Սերժ Սարգսյանի հանդիպումները Մոսկվայում
ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Մոսկվայում։ Հոկտեմբերի 1-ին նա հանդիպումների շարք ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան ղեկավարների հետ։ Մասնավորապես, առավոտյան նա հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Դմիտրիեւի եւ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Վալենտին Կորաբելնիկովի հետ։ Օրվա առաջին կեսի ավարտինՙ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը մոտ մեկ ժամ տեւած զրույցից եւ բանակցություններից հետո ստորագրեցին երկու համաձայնագիրՙ «Ռազմական օբյեկտների համատեղ օգտագործման մասին», «Տեղեկատվության փոխանակման մասին», եւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակելու արձանագրություն։
Ստորագրման արարողությունից անմիջապես հետո նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին։ Մասնավորապես, Ս. Իվանովը նկատեց, որ Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը չափազանց լուրջ է եւ խորանալու է, քանի որ այդ հանգամանքը կայունացնող դեր է կատարում ոչ միայն Կովկասում, այլեւ ողջ հարավային տարածաշրջանում։ Ռազմատեխնիկական պայմանագիրը, որ ստորագրվել է երկու երկրների միջեւ, արդեն վավերացվել է, իսկ նորմատիվային ակտերը շարունակում են մշակվել։ Ս. Սարգսյանը ավելացրեց, որ ներկա իրավական բազան թույլ է տալիս այդ համագործակցությունը որակապես ավելի բարձր մակարդակի տեղափոխել։
Պատասխանելով հարցերից մեկին, Ս. Իվանովը անդրադարձավ Վրաստանի իրադրությանըՙ նշելով, որ այդ երկիրը շարունակում է չկատարել ահաբեկչության դեմ պայքարի ասպարեզում իր իսկ ստանձնած պարտականությունները։ Ավելին, նա նշեց, որ որոշ վրացի գործիչներ բացեիբաց համագործակցում են ահաբեկիչների հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ խնդիրը քննարկելուն, Իվանովը նշեց, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել, եւ առայժմ հարցը չի քննարկվել։ Իսկ իր հայաստանյան գործընկերոջ հետ, նկատեց ՌԴ պաշտպանության նախարարը, իրենք քննարկում են ոչ միայն ռազմական հարցեր, այլեւ այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են երկու երկրների փոխադարձ շահերին։ Ս. Սարգսյանը նույնպես չբացառեց, որ բանակցությունների ընթացքում կարող են անդրադառնալ նաեւ Վրաստանի հետ կապված խնդիրներին, բայց ոչ Ռուսաստանը, ոչ Վրաստանը միջնորդական առաքելություն ստանձնելու առաջարկով Հայաստանին չեն դիմել։
Օրվա երկրորդ կեսին Ս. Սարգսյանին ընդունեց ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովը։ Հայաստանի պաշտպանության նախարարը նաեւ ռուս- հայկական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նախագահն է, եւ, բնականաբար, հանդիպմանը քննարկվեցին տնտեսական հարցեր։ Ս. Սարգսյանը հանդիպեց նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Ռուշայլոյի հետ։ Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնական այցն ավարտվում է։