«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2002-09-28 | #176, 2002-10-01 | #177, 2002-10-02


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԺՄՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏ

Ռուբեն Միրզախանյանի գնահատումներով

¬ Ռուս-վրացական հարաբերությունների այժմյան լարվածությունը, բնականաբար, մտահոգում է հայ հասարակությանը։ Ըստ Ձեզՙ ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել, եւ դրանք ի՞նչ ազդեցություն կունենան մեզ վրա։

¬ Տարածաշրջանի ցանկացած բացասական զարգացում, անշուշտ, բացասական ազդեցություն է ունենում նաեւ Հայաստանի վրա։ Բավական է ասել, որ մենք ցամաքային ճանապարհով ծով ենք դուրս գալիս հենց Վրաստանի վրայով։ Հայտնի շրջափակման պայմաններում այդ ճանապարհը մեզ համար բացառիկ նշանակություն ունի, քանի որ օդային ճանապարհը շատ թանկ է։ Սակայն ես հեռու եմ այն մտքից, թե Վրաստանի ներքին վիճակը ապակայունացել է միայն վերջերս։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, այո, միայն վերջերս են այդքան բացահայտորեն սրվել։ Վրաստանն այժմ հայտարարում է, թե Ռուսաստանը սպառնում է իր սուվերենությանը։ Սակայն ռուս-վրացական հարաբերությունները լարված էին մինչ այս էլ, որը տարիներ շարունակ վարվող քաղաքականության եւ բուն Վրաստանի ներքին զարգացումների արդյունքն է։ Այո, մենք շատ շահագրգռված ենք ի դեմս Վրաստանի տեսնել միշտ ուժեղ, միասնական, ներդաշնակ հարեւան, որի հետ մեզ կապում է դարերի բարեկամությունը։ Բայց մեզ հայտնի է, չէ՞, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանն աշխարհի հետ կապող եւ Վրաստանով անցնող ճանապարհը։ Հանրահայտ է, որ Վրաստանով բեռների տեղափոխման ինքնարժեքը շատ բարձր է, եւ գիտենք, թե ինչու։ Դա պայմանավորված է ոչ միայն Վրաստանի պետական քաղաքականությամբ, այլեւ այն ներքին խառնաշփոթով, որ տեւականորեն հատուկ է այդ երկրին։ Ասում եմ ցավով մի երկրի, մի պետության մասին, որտեղ ներքին զորքերն ու ոստիկանությունն իրենց թվաքանակով մի քանի անգամ գերազանցում են կանոնավոր բանակը։ Ամենայն հարգանքով դեպի վրաց ժողովուրդը եւ անկեղծորեն ցանկանալով նրան ամենայն բարիք ու բարեկեցություն, գտնում եմ, որ առաջին հերթին ներքին խնդիրներն են, որ սպառնացել ու սպառնում են Վրաստանի Հանրապետության սուվերենությանը։

