«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2002-09-28 | #176, 2002-10-01 | #177, 2002-10-02


ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻՆ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 18-ին Բեռլինի համերգային փոքր դահլիճում տոնական համերգ եւ փոքրիկ հյուրասիրություն մատուցվեցին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով։ 280 տեղանոց դահլիճը բազմամարդ էր, ներկաների թվում էին ԳԴՀ արտգործնախարարության պետքարտուղար Գյունտեր Պլոյգերը, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Պորտուգալիայի, Իրանի դեսպանները, ԱՊՀ, ինչպես նաեւ աֆրիկյան տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ ՀՀ մյուս երեք հարեւաններիՙ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի դեսպանություններն այս անգամ էլ բացակա էին։ Բեռլինում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հրավերին արձագանքել էին գերմանական խոշոր բանկերի ներկայացուցիչներ, բիզնեսի աշխարհի մարդիկ, ինչպես նաեւ հայ համայնքի ճանաչված դեմքեր։ Տկն Ղազինյանի համառոտ ողջույնի խոսքին հետեւեց 19-ամյա Լուսինե Խաչատրյանի (դաշնամուր), 17-ամյա Կորյուն Ասատրյանի (սաքսոֆոն) եւ 17-ամյա Սերգեյ Խաչատրյանի (ջութակ) բարձրամակարդակ համերգը։ Ի դեմս միջազգային մրցույթների դափնեկիր մեր պատանի տաղանդներիՙ 11-ամյա անկախ մեր երկիրն այսօր վերածնունդ է ապրում, աղերսվում համաշխարհային հանրությանը, տկն դեսպանի ողջույնի խոսքում արտահայտած վերոհիշյալ միտքը ներկաները հավանության արժանացրին համերգին հետեւած չդադարող ծափերով, երաժիշտներին ուղղված բազմաթիվ շնորհավորանքներով։ Արտգործնախարարության պետքարտուղարի համար հատկապես անակնկալ են եղել Սերգեյ Խաչատրյանի վիրտուոզ մեկնաբանությունները։

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4