում խաղադաշտ էին դուրս եկել հինգ նախկին դինամոյականներ։ Նրանց ավելի երիտասարդ մրցակիցներն իրենց լավագույն կողմերով դրսեւորեցինՙ աչքի ընկնելով գրագետ գործողություններով, որոնց արդյունքում էլ 3 գնդակ հայտնվեց «Միկայի» դարպասում։ Իսկ ահա, «Միկայի» ֆուտբոլիստները, թվում է, թերագնահատել էին մրցակցին, խաղադաշտ էին դուրս եկել հեշտ հաղթանակ տանելու մտադրությամբ, սակայն մրցակիցը լավ դաս տվեց խաղային ձեռագիրը կորցրած հանրապետության կրկնակի գավաթակրին։ Վերջին հանդիպումներում արդյունավետ խաղ են ցուցադրում արարատցիները։ «Կոտայքի» հետ խաղում էլ նրանք 5 գոլ խփեցին, սակայն միայն 2-րդ խաղակեսում գտան մրցակցի դարպասի բանալին, այն էլ այն բանից հետո, երբ «Կոտայքն» առաջինը հասավ հաջողության։ Վերջինիս կազմում խաղին մասնակցեցին «Միկայից» տեղափոխված Արմեն Մարկոսյանը, Արամ Ավանեսյանն ու Հայկ Հարությունյանը, որոնք, սակայն, չկարողացան օգնել թիմին։ 2-րդ շրջանը հաջող սկսած «Լեռնագործի» եւ «Բանանցի» մրցավեճի ելքը վճռեց Տիգրան Եսայանի խփած միակ գնդակը։ Վերջինս արդեն 4 խաղ դառնում է գոլի հեղինակՙ խփելով 6 գնդակ։ Իսկ «Բանանցը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց։ Կրկին հիասթափեցրեց «Լոռին»ՙ հերթական խոշոր հաշվով պարտությունը կրելով։ Իսկ «Շիրակն» ընդհատեց դարպասն անառիկ պահած խաղերի շարքը։
Խաղերի արձանագրություններից
«Արարատ»¬«Կոտայք»ՙ 5¬1
0¬1ՙ Հրաչյա Վարդազարյան (46), 1¬1ՙ Արամ Սարգսյան (55), 2¬1ՙ Ալեքսանդր Թադեւոսյան (62), 3¬1ՙ Գալուստ Պետրոսյան (79), 4¬1ՙ Էլուկվու Էզուկամ (84), 5¬1ՙ Արթուր Մինասյան (90)։
«Միկա»¬«Դինամո»ՙ 3¬3
1¬0ՙ Կարեն Մուրադյան (11), 1¬1ՙ Արմեն Վարդանյան (22), 2¬1ՙ Անդրեյ Բուլանով (48ՙ 11 մ), 2¬2ՙ Ալբերտ Ներսիսյան (68), 2¬3ՙ Հովհաննես Նազարյան (72), 3¬3ՙ Դավիթ Գրիգորյան (81)։
«Լեռնագործ»¬«Բանանց»ՙ 0¬1
Տիգրան Եսայան (20)։
«Սպարտակ»¬«Փյունիկ»ՙ 2¬2
0¬1ՙ Արման Քարամյան (49), 1¬1ՙ Արամ Հակոբյան (53), 1¬2ՙ Արա Հակոբյան (58), 2¬2ՙ Արամ Ոսկանյան (66)։ 82-րդ րոպեին Արամ Հակոբյանը չիրացրեց 11 մ հարվածը։
«Լոռի»¬«Զվարթնոց»ՙ 0¬5
Տիգրան Դավթյան (24), Հակոբ Միրզոյան (38), Լեւոն Փաչաջյան (72), Աբել Մինասյան (75), Ռոբերտ Պողոսյան (84)։
«Շիրակ»¬«Արցախ»ՙ 2¬1
1¬0, 2¬0ՙ Կարեն Ալեքսանյան (2, 22), 2¬1ՙ Էրիկ Գալստյան (33)։
Մրցաշարային աղյուսակ
Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ
1. Փյունիկ - 15 - 14 - 1 - 0 - 66¬12 - 43
2. Շիրակ - 14 - 12 - 2 - 0 - 41¬5 - 38
3. Բանանց - 16 - 11 - 2 - 3 - 31¬11 - 35
4. Սպարտակ - 16 - 10 - 3 - 3 - 34¬14 - 33
5. Զվարթնոց - 15 - 8 - 1 - 6 - 49¬20 - 25
6. Արարատ - 16 - 7 - 4 - 5 - 30¬19 - 25
7. Միկա - 16 - 6 - 4 - 6 - 25¬22 - 22
8. Լեռնագործ - 16 - 4 - 4 - 8 - 14¬27 - 16
9. Արցախ - 16 - 3 - 2 - 11 - 13¬40 11
10. Դինամո - 16 - 3 - 2 - 11 - 19¬49 - 11
11. Լոռի - 16 - 1 - 1 - 14 - 13¬77 - 4
12. Կոտայք - 16 - 0 - 4 - 12 - 8¬47 - 4
Ռմբարկուները
Արման Քարամյան («Փյունիկ») - 26
Արտյոմ Ադամյան («Միկա») - 12
Արտավազդ Քարամյան («Փյունիկ») - 12
Արամ Հակոբյան («Սպարտակ») - 11
Տիգրան Դավթյան («Զվարթնոց») - 9
Տիգրան Եսայան («Բանանց») - 9
Սարգիս Նազարյան («Զվարթնոց») - 9
Հակոբ Մամուլյան («Լեռնագործ») - 8
Վարդան Մինասյան («Փյունիկ») - 8
Արարատ Հարությունյան («Շիրակ») - 8
Արա Հակոբյան («Սպարտակ») - 8