Եվ հենց Վրաստանի ներքին խառնակության պատճառով ավելի բարդանում է նաեւ մեր խնդիրը, նկատի առնելով Ջավախքի հանգամանքը եւ հսկայաքանակ հայերի ներկայությունը Վրաստանի այլ տարածքներում։ Մեր կուսակցությունը դրական է գնահատում, որ մեծ թվով հայեր, ապրելով հարեւան երկրում, հնարավորություն ունեն զարգացնել իրենց մշակույթը, լեզուն, կրթությունը։ Բավական է ասել, որ Վրաստանի ողջ տարածքում 150-ից ավելի հայկական միջնակարգ դպրոցներ կան, եւ դա ամբողջ սփյուռքի մեր դպրոցների գրեթե կեսն է։ Սակայն մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ Վրաստանը ձգտում է ռուսական զորքերը դուրս բերել Ախալքալաքից։ Դա նշանակում է Ջավախքում ապրող մեր հայրենակիցներից 1500 հոգու աշխատանքի կորուստ։ Վրաց ղեկավարությունը հավաստիացնում է, որ իրենք դրա փոխարեն նոր աշխատատեղեր կստեղծեն։ Թե ինչպե՞սՙ չեն մանրամասնում։ Մի՞թե պարզ չէ, որ այդ աշխատատեղերը չլինելու դեպքում խոսքը գնալու է իր պատմական բնօրրանում ապրող հայության համար հետագա գոյատեւման հնարավորությունների բացառման մասին, ինչն անվերապահորեն կհանգեցնի հայության այդ հատվածի դուրսմղման։ Զգաստացնող են նաեւ այն խոսակցությունները, որ մտադրություն կա Ջավախքը բնակեցնել մեցխեթցի թուրքերով, Վրաստանը դարձնել Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ, որի կարեւոր ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան է։ Այս պարագայում պետք է պարզ ասենք, որ բարեկամըՙ բարեկամ, եղբայրըՙ եղբայր, սակայն կան ազգային շահեր ու հետաքրքրություններ, որոնք անտեսել անթույլատրելի է։ Իբրեւ ազգային կուսակցություն, կարծում ենք, որ Վրաստանի ղեկավարության կողմից վերջին տարիներին իրականացվող քաղաքականությունը չի համապատասխանում հայ ժողովրդի, վիրահայության, նույնչափ նաեւՙ վրաց ժողովրդի ազգային շահերին։ Ի սեր Աստծո, ես ամենեւին չեմ ցանկանում, որ նման գնահատականը ընկալվի իբրեւ գործողությունների կոչ, իբրեւ Ջավախքի իրավիճակը ապակայունացնելու հրահրում։ Բացարձակապեսՙ ո՛չ։ Դա եղած խնդիրներին կավելացնի նորերը, բեռն ավելի կծանրանա, որը հետո շատ դժվար, եթե չասեմՙ անհնար կլինի հաղթահարել։ Ահա հենց դրա համար էլ պիտի պարզ ասել, որ վրաց պետական ղեկավարության կողմից տարիներ շարունակ վարվող քաղաքականությունն ուղղակի վատ է։ Անկեղծ լինենքՙ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, Վրաստանըՙ ո՛չ։ Մենք համագործակցում ենք Ռուսաստանի զինյալ ուժերի հետ, ռուս զինվորները հայ զինվորների հետ պաշտպանում են Հայաստանի պետական սահմանը։ Իհարկե, համագործակցում ենք նաեւ ՆԱՏՕ-ի հետ, լավ հարաբերություններ ունենք։ Բայց Ռուսաստանի հետ մենք գտնվում ենք ա՛յլ քաղաքական եւ ռազմաստրատեգիական հարաբերությունների մեջ, ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հետՙ միանգամայն այլ։ Ռուսաստանը չի պատրաստվում իր տարածքի հայաշատ վայրերում թուրքեր բնակեցնել, սիրախաղերի մեջ չի մտնում հայության համար իրական սպառնալիք հանդիսացող մեր հարեւանների հետ։ Վրաստանը, ցավոք, դա անում է։ Ընդսմին, մենք Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենք, Վրաստանն ունի։ Իհարկե, Ռուսաստանի առանձին մարզերում եւս կան հակահայ երեւույթներ, ծայրահեղականության, ազգայնամոլության դրսեւորումներ։ Բայց դրանք կենցաղային մակարդակի են, որոնք կային ու կան նաեւ Վրաստանում։ Իսկ ահա պետական քաղաքականության մակարդակում Ռուսաստանի դիրքորոշումը մեզ համար շատ ավելի ընդունելի է, քան Վրաստանի դիրքորոշումը։ Ի վերջո, վրաց ժողովուրդը ինքը պիտի որոշի, թե ի՞նչ է ուզում, ինչպե՞ս է տեսնում իր ապագան։ Այն, ինչ այսօր կատարվում է Վրաստանում, ինչի է վերածվել Թբիլիսին, որը դեռ դարասկզբին զգալիորեն հայկական քաղաք էր, կողքից դիտելիս ուղղակի ցավ է պատճառում։ Բայց դա նախ եւ առաջ իրե՛նց խնդիրն է, իրե՛նք պիտի լուծեն։

¬ Մեր արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է միջնորդական առաքելություն իրականացնել ռուս-վրացական հարաբերությունների նորմալացման գործում։ Մեր միջնորդության անհրաժեշտությունը կզգացվի՞։

¬ Ամենայն հարգանքով դեպի վրաց ժողովուրդը, վրաց պետականությունը, այնուամենայնիվ, պիտի ընդգծեմ, որ Վրաստանն ու Ռուսաստանը հավասար քաղաքական միավորներ չեն։ Տեսականորեն, այո, հավասար են, ՄԱԿ-ում եւ միջազգային կառույցներում յուրաքանչյուրը, ինչպես եւ մենք, մեկ ձայն ունի։ Բայց հայտնի բան է, չէ՞, ամեն երկիր, այսպես ասենք, իր «կշիռն» ունի աշխարհում։ Այս առումով, ահա, Վրաստանն ու Ռուսաստանը, իհարկե, նաեւ Հայաստանը, ամենեւին հավասար քաղաքական միավորներ չեն։ Վրաստանը, ի դեմս այլ գերտերությունների, այդ թվում նաեւ ի դեմս տարածաշրջանային գերտերություն Թուրքիայի, հովանավորներ է փնտրում։ Պաշտպաննե՛ր։ Իսկ դա շատ վտանգավոր խաղ է։ Որովհետեւ գերտերություններից յուրաքանչյուրը, այդ թվում, անշուշտ, նաեւ Ռուսաստանը, հետապնդում է իր աշխարհաքաղաքական շահերը։

