Ադրբեջանի Միլլի մեջլիսի աշնանային նստաշրջանի առաջին նիստը սկսվել է Հայաստանի դեմ պատերազմ սկսելու կոչերով, հաղորդում է ANS-ը։ Պատգամավոր Ալիմամադ Նուրիեւը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունը որակել է անպտուղ, խորհրդարանի ամբիոնից կոչ արել պատերազմ սկսել հայերի դեմ։ Նուրիեւի տեսակետը պաշտպանել է Մաիս Սաֆարլին, ասելով, որ Նիկոլայ Գրիբկովն ու Վյաչեսլավ Տրուբնիկովն Ադրբեջանի հանդեպ ունեն կանխակալ վերաբերմունք, ինչի պատճառով ճիշտ չէ այլեւս թույլ տալ նրանց մուտքը Բաքու։ Պատերազմ սկսելու բանավեճին միացել է նաեւ խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը, ասելով. «Ինչ միջոցներով էլ լինի, մենք կանենք հնարավորըՙ հետ բերելու զավթած տարածքները»։
Սադախլոյի մոտ կողոպտվել են Երեւանից Թուրքիա մեկնող ավտոբուսի ուղեւորները
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական եւ վրացական լրատվական գործակալություններն այսօր հաղորդել են, որ վրաց-ադրբեջանական սահմանին, Սադախլո քաղաքի մոտ անհայտ անձինք կողոպտել են Երեւանից Թուրքիա մեկնող ավտոբուսի 22 ուղեւորներին։ Ըստ Քվեմո Քարթլի քաղաքի ոստիկանապետի, ուղեւորներից վերցրել են ընդհանուր առմամբ 20 հազար դոլար եւ թանկարժեք իրեր։ Միջադեպը տեղի է ունեցել անցած կիրակի օրը։