Հայ նարդիստները մեծ ներուժ ունեն
Նարդին, այդ հնագույն խաղը, վաղուց ի վեր Հայաստանում ազատ ժամանցի կազմակերպման ամենատարածված ու մատչելի միջոցն է։ Դժվար թե գտնվի մեկը, որը թեկուզ մեկ անգամ իր ձեռքը չի վերցրել այդ խորհրդավոր զառերը, չի վայելել խաղի հաճույքը։ Սակայն գուցե ոչ բոլորին է հայտնի, որ նարդին որպես մարզաձեւ տարածված է աշխարհի ավելի քան 70 երկրներում, անց են կացվում աշխարհի առաջնություններ եւ օլիմպիադաներ, բազմաթիվ միջազգային մրցաշարեր, որոնց իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ հայ նարդիստները։ Մեր հյուրն է Հայաստանում նարդու միջազգային ասոցիացիայի նախագահ, ՀՀ չեմպիոն ու մրցանակակիր, կարճ եւ երկար խաղաձեւերում Հայաստանի այս տարվա գավաթակիր, Վենետիկի թիմային մրցաշարի հաղթող Համբարձում Աթոյանը։
¬ Պարոն Աթոյան, նախ կխնդրեի տեղեկացնել, թե նարդին որպես մարզաձեւ երբվանի՞ց է արմատավորվել Հայաստանում։
¬ Նախ նշեմ, որ միջազգային նարդին իր կանոններով զգալիորեն տարբերվում է բոլորիս սիրած խաղաձեւից։ Կարճ խաղաձեւըՙ «դավին», ՀՀ-ում որպես մարզաձեւ ձեւավորվեց 1991 թ. Վլադիմիր Պառավյանի ջանքերով, որի գլխավորությամբ հիմնադրվեց նարդու ազգային ֆեդերացիա, որը նույն տարում դարձավ մարզաձեւի միջազգային ասոցիացիայի անդամ։ 1991 թ.-ից անցկացվում են նարդու Հայաստանի առաջնություն եւ գավաթի խաղարկություն, տարբեր մրցաշարեր։ Վլադիմիր Պառավյանից հետո ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվեց մեր բոլորի կողմից սիրված ու հարգված Սմբատ Տոնոյանը, որի օրոք շատ աշխույժ մթնոլորտ տիրեց նարդու ասպարեզում։ Շուրջ մեկ տարի ֆեդերացիան գլխավորում է Արաբկիր համայնքի թաղապետ Ֆելիքս Յայլոյանը, փոխնախագահն է Մկրտիչ Հովհաննիսյանը, որը դեռեւս մարզաձեւի հիմնադրման օրից կազմակերպչական մեծ ծավալի աշխատանք է կատարում, ինչի համար բոլորս երախտապարտ ենք նրան։
¬ Փաստորեն, արդեն 10 տարի նարդին, որպես մարզաձեւ, տարածված է Հայաստանում։ Այդ ընթացքում ինչպիսի՞ն են հայ նարդիստների ձեռքբերումները հատկապես միջազգային ասպարեզում։
¬ Հայ նարդիստների նորամուտը միջազգային ասպարեզում կայացել է 1992 թ. Վենետիկի օլիմպիադայում, իսկ 2 տարի անց մասնակցել ենք Մոնտե Կառլոյում անցկացված աշխարհի առաջնությանը։ Անցած 10 տարիներին մասնակցել ենք միջազգային մի շարք մրցաշարերի։ Ճիշտ է, առայժմ չի հաջողվել դառնալ աշխարհի չեմպիոն, բայց տարբեր կարգի մրցաշարերից հայ նարդիստները միշտ էլ վերադարձել են մրցանակներով։ Պարզապես մեր ֆինանսական հնարավորությունները սուղ են, ուստի շատ քիչ թվով մրցաշարերի ենք կարողանում մասնակցել։ Կան 4¬5 նարդիստներ, ովքեր կայուն արդյունքներ են ցույց տալիս, պարզապես պետք է շատ մրցաշարերի մասնակցելու հնարավորություն ստեղծել։ Այս տարի Հայաստանի թիմը, որի կազմում էին Կոլյա Մոսոյանը, Սամվել Ղահրամանյանը եւ Խաչիկ Մելիքյանը, դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող։ Այնպես որ, մեր նարդիստները մեծ ներուժ ունեն։