¬ Ասացիք այդ շահերի մասին, եւ ես ակամա հիշեցի վերջերս Թեքեյան կենտրոնում, ՀՌԱԿ շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կատարած դիտարկումը, թե «մենք պետք է աղոթենք Աստծուն, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները միշտ լավ լինեն, մնան գոնե այժմյան մակարդակին, որպեսզի մենք ընտրություն կատարելու անհրաժեշտություն չունենանք»։ Վրաստանն, ըստ իս, շտապել է իր այդ «ընտրությունը» կատարելիս։

¬ Ամենքին պիտի պարզ լինի, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգությունից հետո աշխարհը փոխվել է։ Միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարը դարձել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի կարեւորագույն խնդիրը։ Ռուսները ցույց տվեցին, որ ըմբռնումով են մոտենում Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական պայքարին։ Բնական է, որ Ռուսաստանն իր հերթին իրավունք ունի Միացյալ Նահանգներից եւ ամբողջ աշխարհից պահանջելու, որ նույն կարգի ըմբռնում ցուցաբերվի չեչեն ահաբեկիչների դեմ իր մղած պայքարի նկատմամբ։ Համոզված եմ, որ այս դեպքում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների գործողությունները համաձայնեցված են ավելի, քան երբեւէ։ Ազդեցության այն կշռով, որ այս երկու գերտերություններն ունեն ժամանակակից աշխարհում, այլ կերպ անհնար է։ Բարեբախտաբար, Հայաստանն ունի շատ դրական հարաբերություններ թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ։ Վրաստանի պարագայում, ցավոք, դա չկա։ Եվ այսօր դեռ դժվար է ասել, թե Հայաստանի միջնորդությամբ հնարավոր կլինի՞ հարթել ռուս-վրացական հակասությունների թնջուկը։

¬ Օրերս տարածաշրջանային նշանակության մի կարեւոր իրադարձությունն էլ եղավ։ Բաքվում հանդիսավորապես կատարվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հիմնարկեքը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր նավթային «մահակը» շատ է օգտագործել մեր դեմ մղվող իր քարոզչական պատերազմում։ Հիմա էլ ակնարկներ են անում, թե այդ նավթամուղի շնորհիվ շուտով կզորեղանան եւ մեզ կանցնեն։ Ենթատեքստը հասկանալի էՙ Արցախի հարցն իրենց օգտին լուծելը ...

¬ Ի տարբերություն շատերի, ես իրապես հաջող ավարտ եմ ցանկանում այդ նավթամուղի շինարարությանը։ Ամենայն անկեղծությամբ։ Որովհետեւ եթե դա նպաստի մեր հարեւանների ուժեղացմանը, ի վերջո հանգեցնելու է նաեւ մեր ուժեղացմանը։ Ինչ վերաբերում է արցախյան հարցին, ապա կարծում եմ, որ այս դեպքում ընդհանրություններ փնտրելու անհրաժեշտություն ուղղակի չկա։ Մենք ռազմի դաշտում հաղթանակ ենք տարել, եւ ինչպիսի զարգացում ու բարգավաճում էլ ունենա Ադրբեջանը, դա չի կարող ազդեցություն գործել հարցի լուծման վրա։ Բաքու-Ջեյհան նավթամուղը դեռ շատ պիտի աշխատի, որ Ադրբեջանը հասնի Հայաստանին, էլ չեմ խոսում անցնելու մասին։ Որովհետեւ անցնելու համար դեռ հասնել է պետք։ Տեսեք, Ադրբեջանը տարիներ ի վեր նավթ ունի, Վրաստանըՙ ճանապարհներ, սակայն երկուսն էլ իրենց սոցիալ-տնտեսական զարգացմամբ շատ հետ են մնացել Հայաստանից։ Այո, նավթը ռազմաստրատեգիական հումք է։ Մենք դա կհակակշռենք Իրան-Հայաստան գազամուղի կառուցմամբ։ Երբեք չպետք է մոռանալ, որ տարածաշրջանում շատ յուրահատուկ ձեւով զարգանում է հայ-իրանական տնտեսական ինտեգրացիան, որը թեւակոխել է նոր փուլ եւ վերաբերում է հենց ռազմավարական ռեսուրսներին։ Իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում խոշոր քաղաքական դերակատարություն ունեցող երկիր է։ Վերջապես, թե՛ նավթի, թե՛ գազի անհամեմատ մեծ պաշարներ ու արդյունահանում ունի մեր ռազմավարական գլխավոր դաշնակիցըՙ Ռուսաստանը։ Այնպես որ, Բաքու-Ջեյհանի կառուցումից ու գործարկումից տագնապելու ոչ մի հիմք մենք չունենք։ Բայց ինձ ուղղակի զարմացնում է, որ այդ նավթամուղի շինարարության առիթով Ալիեւից շատ ուրախանում եւ չարախնդում են... մեր այսպես կոչված ընդդիմադիրները։ Նույնիսկ ադրբեջանական թերթերը ձեր ասած «նավթային մահակը» Հայաստանի դեմ այնքան հաճույքով չեն «ճոճում», որքան մեր որոշ ընդդիմադիր թերթեր։ Ինչե՜ր չեն գրումՙ «Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանային զարգացումներից», ուռռաա՜... Նախ, դա ամենեւին այդպես չէ, երկրորդՙ բարոյական չէ։ Եվ երրորդՙ մի տեսեք, թե ովքե՞ր են այդ չարախնդացողները։ Երեւի այդպիսիների համար դա ինքնադրսեւորման բնորոշ ձեւ է։

