ԲՐՅՈՒՍԵԼ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Բրյուսելում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած Հարավային Կովկասի հանրապետությունների ու Եվրամիության համագործակցության խնդիրներին նվիրված ասուլիսի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենաղարաշվիլին հաստատել է, որ Վրաստանը հակաօդային պաշտպանության հրթիռներ է գնելու Ուկրաինայից։ «Մենք խփելու ենք բոլոր ինքնաթիռները, որոնք կներխուժեն Վրաստանի օդային տարածք։ Ես ուզում եմ հանգստացնել Ռուսաստանին։ Մենք դեռ չենք ստացել հրթիռները։ Մենք այս պահին միայն ծրագրում ենք դրանց գնումը, սակայն պատրաստ ենք խփել օտար ինքնաթիռները, որտեղից էլ դրանք գանՙ Ռուսաստանից, թե այլ մոլորակներից։ Հուսով եմ, որ իմ այս հայտարարությունը ոչ մեկին չի ստիպի նոր ռմբահարման ենթարկել Վրաստանի տարածքը», ասել է Մենաղարաշվիլին։