«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2002-09-28 | #176, 2002-10-01 | #177, 2002-10-02


ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Մինչ 1995 թ. հայկական ճարտարապետությունը գերմանական արխիվներում թուրքական բաժնի տակ էր ներկայացվում։ Հետագայում Մարբուրգի համալսարանի պրոֆեսոր Համոնը հիմնադրեց միջնադարյան քրիստոնեական ճարտարապետությանը նվիրված ֆոտոլուսանկարների մեծ արխիվային հավաքածու, որի ֆոնդը հայ ուսանողների աջակցությամբ այժմ անցնում է տասը հազարից։ Այդ հավաքածուի հիման վրա գործում է հայկական բաժինը։ Գնահատելին թերեւս այն է, որ այս արխիվի նկատմամբ մեծ հետաքրքրություն են հանդես բերում ոչ միայն գերմանացի ճարտարապետներն ու լուսանկարիչները, այլեւ այլ երկրների մասնագետներ։ Ավելի ակտիվ են աշխատում Ալբերգ Լյուդվիգսի անվան համալսարանի արվեստաբանության ֆակուլտետի մասնագետներն ու ուսանողները։ Նրանք աշխատանքներին ձեռնամուխ են եղել ոչ միայն տեղում եղած ուսումնասիրություններով, այլեւ ուսանողական խմբերի աշխատանքային պրակտիկաները Հայաստանում անցկացնելով։ Այսպես, պետական արխիվի գիտաշխատողներ Յան Գլոսը, Պաուլո Հաագը, Վարդան Ալավերդյանը, Սոնա Հարությունյանը, Ուրսուլա Շուլցը, Արթուր Ասոյանը, ուրիշներ, համալսարանի պրոֆեսոր Շլինգ Վիլհելմնի ղեկավարությամբ արդեն մի քանի տարի այցելում են Հայաստան։ Գերմանացի նկարիչները եղել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի գրեթե բոլոր պատմաճարտարապետական հուշարձաններումՙ այս անգամ արդեն հայ-գերմանական մշակութային սերտ կապերի իրականացման միջոցով, համապատասխան ծրագրերով։

Գերմանիայի քաղաքներում կազմակերպվել են Հայաստանի ճարտարապետությունն ու մշակույթը ներկայացնող մի շարք ցուցահանդեսներ։

Այս պատվավոր գործում մեծ լումա ունի գեղանկարիչ, հայ-գերմանական ընկերության անդամ, փոխայցելությունների կազմակերպիչ Արթուր Ասոյանի ազգօգուտ աշխատանքն ու դերը։ Նրա ուղեկցությամբ գերմանացի մեր բարեկամներն այցելում են Հայաստանՙ ուսումնասիրություններ կատարելու։ Նրանցից մի քանիսն էլ տարիներ շարունակ այցելել են Տավուշի մարզ, ուսումնասիրել Մակարավանք, Դեղձուտ, Առաքելոց, Գոշ, Հաղարծին, Շխմուրադ, Վարագավանք վանքերն ու բազմաթիվ մատուռներ եւ հնավայրեր։ Արդյունքում Ժասմինե Դում Թրագութի 2001 թ. հրատարակած արժեքավոր աշխատությունն է, հարուստ ոչ միայն բարձրորակ լուսանկարներով, այլեւ արժեքավոր ուսումնասիրությամբ, որը մեծ տպաքանակով լույս է տեսել եւ կարճ ժամանակում սպառվել։ Այսօր հետագա աշխատության նյութերն են հավաքում։ Արթուր Ասոյանը նրանց շատ է օգնում նաեւ համապատասխան գրականությամբ ու Հայաստան տարածքի իր լավ իմացությամբ։ Ասոյան գեղանկարիչը հաճախ ցուցադրվում է Գերմանիայում, որի ընթացքում մեծ պատվախնդրությամբ, լեզվի գերազանց իմացությամբ ոչ միայն իր աշխատանքներն է ներկայացնում, այլեւ ուրիշ հայ նկարիչների։

Մի քանի օր է Մարբուրգի համալսարանի գիտաշխատողներ Պաուլո Հաագը եւ Էլիզաբեթ Քրայթնը Հայաստանում են։ Նրանք Արթուր Ասոյանի հետ այցելեցին Իջեւան, երկու օրով եղան Կիրանց եւ Սրվեղ վանքերում։

¬ Ես Հայաստանը լավ եմ պատկերացնում, քանի որ սա իմ հինգերորդ այցելությունն է։ Ինձ զարմացնում է ձեր ճարտարապետությունը... Եղել եմ նաեւ Արցախումՙ ուսանողներիս հետ, ամիսներով նրանց հետ գիտարշավի ենք եղել, կատարել ուսումնասիրություններ, վերադարձել մեծ ավարով, ուր կազմակերպել ենք ցուցահանդեսներ,¬ ասում է Պաուլո Հաագը։

Նա գերազանց գիտի նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքը, քանի որ եղել է Վան, Անի, Կարս եւ այլ քաղաքներումՙ հայկական հուշարձանների ուսումնասիրության նպատակով։ Հիմա էլ Անիի Մայր տաճարի 1000-ամյակին նվիրված նյութեր է հավաքում։

Հավատացած եմ, որ Պաուլո Հաագի ու Էլիզաբեթ Քրայթնի լուսանկարների նոր հավաքածուն (նրանք դեռ երկար կմնան Հայաստանում) էլ ավելի կհարստացնի Մարբուրգի պետական արխիվի հայկական ֆոնդը։

ԹԵԼՄԱՆ ՄԱՅԻԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4