«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2002-10-01 | #177, 2002-10-02 | #178, 2002-10-03


ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՄԱՆ «ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ»

ԹԲԻԼԻՍԻ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին չորեքշաբթի «Փրայմ նյուսին» տված բացառիկ հարցազրույցում հրապարակել է Վրաստանը մի քանի մասերի բաժանելու գաղտնի պլանը, որի մասին, հնարավոր է, գիտի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ Ժիրինովսկու, այդ պլանը մշակել են մի խումբ վերլուծաբաններ, հիմնականում ռուսական հատուկ ծառայություններից, եւ ենթադրում է Վրաստանի բաժանում Աբխազիայի, Մենգրելիայի, Աջարիայի, Օսիայի, Մեսխեթիայիՙ վերադարձնելով թուրք-մեսխեթցիներին, Պանկիսի կիրճում Իչկերիայի Հանրապետության ստեղծում, Գարդաբանի-Մառնեուլի շրջանումՙ «Նոր Ադրբեջան», Սամցխե-Ջավախքի հանձնում Հայաստանին։ Կենտրոնական կառավարության իրավասության տակ իբրեւ Թբիլիսիի տարածքային օկրուգ մնում են Թբիլիսին եւ Քութայիսն, ընդ որում օկրուգի ղեկավար նշանակվում է Ռուսաստանի նախագահի հրամանագրով,- ասել է Ժիրինովսկին։ Փոթիի ազատ նավահանգիստը վերահսկում է Իչկերիան, որը ստանում է ելք դեպի ծով, հայտարարել է նա։ Ըստ նրա, Ջավախքը ելք է ստանում դեպի Բաթում, «որպեսզի հայերը դեպի ծով ելք ունենան»։

«Սա է Վրաստանի ապագան, եւ Էդուարդ Շեւարդնաձեն պետք է անհապաղ մեկնի Մոսկվա եւ ստորագրի այդ պլանը»,- ասել է նա։ Ժիրինովսկին «կարծում է, որ Պուտինը գիտի» այդ պլանի մասին, բայց հազիվ թե կասի այդ մասին Շեւարդնաձեին հոկտեմբերի 7-ինՙ իր ծննդյան օրը, երբ ԱՊՀ գագաթաժողովում հանդիպի Վրաստանի նախագահի հետ։

Ժիրինովսկին ասել է, որ այդ պլանով ռուս զինվորականները մնում են Վրաստանում եւ ստեղծում եւս մի քանի բազաներ։ Բաթումում վերականգնվում է հզոր դիվիզիան, Գուդաուտա է վերադառնում հզոր բազան, բազաներ են ստեղծվում Ցխինվալումՙ անկախ Օսիայի տարածքում, Զուգդիդում, Գարդաբանի-Մառնեուլում, հայտարարել է նա։ «Բոլոր նոր պետությունները նախկին Վրաստանի տարածքում կլինեն ռուսական զորքերի վերահսկողության տակ»,- ասել է նա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4