¬ Համեստորեն լռեցիք ձեր նվաճումների մասին։ Կխնդրեի ներկայացնել դրանք։
¬ 1992 թ. Վենետիկի օլիմպիադայում մասնակցելով միջին կատեգորիայի մրցումներում, «վերջին շանս» մրցաշարում հասել եմ եզրափակիչ, 1994 թ. աշխարհի առաջնությունում միջին կատեգորիայի մրցաշարում ընդգրկվել եմ 16 լավագույնների շարքում։ Մի քանի բարձր կարգի մրցաշարերում դարձել եմ հաղթող եւ մրցանակակիր։ 1995 թ. կարճ խաղաձեւում դարձել եմ Հայաստանի չեմպիոն, երկար խաղաձեւումՙ 3-րդ մրցանակակիր, 2000 թ.ՙ Վենետիկի թիմային բարձր կարգի մրցաշարի հաղթող, իսկ բոլորովին վերջերս էլ կրկնակի հաջողության հասա ՀՀ գավաթի խաղարկությունումՙ հաղթող ճանաչվելով թե կարճ, թե երկար խաղաձեւերում։
¬ Որքան ինձ հայտնի է, նարդու մրցաշարերը կոմերցիոն բնույթ են կրում։ Կարողանո՞ւմ եք ֆինանսներ հայթայթել մրցաշարերի մասնակցության համար։
¬ Ընդհանրապես ողջ աշխարհում նարդու բոլոր մրցաշարերը կոմերցիոն բնույթ են կրում։ Յուրաքանչյուր մասնակից իր միջոցներով է մասնակցումՙ հոգալով եւ ճանապարհածախսը, եւ սննդի ու գիշերելու հետ կապված բոլոր ծախսերը։ Բոլոր մրցաշարերը բաժանվում են 3 կատեգորիայիՙ չեմպիոնների, միջակների եւ սկսնակների։ Աշխարհի չեմպիոն է համարվում չեմպիոնների կատեգորիայում առաջին տեղը գրաված նարդիստը։ Այստեղ մուտքավճարը 1100 դոլար է, միջակների մրցաշարումՙ 500 դոլար, սկսնակներինըՙ 300 դոլար։ Մյուս բոլոր բարձր կարգի մրցաշարերի մուտքավճարը տատանվում է 800¬1000 դոլարի սահմաններում։ Հենց մուտքավճարներից էլ գոյանում է մրցաշարերի մրցանակային հիմնադրամը, որը տոկոսային հարաբերությամբ բաշխվում է 1¬4-րդ տեղերը գրաված մարզիկների միջեւ։ Այստեղ ամեն ինչ վճռում են ֆինանսական միջոցները։ Անկախ մարզիկի կարգից, վարպետությունից, ֆինանսների առկայության դեպքում կարող ես մասնակցել ամենաբարձր կարգի մրցաշարերի։ Հայաստանի առաջնություններում մուտքավճարը կարճ խաղաձեւում 3000 դրամ է, երկար խաղաձեւումՙ 2000։ Ինչ վերաբերում է գումարների հայթայթմանը, ապա այս հարցում մեծ դժվարությունների ենք հանդիպում։ Միշտ չէ, որ հաջողվում է հովանավորներ գտնել։ Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Աղվան Գրիգորյանին, որը խոստացել է ապահովել իմ մասնակցությունը հոկտեմբերի 19¬24-ը Ռումինիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը։
¬ Նարդում ե՞ւս վարկանիշ գոյություն ունի, նարդիստներին կոչումներ շնորհվո՞ւմ են։