¬ Լավ, անցնենք ներքաղաքական խնդիրներին։ Ի՞նչ կասեք 16 ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր դաշինքի, առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հեռանկարի մասին։

¬ Երբ կուսակցությունները հայտարարում են իրենց միանալու մասին, ապա ընդհանուր ներքաղաքական զարգացումների մեջ դա դրական երեւույթ է։ Թող միանան, ի՞նչ վատ բան կա։ Բայց եթե խոսքը 16 կուսակցությունների միանալու մասին է, դա մի քիչ շատ չէ՞։ Երկու, երեք, լավ, ասենքՙ հինգ կուսակցությունների դաշինքը հասկանալի է։ Բայց տասնվե՞ց։ Ուրեմն, դրանց մի մասն իրապես կուսակցություններ չեն, մարդ-կուսակցություններ են։ Գումարած դրանՙ գաղափարական խիստ տարբեր, անգամ հակադիր ուղղությունների ներկայացուցիչներ են։ Ուստի ավելի ճիշտ կլիներ ասել ոչ թե 16 կուսակցությունների, այլ 16 հավակնությունների դաշինք, որովհետեւ արդեն իսկ նախագահության 17¬18 հավակնորդ ունեն։ Եթե կարողանային դրանցից մեկին առաջադրել, իրոք, շատ լավ կլիներ։ Որովհետեւ այդ դաշինքից դուրս նույնպես հավակնորդներ կան։ Մեկն էլ վերջերս է դրսից հայտնվել, հեռուստաէկրանից չի իջնում եւ բացահայտ հասկացնում է, թե հարմար պաշտոն տալու դեպքում իր թեկնածությունը չի դնի։ Ունենք նաեւ նախագահության «հավերժ» թեկնածուների մի խումբ եւս։ Զավեշտական կլիներ եւ լրջությունը կկորչեր, եթե այդ բոլորն առաջադրվեին ու քվեաթերթիկում 4¬5-ի փոխարեն 16¬20 ազգանուն գրվեր։ Ահա թե ինչու նախագահ Քոչարյանն էլ ասաց, որ ուրախ կլիներ, եթե 16 կուսակցություններն իրոք կարողանային միասնական թեկնածու առաջադրել։ Որովհետեւ ինքը նախագահական ընտրություններին ամենայն լրջությամբ է վերաբերվում։ Ի դեպ, մեր կուսակցությունըՙ նույնպես։ Եվ մենք հստակ համոզված ենք, որ ընտրությունների առաջին իսկ փուլում նախագահ է վերընտրվելու Ռոբերտ Քոչարյանը։ Անկախ նրանից, կլինի երկո՞ւ (որը երբեք չի լինի), չո՞րս, թե՞ տասնչորս թեկնածու կամ ավելի։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ պիտի փորձեն իրենց ամբիցիաները բավարարել։ Ի՞նչ կա որ, թող փորձեն։ Հիշո՞ւմ եք, ժամանակին մեկը Գորբաչովի դեմ իր թեկնածությունը դրեց։ Մեզ մոտ էլ նախանցյալ ընտրությունների ժամանակ մի կոոպերատիվ համալսարանի ռեկտոր էր իր թեկնածությունը դրել։ Ո՞ւր են, անուններն էլ հիշող չկա։

