ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի մարզի դատախազությունը հայ գործարար Գագիկ Բղդոյանին չի կասկածում «Լուկօյլ»-ի առաջին փոխնախագահ Սերգեյ Կուկուրայի առեւանգմանը մեղսակցության մեջ։ Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի մարզի դատախազության հետաքննչական վարչության պետ Անդրեյ Մարկովը։ «Հետաքննությունն ապացույցներ չունի, որ Գագիկ Բղդոյանը կարող էր մասնակցել ռուսաստանյան խոշորագույն նավթընկերության փոխնախագահի առեւանգմանը», ասել է նա։
Ավելի վաղ Մոսկվայի մարզի ներքին գործերի վարչության պետի առաջին տեղակալ Գենադի Դեյնեկոն հայտարարել է, որ իրենք ապացույցներ ունեն Կուկուրայի առեւանգմանը Բղդոյանի մեղսակցության մասին։ «Հետաքննության եզրակացությունները հիմնված են ստացված տեղեկատվության վրա, սխալ լինել չի կարող»,- ընդգծել է նա։
Սակայն Անդրեյ Մարկովը հայտնել է, որ սեփական նախաձեռնությամբ դատախազություն եկած Գագիկ Բղդոյանը պատասխանել է հետաքննությանը հետաքրքրող բոլոր հարցերին եւ «անարգել հեռացել մարզային դատախազության շենքից»։ Նա նաեւ ասել է, որ վարչությունում տեղեկատվություն չկա այն մասին, որ Բղդոյանի դաշնային հետախուզում է հայտարարված եղել 2000 թվականին Մոսկվայի մի բնակչի առեւանգման կասկածանքով։