«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2002-09-28 | #176, 2002-10-01 | #177, 2002-10-02


ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱ՞Ն

«Կալիֆոռնիա կուրիերի» հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը հաճախակի թղթակցում է «Ազգին»։ Նրա թղթակցությունները գերազանցապես վերաբերում են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական հնարավոր զարգացումներին։ Այդ առումով բացառություն չէր պարոն Սասունյանի «Առաջընթա՞ց կարգավորման բնագավառում, թե՞...» խորագրով մեր թերթի սեպտեմբերի 26-ի համարում հրապարակված հոդվածը։

Հոդվածում Սասունյանը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների նյույորքյան վերջին հանդիպումները նախ պայմանավորում է «Մ. Նահանգների կառավարության վրա լավ տպավորություն թողնելու» մտահոգությամբ։ Այնուհետեւ նա մտահոգության հետեւանք է համարում «ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտավորվածության մասին» նրանց հավաստիացումները, ապա նկատի ունենալով Թուրքիան, Ադրբեջանը եւ Հայաստանը, ավելացնում է. «Իրականությունը, սակայն, այն է, որ հակամարտող կողմերը անելանելի դրության են մատնված։ Այն էլ անհուսալիորեն»։

Նման մոտեցմամբ վերոհիշյալ մտահոգությունից բխող հավաստիացումները դառնում են դիվանագիտական խաղի դրսեւորում։ Այսպիսով, Սասունյանը կասկածի է ենթարկում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ հայկական իշխանությունների պատրաստակամության անկեղծությունը, Հայաստանը բերում-հավասարեցնում է անընդհատ ռազմատենչ հայտարարություններ անող Ադրբեջանին ու վերջինին քաջալերող Թուրքիային, ապա զարմանալիորեն թուրքական պետությանը դարձնում է հակամարտող կողմ, ինչին ամեն կերպ ձգտում են վերջինիս իշխանությունները։

Ոչ պակաս զարմանալի է նաեւ Սասունյանի «Մոտակա ընտրությունների շեմին Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ներկայումս ավելի են շահագրգռված իրենց ընտրողներին տպավորելու, քան ամերիկյան կառավարությանը հաճոյանալու» արտահայտությունը, որովհետեւ պետությունները, անկախ հզորության աստիճանից, ազգային արժանապատվության հարցում իրավահավասար են, իսկ հաճոյանալը հակասում է իրավահավասարության այդ սկզբունքին։ Սա մեկ։ Երկրորդըՙ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Հաճոյանալու մասին խոսելիս, կարծում ենք, նրան պետք է տարբերակել ԱՄՆ-ից տնտեսական, քաղաքական, ռազմական կախվածության մեջ գտնվող Թուրքիայից եւ ամերիկացիների ռազմական ներկայությունն Անդրկովկասում ամրապնդելու համար նրանց բազա տրամադրելու մոլուցքով տառապող Ադրբեջանից։

Հայաստանը ամերիկյան կառավարությանը հաճոյանալու խնդիր չունի։ Ինչ վերաբերում է Սասունյանին, ապա նա որքան էլ որ հաճոյանալը հայկական պետության ղեկավարներին վերագրելու պատճառներ ունենա, չի կարող դրա իրավունքն ունենալ։

Ինչպես երեւում է, իրավունքի հարցը Սասունյանին առանձնապես չի հուզում, որ Հայաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հավասարեցնելիս նա հավասարության նշան է դնում նաեւ երեք երկրների արտգործնախարարների միջեւ, թե նրանք «փոխադարձ մեղադրանքներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից»։

Սասունյանի վկայությամբ, Թուրքիայի արտգործնախարար Շյուքրու Սինա Գյուրելն իր սեպտեմբերի 13-ի ելույթում նշել է, որ Հայաստանը չի կատարում «զորքերը ադրբեջանական տարածքից անհապաղ դուրս բերելու» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները։ Հիրավի, սա մեղադրանք է։ Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը բացականչել է. «Հայաստանն ագրեսիվ ազգայնամոլության, ահաբեկչության եւ տարածքային պահանջատիրության գաղափարախոսությունը բարձրացրել է պետական քաղաքականության աստիճանի»։ Մեղադրանքներ են նաեւ Գուլիեւի խոսքերը։ Հակառակ դրանց, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի «պատմական, աշխարհագրական եւ այլ առումներով Ղարաբաղի բնակչությունը վաստակել է իր պապենական հողերի վրա խաղաղ ապրելու իրավունքի» մասին խոսքերը կամ նրա դիտարկումը, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, առավել եւս Հայոց ցեղասպանության մասին աշխարհին մեկ անգամ եւս հիշեցնելը մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունեն։

Օսկանյանը ոչ թե մեղադրել է, այլ պատասխանել է հանիրավի հնչած մեղադրանքներին։ Քանի որ Գուլիեւն իր ելույթում միաժամանակ սպառնացել էր Հայաստանին, թվում է, թե Սասունյանին պիտի հուզեին Հայաստանին հասցեագրված ադրբեջանական սպառնալիքները, որոնք հաճախ թուրքական սպառնալիքներով են համեմվում։ Մինչդեռ նա նախընտրում է տարակուսանք հայտնել ահա թե ինչի համար. «Ամբողջ աշխարհի առաջ նման բանակռվից հետո դժվար է պատկերացնել, թե ինչպես Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կկարողանան համոզել որեւէ մեկին, որ «առաջընթաց են արձանագրում» ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բնագավառում, եւ որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել մոտ ապագայում»։

Եթե հարաբերությունները չեն կարգավորվում, ապա դրա պատասխանատուն կարգավորման դիմաց Հայաստանին միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններ առաջադրող, նրան շրջափակման ենթարկող եւ նրա նկատմամբ ռազմական սպառնալիքին դիմող Թուրքիան է։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները հայտնի են ամբողջ աշխարհին, եւ աշխարհը գիտի, որ այդ հայտարարությունները վիժեցնում են ամեն մի առաջընթաց։

Ուրեմն Հայաստանը որեւէ մեկին համոզելու խնդիր էլ չունի։ Ի վերջո ժողովուրդներն անկախանում եւ անկախ պետականություն են ստեղծում երկրում բարեկեցիկ կյանք ապահովելու եւ ազգային խնդիրներին արժանապատիվ լուծում տալու, այլ ոչ թե ԱՄՆ-ին հաճոյանալու, պետություններին համոզելու եւ հատկապես Հայաստանի նկատմամբ ակնհայտ թշնամական քաղաքականություն վարող Թուրքիայի հետ հարաբերություններն ամեն գնով կարգավորելու համար։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4