«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2002-09-28 | #176, 2002-10-01 | #177, 2002-10-02


ԳԱԳԻԿ ԲՂԴՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵ՞Լ Է

«Լուկօյլ»-ի փոխնախագահի առեւանգմանը

ՄՈՍԿՎԱ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ռուսական աղբյուրների հաղորդմամբ, պարզվել է «Լուկօյլ»-ի փոխնախագահ Սերգեյ Կուկուրային առեւանգելու մեջ կասկածվող հանցավոր խմբի երրորդ անդամի անձը։ Ռուսաստանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության տվյալներով, նախկինում արդեն նշված ռազմական շինարար Ալեքսանդր Վետլուգաեւից եւ նախկին դեսանտային, նախկինում ավազակության համար դատված Սերգեյ Մելչակովսկուց բացի, առեւանգմանը մասնակցել է 44 տարեկան, ազգությամբ հայ, Երեւանի կապի ԳՀԻ տնօրենի նախկին տեղակալ Գագիկ Բղդոյանը։ Վարչությունը նախազգուշացնում է, որ խմբի բոլոր անդամները չափազանց վտանգավոր են եւ ընդունակ զինված դիմադրության։ Այժմ նրանք միջազգային հետախուզման մեջ են։

Միլիցիայի աշխատակիցները տեղեկություններ ունեն, որ Վետլուգաեւը եւ Մելչակովսկին Պոդմոսկովիեում կազմակերպել են հիմնականում նախկին զինծառայողներից բաղկացած հանցավոր խումբ, որը զբաղվում է առեւանգումներով։

Հիշեցնենք, որ Սերգեյ Կուկուրան առեւանգվել էր սեպտեմբերի 12-ին «Վնուկովոյում»։ «Լուկօյլ»-ի փոխնախագահի ազատման համար առեւանգողները պահանջել էին մոտ վեց միլիոն դոլար։ Սեպտեմբերի 25-ի երեկոյան Կուկուրան վերադարձել է տուն, ընդ որում «Լուկօյլ»-ի մամլո ծառայությունը պնդում է, որ փրկագին նրա համար չի վճարվել։ Ըստ որոշ հաղորդումների, ընկերության փոխնախագահի ազատման վարձը եղել են որոշակի պարտավորություններ, այդ թվումՙ ֆինանսական։ Ըստ «Գազետա» օրաթերթի աղբյուրների տեղեկությունների, «Լուկօյլ»-ին հարկ է եղել առեւանգողներին զիջել իրենց ծովային նավահանգիստների բաժնեմասը եւ հրաժարվել մի քանի հեղուկանավերից։ Սակայն այս տեղեկությունը չեն հաստատել ընկերությունում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4