«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2002-10-01 | #177, 2002-10-02 | #178, 2002-10-03


ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԵՌԱԿԱ ԱՆԴԱ՞Մ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Օրերս պաշտոնական Բաքուն մի զարմանալի անակնկալ մատուցեց։ Հեյդար Ալիեւը բացբերանություն էր արել եւ իր երկրի լրագրողներին տեղյակ էր պահել, որ օգոստոսին Սադարակում Ռոբերտ Քոչարյանի հետ իր ունեցած վերջին հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահին առաջարկել է հայկական ուժերը գրավված չորս շրջաններից դուրս բերելու դիմաց բացել Բաքու-Նախիջեւան-Երեւան երկաթգիծը, որին Քոչարյանը պատասխանել է, թե «այդ երկաթգիծը մեզ պետք չէ»։ Եթե Քոչարյանն Ալիեւի առաջարկը հենց ա՛յդ բառերով է մերժել (իսկ տվյալ դեպքում Ալիեւին չհավատալու հիմքեր մենք չունենք, եւ դա ակնհայտորեն հենց այդպես էլ նրան ասվել է), ապա Քոչարյանն ուղղակի շշպռել է Ադրբեջանի նախագահին։ Այդ դեպքում ինչո՞վ բացատրել, որ Ալիեւը Քոչարյանի մերժումն իր երկրի հասարակական կարծիքի սեփականությունն է դարձրել այդքան բառացիորենՙ անգամ չփորձելով մեղմացնել իր կերած այդ նվաստացուցիչ շշպռոցի տպավորությունը։ Հարցը երկու պատասխան կարող է ունենալՙ կա՛մ Ալիեւն այնքան է զառամել, որ լեզվի կապերի հետ նաեւ անձնական արժանապատվության զգացումն է թուլացել, կա՛մ նա այս կերպ փորձել է ցույց տալ, թե իր համար որքա՜ն դժվար զրուցակից է Հայաստանի նախագահը։ Երկրորդ դեպքում Ալիեւը, ինքն էլ այդ չհասկանալով, ակամա դարձել է Քոչարյանի նախընտրական շտաբի հեռակա անդամՙ հայ հասարակական կարծիքի առաջ Ռոբերտ Քոչարյանին չափազանց դրական լույսի տակ ներկայացնող պրոպագանդիստ։

Որովհետեւ, նախ, Քոչարյանի այդ պատասխանը խիստ բարձրացնում է նրա վարկանիշը հայ ընտրողների աչքում, վկայելով, որ Հայաստանի նախագահն Ալիեւի հետ բանակցությունները վարում է կոշտ դիրքերիցՙ իբրեւ հաղթո՛ղ, պայմաններ թելադրո՛ղ, ո՛չ թե խաղաղություն մուրացող։ Երկրորդՙ ապացուցում է, որ Քոչարյանը հաստա՛տ կանգնած է արցախյան հիմնահարցի փաթեթային լուծման սկզբունքի վրա եւ ամենեւին չի պատրաստվում վերադառնալ փուլային տարբերակին։ Քոչարյանի նման կեցվածքն ապացուցում է, որ, այսպես ասենք, մեջքը պինդ է, եւ երկրորդՙ Քոչարյանը հստակ գիտակցում է, որ երկաթուղին բացելու դիմաց չորս շրջան վերադարձնելն առնվազն ինքնախաբեություն կլիներ։ Քանզի երկաթուղին երբ ուզենան նորից կփակեն, իսկ եթե մինչ այդ գրավված տարածքները կամ թեկուզեւ դրանց մի մասը վերադարձված լինեն, ապա հազիվ թե դրանք կրկին գրավելու պատեհություն ստեղծվի։ Այսինքնՙ Հայաստանի նախագահը մի անգամ եւս սառը ջուր է լցրել բանակցությունների սեղանի շուրջ իրեն խաբելու Ալիեւի հույսերի գլխին։ Բայց այս ամբողջ պատմության մեջ ամենաուշագրավն այն էր, որ Հայաստանի նախագահը հարկ չհամարեց անձամբ մեկնաբանել Ալիեւի բացբերանության հետեւանքով բանակցությունների գաղտնիությունը պահպանելու պայմանավորվածության խախտումըՙ դա թողնելով իր մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանին։ Վերջինս երեքշաբթի պարզաբանեց, որ Բաքու-Նախիջեւան-Երեւան երկաթգիծը բացելու դիմաց չորս շրջան վերադարձնելու Հեյդար Ալիեւի առաջարկությանը շատ հպանցիկ անդրադարձ է կատարվել, երկրորդՙ Հայաստանի նախագահը մի՛շտ էլ կողմ է եղել երկաթուղու բացմանը, սակայն առանց որեւէ նախապայմանի, ինչը եւ կրկին շեշտել է Սադարակում։ Վահե Գաբրիելյանի պարզաբանումներից կարելի է եզրակացնել, որ Ալիեւի առաջարկությանը Քոչարյանը կարեւորություն չի տվել եւ հստակորեն հասկացրել է, որ դա լուրջ չի ընդունումՙ շա՛տ ավելի հրատապ համարելով հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված քայլերը, որոնցից մեկն էլ հենց առանց նախապայմանների հիշյալ երկաթուղու բացումը կլիներ, եթե Ադրբեջանն իսկապես այդպիսի բարի կամք դրսեւորելու մտադրություն ունենար։ Ամբողջ ցավն այն է, որ ադրբեջանական կողմն իր հանդեպ մեր վստահության վերականգնման որեւէ հիմք չի տալիս, հոխորտում է, մանեւրում, փորձում է խորամանկությամբ գերազանցել եւ այլն, եւ այլն։ Բան դուրս չի գա, խոփը քարին է առել, եւ վաղ թե ուշ այս ճշմարտությունը պիտի հասկանալի լինի ոչ միայն եւ ոչ այնքան Ալիեւին, որքան Բաքվի մյուս պնդաճակատներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4