«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2002-10-01 | #177, 2002-10-02 | #178, 2002-10-03


ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ ԿԱՆ

ԱԽԱԼՔԱԼԱՔ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրացական իշխանությունները երեկ հերքել են Ա-ԻՆՖՈ-ի նույն օրը հաղորդած այն լրատվությունը, թե Պանկիսի կիրճից չեչեն գրոհայինները սկսել են շարժվել դեպի Սամցխե-Ջավախքի նահանգը։ Վրացական Փրայմ նյուս լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլին, հերքելով չեչենների Թուրքիա անցնելու հավանականության մասին տեղեկատվությունը, հայտնել է, թե նման բան բացառված է, քանզի շրջանում տեղակայված վրացական սահմանապահ ուժերը լավ են գործում, եւ զինված խմբերի տեղաշարժ չի նկատվել։ Թ. Մոսիաշվիլին նաեւ ավելացրել է, որ, նկատի ունենալով Սամցխե-Ջավախքի հայության դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, նրանք երբեք ապաստան չեն տա չեչեններին եւ չեն օգնի նրանց անցնելու Թուրքիա։ Լուրը հերքել է նաեւ Վրաստանի ազգային անվտանգության նախարարության խոսնակը։

Այդուամենայնիվ, Ա-ԻՆՖՈ-ն պնդել է վստահելի աղբյուրից քաղած իր տեղեկատվությունը, նշելով, որ չեչեն գրոհայիններ կան Բակուրիանիում, Աբասթումանում, Ախալցխայում, Վարձիայի ձորում, այսինքնՙ Սամցխե-Ջավախք նահանգի զուտ վրացաբնակ կամ առավելապես վրացաբնակ շրջաններում։ Հետեւաբար, խոսքը կարող է գնալ վրացաբնակ շրջաններից չեչենների դեպի Թուրքիա անցնելու հավանականության մասին եւ ոչ Ջավախքի հայաբնակ շրջաններից։ Գործակալությունը չի պնդել, թե չեչեններն արդեն անցել են վրացա-թրքական սահմանը, այլ հաղորդել է, որ Ախալցխա է ժամանել նաեւ չեչենական դաշտային հրամանատար Գելաեւը եւ հանդիպում է ունեցել տեղի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ։ Կարծիք կա, որ այստեղ ճշտվում են գրոհայինների Թուրքիա անցնելու հնարավորությունները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4