¬ Այո։ Կանոնակարգի համաձայն, աշխարհի չեմպիոններին գրոսմայստերի կոչում է շնորհվում։ Մեր նարդիստներից 8¬10 հոգի մոտ ժամանակներս վարպետի կոչման կարժանանան։
¬ Իսկ այսօր աշխարհում ո՞ր երկրների ներկայացուցիչներն են ուժեղագույնները համարվում։
¬ Նարդու պատմության մեջ առայժմ 2 նարդիստիՙ ամերիկացի Ուիլյամ Ռոբերտսին եւ գերմանացի մի մարզիկի (ազգանունը չեմ հիշում) է հաջողվել աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալ։ Նշեմ, որ աշխարհի առաջնությունները 1976 թ.-ից անցկացվում են Մոնտե Կառլոյում եւ, համաձայն ֆեդերացիայի հետ կնքած պայմանագրի, 50 տարի այդ քաղաքում են անցկացվելու։ Դժվար է ասել, թե ո՞ր ազգերի նարդիստներն են ուժեղագույնները։ Եթե մենք տարվա ընթացքում կարողանում ենք ընդամենը մի քանի միջազգային մրցաշարի մասնակցել, ապա, օրինակ, Գերմանիայում շաբաթը մեկ բարձր կարգի մրցաշարեր են անցկացվում, որոնց մեծ թվով նարդիստներ են մասնակցում տարբեր երկրներից։ Բնականաբար, որքան շատ են մասնակցում, այնքան ավելի մեծ է հավանականությունը մրցանակակիր դառնալու։
¬ Ինչպիսի՞ն է օլիմպիական մարզաձեւ դառնալու նարդու հեռանկարը։
¬ Վենետիկում օլիմպիադայի կազմակերպիչ Դարի Թոփոլին է համագործակցում նարդու միջազգային ֆեդերացիայի հետ, եւ նա է այդ հարցերով զբաղվում։ Իմ կարծիքով, դեռ վաղ է այդ հարցը քննարկելը։
¬ Մարզաձեւը Հայաստանում մասսայականացնելու եւ զարգացնելու նպատակով ի՞նչ աշխատանքներ են տարվում։
¬ Անցած 10 տարվա ընթացքում իրոք մարզաձեւը Հայաստանում հետզհետե ավելի մեծ մասսայականություն է վայելում, ստվարացել են նարդիստների շարքերը, ՀՀ առաջնություններին մասնակցում են նաեւ մարզերի ներկայացուցիչները։ Կարծում եմ, շատերը ցանկություն ունեն ծանոթանալու միջազգային նարդու կանոններին, հմտանալու խաղի մեջ։ Այդ հարցում բարդություն չկա, կարելի է մեկ-երկու օրում սովորել, հետագայում կատարելագործել խաղը։ Ցանկացած անձ կարող է հաճախել Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող նարդու ազգային ֆեդերացիայի ակումբ, որտեղ մենք սիրով նրան կծանոթացնենք խաղի կանոններին։ Ի դեպ, հենց այդ նորակառույց ակումբում այս տարվա սեպտեմբերի 7¬8-ն անցկացվեց նարդու ՀՀ գավաթի խաղարկությունը, որտեղ ես կրկնակի հաջողության հասա։ Կարճ խաղաձեւում մրցանակակիրներ դարձան Գուրգեն Մխիթարյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանը, երկարումՙ Նշան Թորոսյանն ու Վլադիկ Առաքելյանը։ Նարդու սիրահարներին հայտնեմ, որ ԱԼՄ հեռուստաընկերությամբ ծրագրել ենք միջազգային նարդու դասընթացներ կազմակերպել, ինչը կնպաստի մեր հանրապետությունում մարզաձեւի հետագա զարգացմանը։ Այնպես որ, հայ նարդիստները դեռ իրենց ծանրակշիռ խոսքը կասեն միջազգային ասպարեզներում։
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