Ընտրացուցակների անճշտությունները կբողոքարկվեն նաեւ ընտրության օրը
ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի այն մասը, որով ընտրություններից երկու օր առաջ ընտրացուցակներում փոփոխությունը (ընդհուպ դատական կարգը) արգելվում էր, այսուհետեւ իրավաբանական ուժ չունի։ Սա է արձանագրել Սահմանադրական դատարանի օրերս կայացրած որոշումը։ Այս մասին երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը։ Նրա խոսքով, սահմանադրությանը հակասող կետը ուժը կորցրած ճանաչվեց Եվրախորհրդի մոնիտորինգի խմբի Հայաստան կատարած այցի արդյունքում, երբ ընտրական օրենսգրքի այդ հատվածը քննադատաբար էր ընդունվել նրանց կողմիցՙ համարվելով մարդու իրավունքների խախտում։
Այսուհետեւ քաղաքացին հնարավորություն ունի պաշտպանել ընտրելու իր իրավունքն ինչպես ընտրության օրը, այնպես էլ դրանից երկու օր առաջ։ Սա, ըստ Արտակ Սահրադյանի, թույլ կտա հնարավորինս նվազեցնել ընտրացուցակների հետ կապված անճշտությունները։ ԿԸՀ նախագահի խոսքով, առայժմ ընտրացուցակների առումով խնդիրներ չկան։
Արտակ Սահրադյանը գալիք տեղական ինքնակառավարման մարմինների, այսուհետեւ հանրապետական ընտրություններին դժվարին խնդիր է համարում կապի հարցը, կան համայնքներ, որտեղ նույնիսկ մեկ հեռախոս չկա։ Այս հարցով «Արմենտելի» ղեկավարությանը եւ կառավարությանն ուղղված դիմումներն առայժմ ապարդյուն են, խնդրի լուծման համար առնվազն մեկ տարի է անհրաժեշտ։
ԿԸՀ երեկվա նիստի օրակարգում եւս մեկ հարց կար։ Հանձնաժողովը որոշում է կայացրել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով ընտրված պատգամավոր Գեղամ Գասպարյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասինՙ ԱԺ Վերահսկիչ պալատի փոխնախագահ նշանակվելու պատճառով։ ԿԸՀ որոշմամբ, ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը մեկշաբաթյա ժամկետում կտրվի կուսակցության ընտրացուցակի հաջորդ թեկնածուինՙ Մհեր Շահգելդյանին։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