¬ Այդպիսիները հասարակության ուշադրությունն իրենց վրա հրավիրելու խնդիր ունեն։ Չէ՞ որ նախագահական ընտրություններն ինքնագովազդի հիանալի միջոց են։

¬ Միանգամայն համաձայն եմ, ա՛յդ էլ կա։ Եվ հենց այդ կարգի մարդիկ են, որ այսօր աղմկում են, թե Քոչարյանն, իբր, «շանս չունի»։ Լուրջ մրցակիցը գործող նախագահի մասին այդպիսի անլուրջ բան չէր ասի։

¬ Ինձ ոչ պակաս հետաքրքրում է նաեւ խորհրդարանական ընտրությունների հարցը, որը պիտի հաջորդի նախագահական ընտրություններին։ Չե՞ք կարծում, որ նախագահական ընտրությունների շուրջ այսօր հրահրվող աղմուկը մեծ չափով հենց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրենց վրա ուշադրություն գրավելու հեռահար նպատակ է հետապնդում։ Ինչպիսի՞ խորհրդարան կունենանք վաղը։ ՀՌԱԿ-ն, օրինակ, այնտեղ կլինի՞։

¬ Այսօր դեռ դժվար է կանխատեսումներ անել։ Համոզված եմ, որ նրանց մեծ մասը, ովքեր այսօր Քոչարյանին ոչ կողմ են արտահայտվում, ոչՙ դեմ, նախագահական ընտրություններից հետո ասելու են «այո», «այո», «այո»։ Մյուսները, ովքեր այսօր Քոչարյանին կտրականապես «ոչ» են ասում, փորձելու են այդ «ոչը» ծախել։ Այնպես որՙ նախագահական ընտրություններից հետո իրավիճակը փոխվելու է։ Ինչ վերաբերում է ՀՌԱԿ-ի դիրքորոշմանը, ապա մենք հիանալի գիտենք, որ նախընտրական շրջանում միշտ ավելի շահավետ է լինում զանգվածներին որպես ընդդիմադիր ներկայանալը։ Շատ ավելի ազնիվ, սակայն նաեւ դժվար է բացատրական աշխատանք տանելը, թե մենք ինչո՞ւ ենք պաշտպանում ներկա նախագահին։ Մենք նման չենք որոշ ուժերի ներկայացուցիչների, ովքեր ցերեկը ընդդիմություն են խաղում, իսկ երեկոյան բարձր ոլորտներում հանդիպումներ են փնտրում, որ ցինիկաբար հավաստիացնեն, թե «շեֆ ջան, մեզ ճիշտ հասկացիր, մենք սա անում ենք, որ ձայներ վաստակենք, իսկ ի վերջո մեր այդ ձայները նախագահի օգտին են աշխատելու»։ Այդ երեւույթը կա, եւ դա այնքան պարզունակ է արվում, որ անզեն աչքով էլ է երեւում եւ սրտխառնուք է առաջացնում։ Մեր կուսակցությունն արժանապատվություն ունի, նման խաղեր «չի տալիս»։ Մենք անբարո կգտնվեինք նախ եւ առաջ մեր շարքերը օրավուր համալրող հազարավոր մարդկանց առաջ, եթե հստակորեն չասեինք, որ հենց Քոչարյանին ենք տեսնում երկրի նախագահ եւ եթե վաղը ներկայացված լինենք խորհրդարանումՙ ի՞նչ ծրագիր ենք պաշտպանելու։ Ուրիշների նման չենք, որ երեկ նախագահամետ էին, որովհետեւ պաշտոններ ունեին, այսօր ընդդիմադիր են, որովհետեւ պաշտոններից զրկվել են, եւ վաղը նորից նախագահամետ կդառնան, եթե նորից պաշտոն ստանան։ Ժողովուրդը դա տեսնում եւ շատ լավ հասկանում է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր սկզբունքայնությունը կգնահատի։ Բացի այդ, մեր գաղափարախոսությունը, որ միշտ եղել է շուկայական հարաբերությունների, մասնավոր սեփականության ու ազատ մրցակցության պաշտպանության, ձեռներեցության ու այդ ճանապարհով ժողովրդի բարեկեցության բարձրացմանը հասնելու գաղափարախոսություն, մեծ հասարակական պահանջարկ ունի, արդիական է առավել, քան երբեւէ։ Եվ դա մեզ համար ապահովել ու վաղն ավելի մեծ չափով է ապահովելու քաղաքական դերակատարություն Հայաստանի կյանքում։ Անշուշտ, այդ թվում նաեւՙ Ազգային ժողովում։ Ահա այդ վստահությունը մենք ունենք։

Հարցազրույցը վարեց ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4