Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը Արարատի մարզում բավականին ազդեցիկ քաղաքական ուժ է դարձել։ Դրա վկայությունն են այստեղ բավականին հաճախակի բացվող սկզբնական կազմակերպություններըՙ ակումբները։ Իսկ համակիրներն ու տարբեր ակումբներում անդամագրված նորագիրները կարողանում են մեծ աշխատանք տանել քաղաքական-տնտեսական հարցերը բարձրացնելու եւ դրանք լուծելու ճանապարհներ ցույց տալու համար։
Վերին Դվին գյուղի հիմնահարցերը լուծելու ճանապարհները գտնելու համար այստեղ էին հավաքվել ոչ միայն այս, այլեւ հարեւանՙ Ներքին Դվին եւ Հնաբերդ գյուղերի բնակիչներ։ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը եւ Հանրապետական վարչության գործիչ Կարեն Կակոյանը զրուցեցին գյուղացիների հետ, ցույց տվեցին այն ճանապարհները, որոնցով կարելի է հասնել հաջողությունների։ ՀՌԱԿ փոխատենապետի կարծիքով, այդպիսի ճանապարհ կարող է լինել ակտիվ մասնակցությունն ընտրություններին։ Հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք կայանալու են մոտ ժամանակներս։ 2658 բնակիչ եւ 726 տնտեսություն ունեցող Վերին Դվին գյուղում սոցիալական որոշ հարցեր արդեն լուծվում են։ Գյուղապետ Լեւոն Յուխանովի եւ ՀՌԱԿ «Վերին Դվին» ակումբի ատենապետ Էդիկ Իոնանովի ջանքերով կազմակերպվել են գյուղի գազիֆիկացման աշխատանքները։ Փորձում են լուծել մյուս դժվարությունները։ Դա է պատճառը, որ ՀՌԱԿ նորագիրների թիվն Արարատի մարզի այս 3 գյուղերում ավելացավ եւս 20-ով։ Դա հույս է տալիս մտածելու, որ քաղաքական ակտիվությունը մարզում բավականին բարձր է, եւ արդարացի ընտրություններ են լինելու։
Ս. Մ.