«Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը շարունակվում է արտառոց վայրիվերումներովՙ պահպանելով շաբաթը 3 անգամ կես օր աշխատելու գրաֆիկը։
Նախ դատավոր Սամվել Ուզունյանը ներկայացրեց Վռամ Գալստյանի պաշտպանին։ Վերջինս ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանի նախկին պաշտպան Արարատ Բագրատունին է, որից ամբաստանյալը հրաժարվել էր։ Վռամ Գալստյանը չառարկեց, սակայն առարկությամբ հանդես եկավ Նաիրի Հունանյանը։ Ըստ ավագ Հունանյանի, Արարատ Բագրատունին նախաքննության ընթացքում մասնակցել է Դերենիկ Բեջանյանից բռնությամբ ցուցմունքներ կորզելուն։ Նաիրի Հունանյանը նշեց, որ իբր պաշտպանի եւ քննիչների միջեւ որոշակի պայմանավորվածություն է եղել։
Հիմնավորված համարելով իր առարկության առաջին մասըՙ Նաիրի Հունանյանն ավելացրեց եւս մեկը։ Ըստ նրա, առարկելու մեկ հիմք էլ ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանի Արարատ Բագրատունուց հրաժարվելն է։
Դատարանը, սակայն, գտավ, որ Դերենիկ Բեջանյանի եւ Վռամ Գալստյանի պաշտպանության միջեւ որեւէ հակասություն չկա։
Երեկ դատարան էր ներկայացել տուժող, ԱԺ պատգամավոր Արամ Հովհաննիսյանը։ Վերջինիս ցուցմունքից հետաքրքրական էր, որ ԱԺ նիստերի դահլիճ ներխուժելուց հետո Կարեն Հունանյանը նախ վերեւ է կրակել, ապա նորՙ առաջին շարքի ուղղությամբ։
Ըստ տուժողի, լրագրողների դուրս գնալու ժամանակ այդ մասից ինքը կրակոցներ է լսել, շրջվել եւ տեսել է մեկին, որը կրակել է նախագահության ուղղությամբՙ ահաբեկիչների վրա։ Պրն Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ այդ անձնավորության արտաքին որեւէ հատկանիշ չի տպավորվել իր համար։
Տուժողի հարցաքննության ավարտից հետո Նաիրի Հունանյանը հանդես եկավ ճառով։ Նախ նա նշեց, որ քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում ինքը ցանկանում է առաջադրել իր թեկնածությունը 2003 թ.-ի նախագահական ընտրություններին։ Այս նպատակով էլ Հունանյանը միջնորդեց դատարանին հորՙ Հրաչիկ Հունանյանի հետ տեսակցություն ունենալու եւ վերջինիս լիազորագիր հանձնելու համար։
Հետո Հունանյանն սկսեց ապացուցել իրՙ նման քայլ կատարելու օրինականությունը։ (Դե, հասանելի փառքն էլ մեր օրենսդրությանը, որ ամեն տեսակ անգրագետ, քրեական աշխարհի մեծ ու փոքր ներկայացուցիչ կարող է ինչի ասես մասնակցել)։
Դատարանն անարձագանք թողեց ավագ Հունանյանի ցնդաբանությունը։
Պատահածը եւս մեկ անգամ փաստում է, որ Հունանյանը (ե՛ւ ոչ միայն ավագը) բժշկական օգնության կարիք ունի։ Հակառակ դեպքում արդեն բժշկական միջամտության կարիք կունենանք մենք բոլորս, եթե Նաիրի Հունանյանի պես մեկը կարող է թեկուզ մեկ ձայն ստանալու հույս ունենալ։ Էլ չասենք, որ կարող է նույնիսկ խեղճ երկիրս կառավարելու նպատակ դնել։
Աստված մի արասցե։
Ա. Հ.